
Ովքե՞ր են սրբերը և ինչպե՞ս են արժանացել սրբության
Ոմանց համար սրբերը երկնքի հետ կապ ունեցող արտասովոր, գերբնական էակներ են լուսապսակներով: Ոմանց համար պատմության հետաքրքիր էջեր, երբեմն նաև անհավանական թվացող: Ոմանց համար սրբերը եկեղեցում փակցված սրբանկարներից այն կողմ ոչ մի նշանակություն չունեն, իսկ ոմանց համար էլ կենդանի հավատքի լավագույն օրինակներն են:
Սրբության գաղափարը մեծ տեղ է գրավում քրիստոնեության մեջ և այդ գաղափարին դեռևս հանդիպում ենք Հին Ուխտում: Թերթելով Հին Կտակարանը՝ հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, ովքեր աստվածային ներշնչմամբ ուղղորդում էին մարդկանց դեպի սրբության ուղի:
«Սուրբ, սրբություն և սրբել» բառերը ավելի քան 1200 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հին Կտակարանի Ղևտական գրքում բազմիցս ենք հանդիպում աստվածային այս պատգամին. «Սուրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղևտական 11:44; 19:2; 20:7; 21:8):
Սուրբ նշանակում է մաքուր:
«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Սրբերը Քրիստոսի հետ միացած նոր կյանք ունեցան: Նրանք, ապրելով այս աշխարհում և մարդկանց մեջ, այս աշխարհից չէին, ինչպես Քրիստոս (Հովհաննես 17:14):
Սրբերին սկսել են հիշատակել
Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են մարդիկ սկսել հիշատակել սրբերի տոնակատարությունը:
Սրբերից շատերը նահատակվել են, նրանք ոչ միայն խոսքով, կյանքով, այլ նաև իրենց մահով էին քարոզում Քրիստոսին: Նրանք մեծ ուրախությամբ էին գնում չարչարանքի և նահատակության՝ իրենց համարելով Քրիստոսի չարչարանքների և նաև Նրա փառքի մասնակիցը: Չարչարանքներն ու մահը նրանք ընդունում էին՝ որպես հաղթանակ ընդդեմ մահվան և նրա դեմ վախի:
Քրիստոնեական եկեղեցին շատ բնականորեն է սկսել հարգել և հիշել նրանց: Սրբերի հիշատակությունն սկսվել է նրանց մարտիրոսական մահվան տարեդարձային հիշատակությամբ: Եկեղեցին գրի էր առնում մարտիրոսների չարչարանքները և շրջաբերական նամակների ձևով ուղարկում էր շրջակա եկեղեցիները՝ ընդարձակելով նրանց հարգանքի շրջանակը՝ որպես օրինակ և քաջալերություն շատերի: Ժամանակի ընթացքում մարտիրոսներին միացան «խոստովանողները», այսինքն՝ այն քաջարի քրիստոնյաները, որ հանուն Քրիստոսի չարչարվելով՝ ողջ են մնացել: Եկեղեցին նրանց վկայարանների կամ գերեզմանների վրա տարեկան հոգևոր հանդիսությամբ հարգում է նրանց հետմահու հիշատակությունը:
«Խոստովանողներ»-ին միացան կույսերը, ճգնավորները: Կույսերը՝ այր և կին, կամավորապես հրաժարվում էին ամուսնական, աշխարհիկ կյանքից և կուսակրոնի կյանքով ապրում էին սրբությամբ: Նրանց ժուժկալությունն եկեղեցին հավասար է նկատել մարտիրոսությանը: Իսկ ճգնավորները, թողնելով աշխարհի բոլոր ապականությունները, ցանկություններն ու խաբկանքները, ապրում էին ամայի վայրերում Աստծո ներկայության և շնորհների մեջ: Արդարև, բոլոր նրանք, որ հերոսական առաքինությամբ և բացառիկ նվիրումով ծառայեցին եկեղեցուն, արժանացան բացառիկ հիշատակության թե՛ հասարակ ժողովրդի փափագով, թե՛ եկեղեցական իշխանության հավանությամբ և հաստատումով: Դարերի ընթացքում եկեղեցին, ժողովրդի կամ տեղական հոգևոր իշխանության խնդրանքը քննության ենթարկելով, մարտիրոսի կամ որևէ առաքինի անձի սուրբ է հռչակել՝ տարեկան տոնախմբության արժանացնելով: Մեր տոնացույցի վերջին բարեկարգիչը Սիմեոն կաթողիկոսն (1780 թ.) է եղել, ում նախաձեռնությամբ տոնացույցում ավելացել են վերջին սրբերը՝ մեծ վարդապետները՝ Սբ. Հովհաննես Որոտնեցին (1315-1386 թթ.) և Սբ. Մովսես Տաթևացին (1578-1632 թթ.): Դարերի դադարից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2015թ-ի ապրիլի 23-ին հատուկ արարողակարգով սրբերի շարքին դասեց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակության պսակն ընդունածներին՝ Եղեռնի զոհերին, ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր:
Սրբերը մաս են կազմում
Ըստ եկեղեցու վարդապետության՝ սրբերը մաս են կազմում երկնքի Անդրանկաց ժողովի (եկեղեցու), ուր դարձյալ աղոթում են մարդկանց համար, որպեսզի նրանք էլ, մեղքի և չարի դեմ հաղթանակ տանելով, արժանանան Երկնքի Արքայությանը:
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրա գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամները հավատացյալներն են (Ա Կորնթացիներ 12:27-28, Եփեսացիներ 1:22; 5:29-30): Եկեղեցին երկու մասի է բաժանվում՝ Զինվորյալ և Հաղթական: Զինվորյալ եկեղեցի կազմում են աշխարհի վրա ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20): Զինվորյալ եկեղեցին կոչվում է նաև Մարտնչող եկեղեցի: Իսկ աշխարհից մեկնած սրբերը հանդերձյալ կյանքում կազմում են Հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև Անդրանկաց ժողով (Եբրայեցիներ 12:22-24): Եկեղեցին ոչ միայն երկրի վրա ապրող քրիստոնյաների միասնությունն է, այլ նաև ամբողջությունը նրանց, որ չարի դեմ հաղթանակելով՝ արդարացած հոգով կազմել են Հաղթական եկեղեցին:
Սրբերը բարեխոսում են
Սրբերը ոչ միայն կենդանի և գործող հավատքի օրինակներ են, այլ Աստծո մոտ մեզ համար բարեխոսներ են: Իսկ սրբերի բարեխոսություն խնդրել չի նշանակում աղոթել նրանց: Մենք խնդրում ենք, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված և օգնեն մեզ: Օրինակ, եթե մենք դիմում ենք Աստվածամորը, որպեսզի նա բարեխոսի Քրիստոսի մոտ մեզ համար, չի նշանակում, որ աղոթում ենք նրան:
Աստվածաշնչից այս օրինակները վկայում են սրբերի բարեխոսության մասին. Աստված պահանջեց, որ Հոբի ընկերները խնդրեն Հոբին իրենց համար աղոթել, որպեսզի Նա չվարվի նրանց հետ` ըստ իրենց հիմարության (Հոբ 42:8), կամ՝ Աստված թույլ տվեց, որ Աբրահամը միջնորդի Սոդոմի համար (Ծննդոց 18):
Բողոքականները կտրականապես մերժում են ցանկացած բարեխոսություն, լինի դա Սուրբ Կույսի, թե հրեշտակների կամ սրբի բարեխոսություն: Իրենց տեսակետը հիմնավորում են Սուրբ Հովհաննես առաքյալի խոսքերով. «…բարեխոս (միջնորդ) ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս Արդարին» (Ա Հովհաննես 2:1): Ինչպես նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ Միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս Մարդը» (Ա Տիմոթեոս 2:5): Իրականում սկզբունքային մեծ տարբերություն կա Քրիստոսի միջնորդության և սրբերի բարեխոսության միջև. Քրիստոսի Միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ, լինելով Քավությունը, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Իսկ սրբերի բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Փրկագնման, ինչպես նաև Քավության հետ: Սրբերի բարեխոսությունը աղոթք է մեզ համար:
Սրբերի հանդեպ հարգանքը
«Հարգել սրբին նշանակում է նմանվել նրան»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:
Սրբերի աշխարհը դա այն մարդկանց աշխարհն է, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:
Սրբերի հանդեպ հարգանքն արտահայտվել է նրանով, որ նրանց անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել և կառուցվում են: Առաջին դարերում եկեղեցիներ կառուցելիս նրանց նահատակության վայրերում և եկեղեցու հիմքում դնում էին սրբերի մասունքներից, ինչով և պայմանավորվեց հետագայում մասունքների բաժանումը: Սրբերի հիշատակությունը նշվում է Սուրբ Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին: Սրբի անունը կրող եկեղեցու համար սրբի տոնն անվանակոչության օր է կամ՝ այդ եկեղեցու տոն: Այդ օրը անվանակոչության օր է համարվում նաև տվյալ սրբի անունը կրող մարդկանց համար:
Ամեն օր կամ պարբերաբար սրբերի վարքի ընթերցումով քրիստոնյան ավելի է ամրացնում իր կապը փրկության ուղեցույցի՝ Աստվածաշնչի հետ, որտեղից և ծանոթանում է առաջին և մեծագույն սրբերին, ապա՝ համայն քրիստոնեության հետ, որի անբաժան մասն է եկեղեցին: Սրբերը կյանքի բոլոր ասպարեզներից են եղել՝ կաթողիկոսներ, թագավորներ, պետական պաշտոնավորներ: Նրանց մեջ կային թե՛ տղամարդիկ և կանայք, թե՛ մանուկ, երիտասարդ և ծեր, թե՛ աղքատ և հարուստ, թե՛ մտավորականներ և գեղջուկ մարդիկ: Հետևաբար նրանց կյանքը օրինակելի է բոլորի համար անխտիր:
Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:
Բոլոր տոնելի սրբերի հիշատակության օրերն իմանում ենք «Տոնացույց»-ից, բայց այստեղ էլ շատ սրբերի անուններ դուրս են մնացել և նրանց անունները հայտնի են միայն Աստծուն: Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Տոնացույցում 130 օրեր նվիրված են 415 անուն սրբերի և սրբերի խմբերի հիշատակություններին:
Այսպիսով, քրիստոնյայի համար սրբերն ոչ միայն իրենց և Աստծո միջև միջնորդներն են, այլ իրական քրիստոնեության կենդանի կրողները, որոնց կյանքն առ այսօր բարոյականության մեծագույն օրինակ է հանդիսանում:
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ո՛վ եղբայրներ և հայրեր, լսեցե՛ք երանելի Մարութայի պատմությունը, թե երկրի վրա ինչ սքանչելիքներ ցույց տվեց Տերը նրա միջոցով, որ որդեգրության շնորհի կոչվեց և հովիվ եղավ Քրիստոսի այն հոտին, որ դևերի պատճառով գահավիժել էր մահաբեր արոտներն ու կորստյան վիհերը, իսկ նրա միջոցով Աստված հաճեց ետ բերել մեր աշխարհի կորուսյալներին: Եվ ես իմ կարողությանը համապատասխան կպատմեմ, թեև միտքս աղոտ է, իսկ խոսքս անարվեստ` Աստծու էակի սքանչելիքներն ասելու համար, .....
Պարսից Որմիզդ արքայի ժամանակներում նրա բանակում ամենայն առաքինություններով և սուրբ վարքով զարդարուն մի մարդ կար, որի անունն էր Մելես: Նախ նա գաղտնի էր պահում քրիստոնեական հավատը, իսկ հետո հրաժարվեց զինվորությունից և աշխարհիկ կենցաղից, տրվեց միանձնության և անապատում էր բնակվում` պահքով և աղոթքով, տքնությամբ և արտասուքով և գետնամած անկողնով և գիշեր ու ցերեկ իր անձի փրկության համար աղաչում էր Աստծուն: Դրանից հետո գնաց Մելեպոլիս, ուր Դանիել .....
Անդիպատրոսի անթիպատության երրորդ տարում Աքայեցիների աշխարհում մեծ հալածանք սկսվեց, և հելլենների ազգի բազմության հավաք եղավ աստվածների մեհյաններում: Իսկ դրանից հետո, երբ տասնհինգ օր անցավ, մեզ համար տնօրինաբար մարմնացած մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Մարիամ սուրբ կույսից ծնվելու տոնը հասավ, որ փառավոր կերպով տոնում են բոլոր հավատացյալները: Եվ տոնն այս երանելի, պայծառ և լուսավոր կերպով եղավ քրիստոնյաների հավաքներում: Այնժամ չարացած անօրեն .....
Հռոմում Դեկոսի և Վաղերիանոսի թագավորելու ժամանակներում հասարակությանը հրամայեցին զոհեր մատուցել և տոնախմբել աստվածների համար: Կանչեցին ապա բոլոր ծերակուտականներին` միաձայն ծանուցեցին նրանց իրենց սահմանած օրենքի հրամանը և իրենց կամքին համախորհուրդ գտնելով նրանց` խիստ ուրախացան: Ապա հրամայեցին տարածել թագավորի և ծերակույտի անդամների գրավոր օրենքը, և հետևյալ օրինակը տեղադրեցին [Յուպիտերի] տաճարում.
«Քաջ, ինքնակալ և հաղթող թագավորները` .....
Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի թագավորության ժամանակ, նրանց իսկ հրամանով, հավատացյալների նկատմամբ մեծ հալածանք եղավ բոլոր աշխարհներում և գավառներում, որ չարի արբանյակների իշխանության տակ էին, որ բազում խոշտանգություններով ու տանջանքներով նեղում էին քրիստոնյաներին: Քաջերն ու առաքինիները վկայում էին, առ ոչինչ համարելով տանջանքներն ու մահը, իսկ թույլերն ու երկմտողները այդ հանդեսից դուրս էին մնում: Դրանց ժամանակ երանելի սուրբ և ճշմարիտ .....
Մաքսիմիանոս ամբարիշտ արքայի ժամանակներում Աղեքսանդրիա քաղաքում խռովություն եղավ իշխանի դեմ: Եվ աղեքսանդրացիների միջև եղած խռովությունը խաղաղեցնելու և սիրո միաբանության բերելու համար թագավորն առաքեց մի իմաստուն և հանճարեղ, աթենացիների դպրությամբ ճոխացած մարդու, որի անունը Մինաս էր: [Իսկ Մինասը], տեսնելով այնտեղ եղած քրիստոնյաների վարքը, սրտով սիրեց և քրիստոնեություն ընդունեց: Եվ բարեպաշտության էր ձգտում, իր ինչքը կարոտյալներին էր .....
Ովերայի կողմերը Լավոդիկոսի անթիպատության չորրորդ տարում մեծ ցնորք տարածվեց հեթանոսների մեջ. բոլոր քաղաքներում և գյուղերում և ամբողջ երկրում բազմամարդ հավաքներ էին լինում կուռքերի տոներին: Եվ մոլի [խավարամտությամբ բռնված]` Ամփիպոլիսում պարում էին` կատարելով Դիոնիսոսի դիվական պաշտամունքն [ու երկրպագությունը]: Իսկ ողջախոհության վարդապետ Մովկիմոսը Ամփիպոլիսում սուրբ և կաթուղիկե եկեղեցու երեց էր և կամեցավ երևալ բոլորին, որովհետև բազում .....
Աստվածային օրենսդիր Մովսեսը, որ կիսեց Կարմիր ծովը և ժողովրդին անջրդի անապատ հանեց և այլ մեծամեծ սքանչելիքներ գործեց, որ գրառված են մեկը մյուսի հետևից, երբ հանձն առավ պատմելու առաջին սրբերի վարքերը, ոչ թե եգիպտացիներից լսած ավանդությամբ [դա] արեց, այլ Աստծու շնորհների ծագմամբ, որ այն ժամանակ տրվեցին իրեն: Իսկ ես ո՛րտեղից կարող եմ պատմել մյուս սրբերի վարքը` Հաբելի առաքինությունը, կամ Ենովքի աստվածպաշտությունը, կամ Նոյի արդարությունը, կամ .....
Պարսից Հազկերտ արքայի որդի Վռամի [իշխանության] երկրորդ տարում Հակովիկ անունով մի աստվածապաշտ մարդ երևաց: Նա թագավորական ազգից էր, Բեթլապատ քաղաքից և ինքն ու իր կինը Քրիստոսի երկյուղած էին, ըստ իրենց ծնողների` առ Քրիստոս ջերմեռանդ հավատի: Եվ հույժ երևելի էր արքունի դռանը և վայելում էր Վռամ արքայի վստահությունը: Նաև Վռամի հայր` Պարսից Հազկերտ արքայի օրերում էր թագավորի կողմից պարգևների և պատվի արժանացել, այն սիրո [և հարգանքի] համար, որ կար .....
Պարսից Կավատ Արքայի որդի Խոսրովի ժամանակներում մեծ խռովք էր սկսվել քրիստոնյաների դեմ, և շատերը նահատակվեցին Պարսից աշխարհում և արքունիքում: Այդ ժամանակներում Մախոշ անունով մի մոգ [կար], Բերշապուհ կոչվող գավառից, Քունարաստան անունով գյուղից: Նրա ծնողները կրակի պաշտոնյա էին, և ինքը մանկությունից մոգությամբ էր վարժվել: Եվ զորեղ ու վարժ էր հրապաշտների ուսմունքում, և խոհերով` իմաստուն: Սա ինչ-որ դիպվածով թագավորի բանակում էր և տեսավ չարչարանքները .....
Բազում են վարդապետության խոսքերն ու սուրբ Գրքերի մեկնությունները, որ երանելի տեր Հովհանը` Կոստանդնու[պոլսի] եպիսկոպոսը, թողել է սուրբ Եկեղեցու ուխտի մանկանց խրատի և ուսման համար, որ և գրքերում ժողովված կազմում են տասներկու հազար ճառեր, նաև որոնց համար նա Ոսկեբերան կոչվեց: Բայց որովհետև անաչառությամբ հանդիմանում էր նրանց, որ ուղղության չէին եկել, ատելի էր անիրավների համար, և հատկապես թագուհու, որովհետև նրան չարացրել էին ասելով, թե` «Հովհանի .....
Հռոմայեցիների ամբարիշտ Մաքսիմիանոսի ինքնակալության ժամանակ, բյութանացիների նահանգի Նիկոմիդիա գեղեցկագույն քաղաքում, մեր հալածանքների տարիներին, մի երևելի մարդ կար, որի անունը Ելևսիոս էր: Նա Մաքսիմիանոսի մերձավոր խորհրդակիցն էր և նրա սիրելի բարեկամն էր համարվում: [Ելևսիոսը] չաստվածների պաշտամունքի մեծ ջատագով էր և հավատարիմ էր [այդ գործին]: Նա խոսք առավ պայծառ, գեղեցիկ և չքնաղ կերպարանքով զարդարուն [Հուլիանե անունով] մի աղջնակի [ծնողներից]: .....
Բոլորին հարկ է գովել և պատվել Աստծու համայն սրբերին և երջանիկ ընտրյալներին, [հարկ է նաև] նրանց հիշատակը գովությամբ կատարել աստվածահայր Դավիթ մարգարեի ասածի համաձայն, թե` «Արդարի հիշատակը հավիտյան կմնա» (Սաղմ. ՃԺԱ. 7): Ու առավել պետք է հիշել նրանց, որ խոսքով և գործով վայելուչ են` ավելի քան մյուսները և այժմ ևս պայծառանում են մեծամեծ նշաններով և սքանչելիքներով, որ Աստծուց [կարողություն] ստանալով` օգնում և առողջացնում են մարդկանց, խնամում .....
Այժմ, ըստ իմ կարողության, սկսեմ պատմել նրա վարքի և սքանչելիքների մասին:
Պետրոս անունով մեկը խոստացավ կրոնավոր լինել: Եվ այնպես պատահեց, որ սպառազեն զինվորների հինգ գնդով, այլ զորավարների հետևից, պիտի պատերազմի գնար ընդդեմ պարսիկների: Եվ մարդկային կյանքում պատահող դեպքերի նման, այնպես եղավ, որ բարբարոսները զորացան եգիպտացիների վրա, բռնեցին և գերեվարեցին: Եվ [գերյալների] թվում էր նաև հիշյալ Պետրոսը, որ տարվեց Սամարղան քաղաքը. մի մեծ և բազմամարդ .....
Ամբարիշտ և անօրեն Մաքսիմիանոսն իր թագավորության տարիներին հրաման տվեց և ասաց. «Բոլոր նրանց, որ պաշտում են Աստծուն, ժողովեցե՛ք Նիկոմիդիա քաղաքում»: Եվ ում գտան` բոլորին տարան քաղաքը: Եվ երբ Մաքսիմիանոսը տեսավ նրանց, ասաց. «Սրա՞նք են մոլորյալները»: Պատասխանեցին. «Այո՛, սրանք են»: Եվ Մաքսիմիանոսն իր կորստին էր ձգտում, իսկ նրանք` հավիտենական կյանքին:
Եվ այնտեղ մի սինկղիտոս կար, որի անունը Եվստորգեոս էր: Նա բնակվում էր Նիկոմիդիա .....