14 Հոկտեմբեր, Բշ Աղվանքի Սբ. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ, Վարոս, Թումաս, Անտոն և Կրոնիդես սուրբ հայրերի և Իննակյա վանքում նահատակված յոթ խոտաճարակների հիշատակության օր

Աղվանքի Սբ. Գրիգորիս կաթողիկոս  295-337

Վրթանես Կաթողիկոսի երկվորյակ զավակներից առաջինն է, ծնվել է 295 թ.-ին Կեսարիայում և իր հոր ու եղբոր՝ Հուսիկի հետ Հայաստան է եկել 310 թ.-ին: Հակառակ Հայոց արքունիքում ապրած և կրթված լինելուն, կուսակրոն կյանքի փափագով լցված, իր հորեղբոր՝ Արիստակեսի մոտ, նրանից վաղ տարիքում կուսակրոն ձեռնադրվելով, եկեղեցական ծառայության անցավ. «Հոգեկիր առաքինությունների արգասիքների, հոգևոր բարքի ու հասակի և Աստծո գիտությունն իր անձի մեջ կրելու պատճառով» (Բյուզանդ): Թեև դեռևս տարիքով շատ երիտասարդ կարելի էր համարել, բայց հաշվի առնելով նրա արժանիքները, կարողությունը և հոգևոր հարստությունը եպիսկոպոս ձեռնադրեցին «Աղվանքի և Վիրքի կողմերի համար, այսինքն Մազքթանց սահմաններում»:

Ս. Գր. Լուսավորիչը նախապես քարոզել էր այս կովկասյան ժողովրդներին, բայց երևում է որ Ավետարանական խոսքի սերմերը դեռևս ամուր չէին արմատավորվել: Բացի այդ, հյուսիսային այս կողմերի բարեմիտների կողմից մի պատգամավորություն էր եկել Տրդատ թագավորի մոտ, խնդրելով, որ Լուսավորչի սերունդներից որևէ մեկին ուղարկի այդ կողմերը՝ քրիստոնեությունն ավելի զորացնելու համար: Ուստի, 320 թվականին երբ Գիրգորիսը հազիվ քսանհինգ տարեկան մի երիտասարդ էր, սակայն արտաքինից բարետես և մի ներկայանալի երիտասարդ, եպիսկոպոս ձեռնադրվեց և Կովկաս ուղարկվեց: Նախապես իր գործերը հաջող էին ընթանում. «Գնաց և այնտեղի եկեղեցիները լուսավոր կարգադրություններով նորոգեց, առաջին Գրիգորի՝ իր պապի գործերի նման», իր գործունեությունը նաև Ատրպատականի սահմաններում էլ տարածեց: «Քրիստոսի ճշմարիտ հավատքի քարոզիչն էր լինում, բոլորի վրա սքանչելի և զարմանալի տպավորություն էր թողնում»: Իսկ իր ներքին կյանքի խստություններից, իր և մնացածի օգտի համար, չէր հրաժարվում.

«Դվարագույն, անհամար և ամենախիստ ինքնակրթություններով, պահքով և սրբությամբ, անքուն գիշերային հսկումներով և անձանձրույթ աղոթքներով և ջերմությամբ, բոլորի համար Աստծուն էր դիմում: Ավետարանական ընթացքը և սուրբ եկեղեցու վերակացությունը Աստծո շնորհով անպակաս առաջ էր տանում: Փութով և եռանդով բոլորին հորդորում էր քաջությամբ բարի կենցաղ ստանձնեն, և գիշեր ու ցերեկ աղոթքով և խնդրվածքներով հեռավորներին և մերձավորներին հոգևոր եռանդ էր ներշնչում (Բյուզանդ):

Երբ այսպես երկրի միջին և հարավային մասերում «ուղղեց և նորոգեց եկեղեցին», դարձավ դեպի հյուսիս և մտավ Մազքութներու թագավորի բանակը, որը բաղկացած էր կովկասյան տարբեր տեսակի ցեղերից, և «սկսեց նրանց Քրիստոսը քարոզել և ավետարանել»: Նախ լսեցին և ընդունեցին, որպեսզի հավատան Ճշմարիտ Աստծուն: Երբ հերթը եկավ Քրիստոսի օրենքը և պատգամները քարոզելուն, վերահասու եղան,  որ ճշմարիտ Աստծու համար «ատելի է ավարառությունը, հափշտակությունը, սպանությունը, ագահությունը, ուրիշներին զրկելը, ուրիշների ունեցվածքը ուտելը, նրանց ունեցվածքի վրա աչք դնելը» և այլն, այդ խոսքերը լսելով՝ զայրացան և ասացին. «Եթե չհափշտակենք, ավարառություն չանենք, ուրիշի ունեցածը չվերցնենք, այսքան զորքի բազմությունը ինչպե՞ս պիտի պահենք»: Թեև Գրիգորիսը «բազում բարի խոսքերով» ջանք էր թափում նրանց սիրաշահել խաղաղ աշխատանքով ապրելու համար, բայց «նրանք ավել բան չցանկացան լսել» և միմյանց ասացին. «Այս մարդն, իր այս խոսքերով, ցանկանում է զրկել մեզ մեր քաջությունից… Եթե սրան լսենք և քրիստոնյա դառնանք, ինչո՞վ պիտի ապրենք, նույնիսկ մեր բանական սովորության համաձայն չպիտի կարողանանք ձի հեծնել»: Եվ եզրակացրին, որ սա Հայոց թագավորի խաղն է, որպեսզի «այս վարդապետությամբ կանխի մեր ասպատակութունները», որ սովոր էին գործել իրենց անմիջական դրացի եղող Հայոց աշխարհի վրա:

Ուստի որոշեցին մեջտեղից վերացնել երանելի քարոզչին: Մի ամեհի ձի բերեցին, Գրիգորիսին պարաններով նրա պոչից կապեցին և նրան բաց թողեցին Կասպից ծովի ափին գտնվող Վատնյաց կոչվող դաշտում և այսպես նահատակվեց Քրիստոսի առաքինի քարոզիչը: Նրան ընկերակցողները նրա նշխարները, վերցնելով, բերեցին Ամարաս կոչվող գյուղը և այնտեղ մի եկեղեցու մեջ ամփոփեցին: Եվ եզրակացնում է պատմիչը. «Ամեն տարի այդ շրջանի ժողովուրդն իր տոնի օրը գալիս և նրա քաջության հիշատակն է կատարում» (Բյուզանդ): Այսպիսով, 337 թ.-ին չարաչար նահատակվեց Գրիգորիսը, երբ դեռ հազիվ քառասուն տարեկան էր:

Իր գերեզմանը մինչև այսօր պահպանվում է Ղարաբաղի Ամարաս գյուղում, իր անունը կրող եկեղեցու մեջ:

Նրա հիշատակը երկու անգամ ենք տոնում, առաջինը՝ Ս. Գր. Լուսավորչի որդիների և թոռների տոնի օրը, մյուսն՝ իր նշխարների գյուտի օրը, որ կատարվում Ս. Խաչին հաջորդող հինգերորդ երկուշաբթի օրը, այլ 12 հայ ճգնավորների հետ:

«Ս. Գր. Լուսավորչի որդիներին և թոռներին նվիրված «Մանկունք» շարականի իր տունը հետևյալն է.

Մաքուր կուսությամբ, անմարմին հրեշտակների հետ դասվեցիր,

Ճշմարիտ քահանայապետ և Քրիստոսի վկա, Ս. Գրիգորիս,

Անդադար բարեխոսիր մեր անձերի համար:

 

Թաթուլ, Վարոս, Թումաս

Թաթուլը և Վարոսը եղբայրներ են ըստ մարմնի և ըստ հոգու, իսկ Թումասը նրանց աշակերտն է: Երկու եղբայրները Սահակ-Մեսրոպյան աշակերտներից են, հետևաբար սնվել և լիացել էին մեծ վարդապետներից ստացած վարդապետությամբ և առաքինություններով: Երբ իրենց վարդապետները մահացան և Վարդանանց շարժումը սկսվեց, իրենք էլ շարժման գործող մասնակիցները դարձան. «ուխտապահներին օգնելով, իսկ ստահակներին խրատելով»: Սակայն Վարդանանց նահատակությունից հետո, երբ ուխտապահները ամուր բերդերին էին ապավինում, նրանք Հայոց Աշխարհի բնական և ազատ ամրություններին ապավինեցին, այսինքն անծանոթ և անմատչելի լեռներ բարձրացան՝ միառժամանակ իրենց նվիրելով խիստ ճգնության: Սրանք Գաբեղյաց նախարարության կողմերում առանձնացան, հավանաբար իրենք էլ նույն գավառից լինելու պատճառով: Այժմյան Կաղզվան քաղաքի մերձակայքում գտնվող Վիշապաձոր կոչված վայրում բնակություն են հաստատում: Մերձակայքում գտնելով իրենց կերակրվելու համար անհրաժեշտ խոտաբույսերը և վայրի մրգերն ու դրանցով սնվելով, տեղանքը Աստծուց իրենց համար նախընտրված համարեցին: Եվ մենության ընձեռած աղոթանվեր կյանքով առաջադիմում էին հոգևոր կատարելության մեջ:

«Հոգևոր հրեշտակների նման, իրենց սրբանվեր աղոթքները որպես բանական ընծա, անմարմին զոհ, անկիզելի ողջակեզ և անվախճան զոհ ամեն օր երկինք էին ուղարկում» (Լիակատար էջ 642):

«Այս գեղեցիկ միաբանությամբ» երկու եղբայրները միառժամանակ ապրելով՝ տեսան, որ այդպես շատ երջանիկ են, ուստի իրար տեսնելուց զրկվելու նպատակով՝ բաժանվեցին իրարից: Վարոսը, որ երեց եղբայրն էր, գնալով առանձնանացավ «Դիցամոր» քարայր կոչվող վայրում:

«Որպեսզի ծանր լինի այն պայքարը, որ մղում են դևերի գնդերի դեմ և որպեսզի Քրիստոս Աստծուց է՛լ ավելի վարձ ստանան և որպեսզի միայն Աստված լինի իրենց մխիթարությունը և զորավիգը, որոշեցին իրենց զրկեն միմյանց տեսությամբ վայելած սփոփանքից»:

«Այնպես որ Մեծ և Երանելի Անտոնի առաքինությունները փայլում էին նրանց անձերում: Շարունակ մարտնչում և հաղթում էին դևերին և բարի հատուցումներ էին ստանում Քրիստոսից, որոնց թվում «տեսություն անճառելի», այսինքն գերբնական տեսիլքներ» (Լիակատար):

Սակայն Ավետարանի հավաստման համաձայն. «լեռան վրա գտնվող քաղաքը ծածուկ չի կարող մնալ», այնպես էլ նրանք. թեև «երկար ժամանակ մարդկանցից անհայտ էին ապրում», մինչև որ որսորդների կողմից գտնվում է նաև Թաթուլի ճգնարանը և կարճ ժամանակում ամբողջ գավառում հռչակվեց Թաթուլի «սքանչելի առաքինության համբավը» և մարդիկ այդ վատ ժամանակներին՝ կրակապաշտության և օտար լծի բերած անմխիթար կենցաղից սրտապնվելու և մխիթարվելու համար, գնդերով նրանց մոտ էին գնում: Շատ շատերը «քաջալերվելով» չցանկացան նրա մոտից հեռանալ և ցանկացան ճգնողական վարքի մեջ նրան աշակերտել:

«Եվ շուտով նույն տեղում մի վայելուչ վայրում հիմք դրեցին և եկեղեցի կառուցեցին, ինչպես նաև ճգնավորների համար պատշաճ խուցեր հարդարեցին և միաբան կենցաղավարելու համար վանական միաբանություն կազմեցին, որպես իրենց գլխավոր ունենալով Թաթուլին, որից էլ այդ վայրը կոչվեց «Թաթուլի Վանք»: Եվ այստեղ, բարեպաշտության գեղեցիկ կրոնի մեջ, Սուրբ Հոր (Թաթուլի) հոգեբուխ խրատներով և աստվածահաճո կարգավորությամբ, առաքինի անձնավորությունների գնդեր դաստիրակվեցին» (Լիակատար էջ 643):

Ուրեմն այնտեղ, որտեղ բացարձակ միայնակեցությունն էր տիրապետում, կարճ ժամանակ անց վանականությանը և միաբանությանը հատուկ կենցաղ ծաղկեց:

Թաթուլի աշակերտներից մեկն աչքի ընկավ իր յուրահատուկ ուշիմությամբ և կատարելության մեջ առաջադիմությամբ, որի անունն էր Թումաս, «անմեկնելի պաշտոնյայս», այսինքն իր վարդապետի անբաժան օգնական և աջակից, «խիստ բարեսեր, աստվածապաշտ և երկյուղած, հեզ և խոնարհ, հանդարտ և հնազանդ, բոլորին խնամող և բոլորի կամքը կատարող, միաժամանակ ճգնությանը հետևող և Մեծն Թաթուլի կանոնները կատարող և դրանք խաչակրոն խստությամբ գործադրող»:

Երանելի Թաթուլը, որն այդ ժամանակ տարիքով էլ մեծ էր, տեսնելով Թումասի առաջադիմությունը, ուրախացավ և իր փոխարեն վանահայր կարգելով այս երիտասարդ ուժին, ինքն առանձնացավ Մայրաձորի մենարանում՝ իր կյանքի վերջին տարիները միայնակեցությամբ ավարտելու համար:

«Եվ այնտեղ անմարմին հրեշտակի նման իր միայնակյացի կյանքն էր կնքում, մինչև որ խոր ծերության հասնելով, նույն այդ Մայրաձորի մենարանի մեջ էլ աշխարհից փոխադրվեց: Այստեղից վերցրեցին Երանելիի Սուրբ մարմինը և ըստ արժանիքի տարան և մեծ պատվով ամփոփեցին իր վանքի մեջ» (Լիակատար էջ 644):

Իսկ Թաթուլի երեց եղբայրը՝ Վարոսը, իր հարազատից բաժանվելուց հետո, բոլորովին մեկուսացած, երկար տարիներ ճգնեց Դիցամոր լեռնային քարայրում, մինչև որ որոշ մարդիկ, «Աստծո նախախնամությամբ», գտան նաև նրան: Այս «գյուտ»ի համար այնքան ուրախացան, որ մինչև իսկ նրա անվանը անտեղյակ լինելով՝ նրան սկսեցին անվանել Գյուտ: Նրա ճգնարանի վայրում նոր վանք կառուցեցին և կոչեցին նրա անունով «Գյուտի վանք»: Այստեղ էլ Հայր Վարոսի առաջնորդության և նրա հաստատած աստվածային վանական կարգերի ներքո, շուտով կրոնավորներ և «Աստծո փառաբանիչներ» հավաքվեցին: Ի վերջո նա էլ իր ընթացքը ավարտեց խոր ծերության հասած և արդյունքներով լի և անցավոր աշխարհից փոխադրվեց անանց կյանք:

Իսկ երանելի Թումասը՝ Թաթուլի արժանավոր հոջորդը. «Աստծո կամքին համաձայն ընթանում էր ամեն տեսակ առաքինություններով և հետևում էր Սուրբ Հոր՝ Թաթուլի խրատներին և վարքին, և բոլոր տեսակ բարեկարգություններով զարդարում էր ուխտավոր միաբանությանը, և Աստծո կամքով միաբանված եղբայրներրին հաստատում էր իր վանքում: Հրեշտակակրոն վարքով երկար տարիներ ապրեց և հասավ խորը ծերության և խաղաղությամբ ննջեց ի Քրիստոս և թաղվեց Հայր Թաթուլի մոտ»:

Այս երեք ճգնավորները թեև Հայսմավուրքում հիշատակվում են սեպտեմբերի 30-ին, բայց ներկայումս անխախտ տոնվում է վերոհիշյալ Անտոնի և Կրոնիդեսի հետ Ս. Խաչի Ե կիրակին հաջորդող երկուշաբթի օրը, յուրահատուկ շարական չունեն:

 

Անտոն և Կրոնիդես ​✝ 355

Հետաքրքիր է անդրադառնալ այն փաստին, որ Հայ ճգնավորության առաջին մեծ դեմքը համանուն և ժամանակակից է Քրիստոնեության ճգնավորության հիմնադիր Հայր Անտոնին: Որքան էլ որ մենք Հայ ճգնավորներին հատկացրած այս գլուխը սկսեցինք Ոսկյաններով և Սուքիասյաններով, սակայն դա պատահական երևույթ էր և որքան էլ որ նրանք ճգնողական կյանքում մեկը մյուսին է հաջորդել, սակայն հայտնի չէ, թե արդյո՞ք նրանց կենցաղավարությունը շարունակողներ եղան: Մինչդեռ Հայ ճգնողության հիմնադիրները հանդիսացող Անտոնը և Կրոնիդեսը, անընդհատ ունեցան իրենց հաջորդները և հետևորդները: Սրանք, ասում է Օրմանյանը, «կարող են մեր ազգի կրոնավորական կյանքի (այսինքն ճգնողական կենցաղի) նախատիպերը համարվել (Ազգ էջ 154);

Անտոնը և Կրոնիդեսը նախքան Հայաստան գալը, արդեն իսկ Կապադովկիան Կեսարիայում անվանի ճգնավորներ էին: Ս. Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվելուց հետո Կեսարիայից վերադառնալիս, երբ Հայաստանի համար հոգևորականներ էր հավաքում, նախ այս երկուսին ընտրեց. «որպեսզի Հայաստանում մենակեցական կյանքը ծաղկեցնելու մեջ իրեն գործակիցներ լինեն և որպես փորձառու և վարժ անձեր Հայաստանում կազմվելիք կրոնավորների հոգևոր դաստիրակչության վարժապետներ լինեն» (Լիակատար էջ 645):

Երբ Ս. Լուսավորիչը Տարոնում, Իննակյան բարձունքի վրա գտնվող Գիսանեի մեհյանի վայրում հիմնեց Ս. Կարապետ վանքը, այս երկուսին էլ այնտեղ թողեց: Նրանք այս վանքում մի միաբանական ուխտ հաստատեցին և այսպիսով մեր մեջ միանձնական կազմակերպյալ կրոնավորական կյանքի հիմքերը դրեցին: «Եվ օր օրի բազմապատկվում էր Սուրբերին աշակերտածների թիվը, չհաշված այն 44 կրոնավորներին, որոնք եկել էին Ս. Գրիգոր Լուսավորչի հետ և այնտեղ հաստատվել» (Լիակատար): Այս խմբի վրա վանահայր նշանակվեց Անտոնի և Կրոնիդեսի աշակերտներից Եպիփանը, որը միաժամանակ օգնականը, կամ տեղապահն էր հանդիսանում Զենոբ Կլակի, որն էլ իր հերթին առաջնորդն էր ամբողջ Տարոն գավառի և իր նստավայրը նույն Ս. Կարապետ վանքն էր: Վերջինիս մահից հետո Եպիփանը դարձավ Տարոնի երկրորդ առաջնորդը: Ուրեմն պատմական եղելություն է, որ մեր վանական կյանքի առաջին կենտրոնը Տարոնի Ս. Կարապետ վանքն է եղել:

«Երանելի Անտոնը և Կրոնիդեսը միայն ուշադրություն էին դարձնում հոգևոր դաստիարակչությանը և վերակացությանը, ինչպես նաև Աստծո տան մեջ ամենօրյա աղոթքներին և պաշտամունքներին, և հետամուտ էին տքնություններին ու ժուժկալություններին, և ճգնողական կենցաղի մեջ ուրիշներին առավել իրենց օրինակով, այլ ոչ թե խոսքով էին կրթում: Ժամանակ առ ժամանակ առանձնանում էին մերձակա անտառի խուցերում և այդպես ճգնում» (Լիակատար):

Տրդատը և Գրիգորը մի առիթով այցելեցին Ս. Կարապետ վանք:

Տրդատը ցանկացավ տեսնել այս սրբակենցաղ անձնավորություններին, բայց վանքում ասացին, որ գրեթե մեկ տարի է ինչ չեն տեսել նրանց: Այդ ժամանակ Ս. Գրիգորը իր հոգեզավակներից Ալբիանոս Եպիսկոպոսին և նրա հետ երկու սարկավագների մերձակա լեռներում բոլոր ծերպերը փնտրել տվեց: Մի քանի օր փնտրտուքից հետո մի օր վաղ առավորյան սաղմսերգության ձայներ լսեցին՝ «Ինձ լսելի արա, Տեր, առավոտյան Քո ողրմությունը, քանզի ես Քո վրա հույսս դրեցի»: Որպես պատասխան Ալբիանոս Եպիսկոպոսը շարունակեց սաղմոսի հաջորդ տունը. «Քո Բարի Հոգին ինձ առաջնորդելու է ուղիղ ճանապարհով»: Այդ ժամանակ գտնում են իրար և շարունակում են սաղմոսերգությունն ու առավոտյան ժամերգութունը Արևի Բլուրի վրա, լեռների մենության մեջ: Պաշտամունքից հետո Ալբիանոսը ավետեց, որ Գրիգորը և Տրդատը իրենց վանք են եկել և ցանկանում են տեսնել նրանց: Երբ վանք մտան, Գրիգորի և Տրդատի կողմից դիմավորվեցին. «Եվ նրանք թագավորի և նրա նախարարների հետ բազում վարդապետություններով էին խոսում, գովելով նրանց աստվածպաշտության եռանդը և հորդորելով նրանց, որ ավելի ու ավելի աճեն կրոնի սրբության մեջ» (Լիակատար):

Սրանց ճգնողական կյանքը, սկիզբ առնելով 302թ.-ին, երկար տարիներ տևեց: Օրմանյանը նրանց վախճանված է համարում 342 թ.-ին, իսկ Լիակատարը 355թ.-ին, որը միաժամանակ համապատասխանում է մեծն Անտոն Աբբահոր մահվան թվականին: Վերջինս Ս. Կարապետի վանքում նրանց եղած ժամանակը 15 տարի է հաշվում, իսկ մնացած 40 տարին շրջակա անտառներում ճգնության տարիներն է համարում: Նրանց գերեզմանները «Ս. Կարապետ վանքի մերձակայքում գտնվող փոքրիկ մառուռի մեջ է» համարվում (Ազգ էջ 154): Իսկ նրանց հիշատակը տոնվում է Ս. Խաչին հաջորդող հինգերորդ կիրակիից հետո եկող երկուշաբթի օրը, մյուս տոնելի ճգնավորների հետ: Հայսմավուրքը նրանց հիշատակը սեպտեմբերի 30-ին է նշում:

Նրանք թեպետ իրենց անունով հատուկ շարական չունեն, բայց «Յոթ Խոտաճարակներ»-ին նվիրված Համբարձի շարականի երկու տները նրանց է նվիրված, որոնք նույնությամբ և առանց թարգմանության, քանի որ շատ պարզ են գրված, մեջ ենք բերում.

«Սուրբ երջանիկ երկնահանդէս,

Ճգնող Անտոն Կրօնիդես.

Ի հողանիւթ ծնեալ զարմէս՝

Գեռրազանցեալք ի բնութենէս:

(ը)Զձեզ պաևգևեաց Սուրբ Ղևոնդէս.

Մեզ երկնային հրեշտակ յերկրէս,

Փարատեցէք ի խոցմանէս:

 

Ի միջերկրէ տանէն Յունաց

Հայոց տվեալ պարգև փառաց.

Վարժիչ կարգաց կրօնավորաց,

Հարք միանձանց ճգնաւորաց.

Ծաղիկ բուսոյ բանաւորաց.

Ի դիւական այսոց չարաց

(ը)Զմեզ փրկեցէք ի փորձանաց:

 

Յոթ խոտաճարակներ ✝604

Զ դարի վերջերին, Սմբատ Բազմահաղթ Բագրատունի մարզպանի օրոք Հայոց աշխարհը համեմատաբար խաղաղություն էր վայելում, իսկ Տարոն աշխարհում էլ իշխում էր Մուշեղ Մամիկոնյանը՝ իրեն որպես գործակից ունենալով Գայլ Վահանին: սրանց օրերին «շատ պայծառացավ» Մշո Ս. Կարապետ վանքը, մանավանդ Թոդիկ, կամ Թադիկ կոչվող վանահոր օրոք. «մի սուրբ և ճգնավոր մարդ, մեծահարուստի որդի», որը վանքը վերանորոգեց և ընդարձակեց և շատ ընտիր մարդիկ, որոնք հոգևոր հակումներ ունեին սկսեցին այնտեղ հավաքվել, թվով 389 հոգի, ասվում է Լիակատարի մեջ (էջ 647):

Վանքի անունը, որպես հոգևոր կենտրոնի, այնքան հռչակվեց, որ շատերը մինչև իսկ հեռու վայրերից գալիս էին, որպեսզի օգտվեն այստեղ սկիզբ առած բարեկարգությունից: Սրանց թվում էին նաև այն «խոտաճարակ (բուսակեր) անվանի ճգնավորները» որոնք Հունահայաստանից եկան և մուս երեք «խոտաճարակները», որոնք պարսկաստանից եկան և ջերմ ընդունելություն գտան Թոդիկ վանահոր կողմից:

Նախ շատ հավանեցին վանքում տիրող կարգ ու կանոնը, ապա որպես ճգնության համար հարմարագույն վայր՝ սիրեցին շրջապատը: Այս երկու խմբերն իրար միացան և խստագույն ճգնության եղբայրություն կազմեցին և մոտակա անտառը մտան, «մեծ ճգնությամբ և բանջարասուն կյանքով» հրաժարվեցին կյանքի ամեն տեսակի դյուրություններից և իրենց ճգնակեցության կատարելությանը ընծայեցին: Երբեմն-երբեմն վանք էին գալիս Ս. Հաղորդություն ստանալու և հայր Թեոդիկի առաջնորդական խրատներից օգտվելու համար, միաժամանակ իրենց հոգևոր խոսքերով և օրինակներով մեծապես օգտակար էին լինում վանքի միաբանությանը:

Ապա վերադառնում էին իրենց ճգնողական կյանքին: Այսպես ապրեցին շուրջ 20 տարի:

Սակայն 604 թ.-ին պարսից թագավորը հույների դեմ պատերազմ հայտարարեց: Նրա բանակի մի թևը Տարոնով պիտի անցներ: «Ս. Կարապետի վանքն էլ ավարառուների ախորժակը գրգռեց»: Միաբաններն, այս կանխատեսելով, վանքի հարստությունները հեռավոր տեղեր թաքցրեցին, իրենք էլ զանազան կողմեր ցրվեցին: Որպեսզի վանքը ամբողջությամբ լքված չհամարվեր և չքանդվեր, յոթը խոտաճարակները վանքի պահպանությունը ստանձնեցին, հստակ գիտակցելով, թե ինչ լուրջ վտանգի են ենթարկում իրենց անձերը: Արդարև եկավ պարսկական բանակը և վանքը դատարկ գտնելով, իրենց հուսախաբության զայրույթը թափեցին խոտաճարակների վրա:

Նախ գլխատեցին Պողիկարպոս անվանյալ նրանց գլխավորին, ապա մյուս վեցին, որոնց անունները պատմությունը պահպանել և մեզ է հասցրել՝ Թեովնաս, Սիմեոն, Հովհաննես, Եպիփան, Դեմարիոս և Նարկիսոս:

Երեք օր հետո, երբ պարսակական բանակը հեռացել էր, միաբանները վերադարձան և նրանց պատվով թաղեցին Անտոն և Կրոնիդես ճգնավորների գերեզմանների մոտ, որտեղ պատվվում էին նրանց մասունքները մինչև առաջին աշխարհամարտը:

Հայսմավուրքներում հիշատակված են սեպտեմբերի 30-ին, իսկ ներկայումս նրանք տոնվում են իրենցից առաջ եղող հինգ ճգնավորների հետ, Ս. Խաչին հաջորդող հինգերորդ կիրակիից հետո եկող երկուշաբթի օրը: Որով էլ երեք խմբերից բաղկացած մի բուռ ճգնավորներ միասնաբար են հիշատակվում, մինչդեռ արժեր, որ երեք խմբերով երեք տարբեր օրեր տոնվեին նրանք:

Խոտաճարակներն ունեն յուրահատուկ երկար շարական, որի տների սկզբնատառերը, երբ միասին հավաքենք կստացվի «Հովհաննեսի Է երգ»: Շարականի առաջին վեց տները հայոց դարձի տաղաչափական պատկերն է, իսկ հաջորդ երկու տները, ինչպես տեսանք Անտոնին և Կրոնիդեսին են վերաբերում: Միայն վերջին երեք տներն են խոտաճարակների մասին: Երկու տներ ենք մեջ բերում, ինքնին պարզ լինելու պատճառով առանց թարգմանությամբ.

«Եօթն աստեղան երկնից կամարք,

Աստվածութեանըն կամարարք.

Ճգնողք մարմնով խոտաճարակք,

Մաքուր հոգւով լուսով տաճարք.

Եկեղեցւո բարձր աշտարակք,

Տանըս Հայոց ամուր պատուարք.

(ը)Զձեզ աղաչեմք, ճըգնողք սուրբ հարք,

Լինել անձանց մեր բարերաք:

 

Գոչեմք առ ձեզ սուրբ նահատակք՝

Հողանիւթեա մարմնով հրեշտակք,

Մարտիրոսք սուրբ և վըկայք,

Որք սրո մահվամբ կատարեցայք:

Յորդոր տօնիս ձեր յիշատակ

Արեան սըրբո հեղման վըտակ՝

Առ Տէր լիցի սուրբ պատարագ.

Պահել ըզմեզ միշտ անվըտանգ:

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

Վաչագան սրկ. ԴՈԽՈԼՅԱՆԸ

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․