19 Փետրվար, Կիր Բուն Բարեկենդան

Բարեկենդանը պահքի սկիզբն է, իսկ Բուն բարեկենդանը՝ Մեծ պահքի սկիզբը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում: Իսկ Բուն բարեկենդան նշանակում է ամենամեծ բարեկենդան, որին հաջորդում է Մեծ պահքը, որն ամենաերկարն ու տևականն է:

Բուն բարեկենդանը Մեծ պահքի յոթ կիրակիներից առաջինն է: Այն մեզ հիշեցնում է մարդկային առաջին երջանկությունը: Այս օրը նվիրված է դրախտի հիշատակին, որի փափկության մեջ նախածնողները՝ Ադամն ու Եվան, ապրում էին անմեղ ու երջանիկ կյանքով մինչև դրախտից վտարումը: Առաջին մարդը դրախտում Տիրոջից պատվիրան ստացավ. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք» (Ծննդոց 2:16-17): Ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը դրախտի մեջտեղումն է, խորհրդանշում է պահքը:

Դրախտային կյանքը Ադամի ու Եվայի համար երանական կյանք էր, բարի կենդանություն՝ Աստծո ներկայությամբ: Չկար ոչինչ, որ տրտմեցներ մարդուն, ընդհակառակը, նա ապրում էր անսպառ երկնային հավիտենական ուրախության մեջ, քանի որ վայելում էր Աստծո անմիջական ներկայությունը: Սակայն մարդը, մեղանչելով, կորցրեց այն բարի կենդանությունը, որը վայելում էր դրախտում: Նա սկսեց ապրել մարմնական կյանքով:

Բուն բարեկենդանը մարդուն հիշեցնում է իր երջանիկ վիճակը, իսկ Մեծ պահքը՝ խորհել տալիս, թե ինչպե՞ս է կորցրել այն և մատնանշում դրան վերադառնալու միջոցն ու ճանապարհը:

Բարեկենդանի օրը, բնականաբար, չենք կարող այն անցկացնել այնպես, ինչպես նախամարդը դրախտում: Մարդը չի կարողանում իր ուրախությունը դրսևորել միայն հոգեպես, այլ հաճախ հոգևորին շաղկապում է մարմնականը, նյութականը, այդ պատճառով աշխարհը մեր հոգևոր այս ուրախությանը միախառնում է սեղանների ճոխություն ու վայելքներ, իսկ այդ շռայլությանը որպես հակակշիռ՝ Եկեղեցին հորդորում է չափավորություն:

Երբեմն մարդիկ Մեծ պահքից առաջ Բուն բարեկենդանին, հաշվի առնելով պահքի երկարաձգվող շրջանը, ճոխ սեղանները զարդարում են չափից ավելի կերակուրների բազմազանությամբ, որի արդյունքը բնավ հաճելի լինել չի կարող: «Որդյա՛կ, եթե մեղր գտնես, չափո՛վ կեր. չլինի թե հագենաս և փսխես» (Առակներ 25:16):

Սողոմոն իմաստունը մեղրի մասին է խոսում, բայց մենք պետք է ընդհանրացնենք, քանի որ ամեն ինչի մեջ չափն է գովելի, և անչափը՝ պարսավելի: Եթե ցանկանում ենք իրոք ուրախ լինել բարեկենդանի օրը, պետք է խուսափենք ծայրահեղություններից և ընտրենք ոսկե միջինը:

Բուն բարեկենդանի շարականները պատմում և նկարագրում են նախածնողների դրախտային փափուկ կյանքը, այն գոհունակ և զվարթ հոգեվիճակը, որ վայելում էին դրախտում Ադամն ու Եվան: Այս շարականների առանցքը «դրախտի փափկությունը», «դրախտի զվարճությունը» և Ադամի երջանիկ վիճակն է կազմում: Հիշատակվում է նաև Քրիստոսը որպես երկրորդ Ադամ, որ Իր միջոցով մարդկանց արժանի դարձրեց «դրախտի փափկության»: Բուն բարեկենդանի շարականները «զվարճության», «ուրախության» և «դրախտի երջանկության» մասին են խոսում:

Բուն բարեկենդանի նախորդ շաբաթ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում փակվում են բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, որոնք բացվում են Սբ. Զատկի ճրագալույցի Պատարագին: Մեծ պահքի ընթացքում վարագույրը բացվում է միայն Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի՝ ոտնլվայի արարողությանը, Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ, Սբ. Մարիամ Աստվածածնի ավետման, Տեառընդառաջի տոներին, եթե դրանք հանդիպում են Մեծ պահքի օրերին:

Բուն բարեկենդանի կիրակի երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է Մեծ պահքը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․