Նոյեմբերի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրերի շրջանակում, աջակցեց համայնքի երիտասարդ անդամ, ուսանողուհի Հարությունյան Մելինեին (19 տ.): Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նրան հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին արտերկրում բնակվող Առնոն և Լուսին Մարոյի հայրը: Մելինեի հայրը մահացել է տասնչորս տարի առաջ և նրան խնամում է մայրը՝ Թագվորյան Կարինեն (41 տ.), ով 3-րդ խմբի հաշմանդամ է: Մելինեն իր մայրիկի հետ վարձակալությամբ բնակվում է Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 15 հասցեում: Նա ուսանում է ԵՊՀ-ի ռոմանոգերմանական բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսում և որպես միակողմանի ծնողազուրկ ուսանողուհի՝ կիսով չափ է վճարում իր ուսման վարձը: Հարությունյան ընտանիքն այժմ մի շարք խնդիրների առջև է կանգնած. Մելինեի մայրն առողջական վիճակի վատթարացման պատճառով չի կարողանում աշխատել, իսկ Մելինեի ուսանողական թոշակի և նրա մորը հատկացվող հաշմանդամության գումարները չեն բավարարում տան, կոմունալ և ուսման վարձերի վճարման համար: Մելինեն անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին և աջակից անձանց՝ իր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:
«Հայ եկեղեցին հոգիների փրկությանը զուգահեռ մշտապես հոգացել է իր զավակների կրթության մասին՝ եկեղեցիներին կից հիմնելով դպրոցներ և համալսարաններ, որպեսզի հայ ուսյալ երիտասարդը՝ որպես հայրենիքի և եկեղեցու նվիրյալ զավակ, իր շնորհներն ու գիտելիքները ծառայեցնի իր հայրենիքին և եկեղեցուն, որպեսզի հայ ուսյալ երիտասարդը լիարժեք ներգրավվի եկեղեցական և հասարակական կյանքին: «Երիտասարդությունը ներգրավվածություն է նշանակում, և Հիսուսը մարդկության պատմության մեջ ներգրավված Աստված է»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը: «Զորեղ և հզոր է Հայոց ազգը և եկեղեցին՝ իր ընտանիքից ներս ունենալով ծառայելու պատրաստակամությամբ լծված երիտասարդ զավակների»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան