Գրքեր
28 Դեկտեմբեր, Բշ Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակության օր

Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա Հիսուսի ամենասիրված առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի: Նա ձկնորս էր, որի թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն` Պետրոս: Ս. Պետրոսը Բեթսայիդա գյուղից էր, սակայն փոխադրվել էր հարևան Կափառնայում քաղաք, ուր Հիսուս բժշկեց նրա զոքանչին: Ս. Պետրոսն առավելաբար հայտնի է ավետարանական այն դրվագից, երբ նա Հիսուսին դավանում է որպես Կենդանի Աստծո Որդի: Եվ Հիսուս հաստատում է, որ այդ դավանության, այսինքն` Քրիստոս որպես աշխարհի Փրկիչ և Աստվածորդի, պիտի կառուցի իր եկեղեցին (Մատթ. ԺԶ 15-19): Հիսուսի ձերբակալման գիշերը Պետրոսը երիցս ուրացել է Նրան, սակայն հետո խորապես զղջացել: Հոգեգալստից հետո նա բացատրել է հավաքվածներին կատարվածի իմաստն ու խոսել հարուցյալ Հիսուսի մասին: Նրա կարևոր գործերից էր հեթանոսների ներգրավումը եկեղեցի: Հերովդես թագավորը ձերբակալել է նրան, բայց հրաշքով ազատվել է բանտից: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում` գլխիվայր խաչվելով: Մեզ են հասել նրա երկու ընդհանրական նամակները: 

Սբ. Պողոսը Տիրոջ 13-րդ առաքյալն է: Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, առաջին դարի սկզբներին, հռոմեական քաղաքացիություն ունեցող հրեա ծնողներից, որոնք ըստ Հերոնիմոսի, եկել էին Գալիլիայից: Նա վրանագործ էր: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև` Երուսաղեմում` աշակերտել Գամաղիել օրենուսույցին: Նրա վկայության համաձայն` եղել է փարիսեցի, խստորեն պահպանել օրենքի տառն ու հալածել քրիստոնյաներին: Սակայն Դամասկոսի ճանապարհին Հիսուս երևացել է նրան, որից հետո Սողոսը` հետագայում Պողոս առաքյալը, դարձել է Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Նրան մկրտել է Անանիա առաքյալը: Կատարել է մի քանի ճանապարհորդություններ` քարոզելով Աստծո խոսքը: Մեզ են հասել նրա 14 թուղթը: Ըստ ավանդության՝ նահատակվել է Հռոմում, 67 թվականին, Ներոնի հալածանքների ժամանակ և գլխատվել: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Պետրոս և Պողոս առաքյալների հիշատակը օրը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:

 

https://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․