12 Հոկտեմբեր, Շբ
- Հա՛յր, երբ իմ խցում աղոթում եմ, անհանգստանում եմ, որ հանկարծ քույրերից մեկը դուռը չբացի, և դա ինձ շեղում է:
- Եթե ես աղոթում եմ, և որևէ մեկը դուռը բացում է, ապա ավելի լավ է կացնով գլխիս խփի, քան ինձ տեսնի աղոթելիս: Ասես թռիչքի ժամանակ թևերդ կոտրեն: Դուք դեռևս հոգևոր վիճակներ չեք վերապրել աղոթքի ժամանակ, որպեսզի հասկանաք, թե ինչ է նշանակում մարդուն անհանգստացնել, երբ նա աղոթում է: Չեք զգացել Աստծու հետ այդ հաղորդակցությունը, երբ մարդն ասես վերանում է երկրից: Եթե իմանայիք, թե դա ինչ է, ապա կհարգեիք ուրիշներին, երբ նրանք աղոթում են: Եթե այդ հոգևոր նրբազգացությունն ունենայիք, ապա կմտածեիք. «Ինչպե՞ս կարող եմ մարդուն կտրել աղոթքից»: Կհասկանայիք, թե ինչ մեծ վնաս եք հասցնում մարդուն և ավելի զգույշ կլինեիք: Զգույշ կլինեիք ոչ թե վախից, այլ մերձավորի հանդեպ հարգանքից, որը հաղորդակցվում է Աստծու հետ: Իսկ եթե հոգևոր նրբանկատություն չկա, ապա թող գոնե աշխարհիկ լինի, լավ իմաստով: Սովորությո՛ւն դարձրեք դուռը թակել և բարձրաձայն ասել. «Մեր սուրբ հայրերի աղոթքներով», որպեսզի մարդը չհուզվի և անընդհատ լարված չլինի: Մի բան է հոգևորապես արթուն լինելը, և մեկ այլ բան՝ շարունակ լարվածությունը. դա շատ է հոգնեցնում:
- Հա՛յր, միգուցե քույրն այդպես է վարվում իր պարզության պատճառո՞վ:
- Ի՞նչ պարզության մասին ես խոսում, եթե քույրերից մեկը մյուսի դուռը թակում է և առանց «Ամեն»-ին սպասելու՝ ներս է մտնում: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս եք կարողանում այդկերպ վարվել: Մարդը միգուցե արտասվում է աղոթելիս և չի ուզում, որ իրեն տեսնեն: Եթե ես հարևան խուց եմ գնում և լսում եմ, որ այնտեղ երեկոյան ժամերգություն են կարդում, կարող եմ մեկ ժամ կանգնած մնալ ցրտին, տերողորմյայով աղոթել ու սպասել մինչև վերջացնեն, որպեսզի չանհանգստացնեմ: Ախր լսում եմ, որ մարդիկ երգում են, ուրեմն ինչպե՞ս բաց անեմ դուռը: Ինչպե՞ս ներս մտնեմ: Եթե ներս մտնեմ, նշանակում է դրա իրավունքն ունեմ: Իսկ ո՞վ է ինձ նման իրավունք տվել: Նրանք, միգուցե, նման իրավունք տալիս են ինձ, բայց ես այդպես չեմ անում. դա եսասիրություն է: Ես ո՞վ եմ, որ ուրիշ մարդկանց հաշվի չեմ առնում: Պետք է ներքին նրբանկատություն լինի: Մի անգամ, երբ Սինայում էի ապրում, երկու բեդուին երեխա տեսա՝ տղա և աղջիկ, որ ճամփին կանգնած տերողորմյայով աղոթում էին: Ես զգուշորեն շրջվեցի ու մի փոքր հետ գնացի՝ սպասելով մինչ նրանք կավարտեն աղոթքը, որպեսզի այնուհետև ճանապարհս շարունակեմ, քանի որ այլ ճանապարհ չկար:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը