Գրքեր

Ամբարիշտների պատիժը

«Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմոթ. 3:1-5):

Պողոս առաքյալի վերոհիշյալ խոսքերն այսօր առավել, քան երբևէ սթափեցնում, զգաստացնում են մեզ: Հիրավի, մեր ժամանակները ևս չար են.  ամեն օր բախվում ենք անարդարությունների հետ,  ականատես լինում անօրինությունների: Որքա՜ն շատ են մեզանում անիրավված, արհամարհված, անարդարությունների զոհ գնացած մարդիկ. հարուստը կեղեքում է աղքատին, հզորը զրկում է իրենից տկարին, դատավորն անարդար դատ է տեսնում՝ անձնական շահերից ելնելով, հաճախ հանիրավի մեղադրվում, պախարակվում, իրենց չգործած սխալների ու մեղքերի համար դատապարտվում են շատ մարդիկ: Ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ այսօր այնքան շատ են մեզանում ցավն ու տառապանքը, վիշտն ու տրտմությունը, ինչո՞ւ ատում ենք միմյանց, հակառակվում, նմանվում հակառակորդին՝ բանսարկուին, մինչդեռ Քրիստոս պատվիրեց սիրել միմյանց և նմանվել Աստծուն: Խոնարհության, ներողամտության, սիրո, հանդուրժողականության պակաս կա մեզանում: Անշուշտ այս ամենի պատճառը Աստծուց մարդու հեռանալն է. արդարության պակասն է հանգեցնում  անարդարության շատանալուն, բարության պակասն է ծնում չարություն, ամբարտավանություն, անօրինություն: Մեր Տերն Ինքն ասաց. «Անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի«, քանզի հակառակորդն ատելություն, չարություն է սերմանում մարդու սրտում և թելադրում գործել իր կամքի համաձայն: Իսկ չարին գործակից լինելով, չարիք գործելով՝ թշնամանում ենք Աստծու հետ: Մարգարեն Աստծու անունից գոչում է. «Արդար դատո՛վ դատեցեք, ողորմությո՛ւն և գթությո՛ւն արեք՝ յուրաքանչյուրն իր եղբորը: Մի՛ կեղեքեք այրուն, որբին, պանդխտին և տնանկին: Թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ դեմ՝ նրա գործած չարիքների համար» (Զաք. 7:9, 10): Մինչդեռ Աստծու վախն ու երկյուղը չունեցողների՝ Աստծուց չերկնչողների համար չարիք գործելը դարձել է կյանքի նպատակ, իմաստ: Մարդիկ, որոնք մերժում են Աստծուն, հաճույք գտնում անօրինության մեջ և իրենց կյանքի բոլոր օրերում չեն դադարում չարիք գործելուց: Սբ. Հովհան Ոսկեբերանը նրանց մասին ասում է. «Չար մարդիկ ցանկանում են հավիտյան ապրել, որպեսզի հանապազ չարը գործեն», քանզի «նրանք մինչև չարիք չգործեն, չեն քնում: Քունը փախչում է նրանց աչքից, և չեն քնում, քանի որ նրանք ամբարշտության հաց են ուտում և հարբում են անօրենության գինով» (Առ. 4:16, 17): Չարի ծուղակում են գտնվում և անզեղջ կյանքով ապրում շատ-շատերը, ովքեր մերժում են լույսը, աստվածայինը, սուրբը, բանսարկուի խաբեություններով մոլորված ամբարիշտ ու անօրեն ընթացքով դառնացնում են բազմագութ Աստծուն, և ցնծում է բանսարկուն, քանզի «Անդարձ մեղավորի վրա ավելի է ցնծում, քան բոլոր մեղքերի, որոնք կատարվում են ամբողջ աշխարհում» (Վարդան Այգեկցի): Չարն անդադար մեղք գործել է տալիս իր ծուղակն ընկածներին և կարծրացնում նրանց սրտերը, որպեսզի երբեք չդառնան դեպի Տերը և անզեղջ սրտով ու անօրեն ընթացքով իրենց հավիտենական կորստյան մատնեն: Այս  մասին մարգարեն գրում է. «Բայց նրանք լսել չուզեցին, այլ հիմարաբար իրենց թիկունքը շրջեցին և ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար: Նրանք իրենց սրտերն անհնազանդ դարձրին՝ չլսելու համար իմ օրենքներն ու խոսքերը» (Զաք. 7:11, 12): Իսկ Եսայի մարգարեն ավելացնում է. «Լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չճանաչեք». քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպեսզի չլինի թե երբևէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և ես էլ բժշկեմ նրանց» (Եսայի 6:9, 10): Ամենողորմ Աստված մարդու փրկությունն ու սրբացումն է կամենում, մարդուն դեպի Իր արքայություն հրավիրում, սակայն մարդն իր ինքնիշխան կամքով ընտրում է չարը, կամովին իր մեջ ընդունում է այն բոլորը, ինչ թշնամին ցանում է իր հոգու արտում: Աստված ներող և սիրող Հայր է, որ ամբարշտի մահը չի կամենում, այլ դարձն ու ապրելը, և կամենում է, որ բոլորը փրկվեն ու ժառանգորդը լինեն երկնային արքայության, ներում է նույնիսկ ամենաանօրեն ու ամբարիշտ մարդուն, եթե վերջինս անկեղծորեն զղջում է իր գործած մեղքերի ու սխալների համար, խոստովանությամբ և ապաշխարությամբ դարձի գալիս. «Պիտի ներեմ նրանց անիրավությունները և նրանց մեղքերն ու անօրինություններն այլևս չպիտի հիշեմ»,- ասում է Տերը: Սակայն ամբարիշտ և անհավատ մարդիկ, չանսալով Տիրոջ ձայնին, շարունակելով մերժել Աստծու կենարար լույսը, աստվածային պատվիրանները, ուրանում են Տիրոջը, չեն ցանկանում դարձի գալ և ամբարշտությամբ սպանում են իրենց հոգիները: Սողոմոն Իմաստունը գրում է, որ «Ամբարիշտները ձեռքով ու խոսքով իրենց մոտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան և դաշինք կնքեցին նրա հետ», «իրենց ամբարշտությունները բազմացրին և իրենց անհնազանդության մեջ զորացան» (Երեմ. 5:6): Սին է նրանց հույսը, ու ունայն՝ փառքը, քանի որ «նրանց կյանքն առավել անարգ է, քան կավը, որովհետև չճանաչեցին իրենց Ստեղծողին»,- ասում է Իմաստունը: Եվ պիտի կրեն իրենց պատիժը՝ իրենց խորհուրդներին համապատասխան, քանի որ արհամարհեցին արդարությունն ու ապստամբեցին Տիրոջ դեմ, պիտի ժառանգեն դժոխքն ու խավարը, քանզի չար մեղքերով իրենց անունները ջնջեցին Կյանքի Գրքից: Իսկ աշխարհի վախճանին՝ Ահեղ Դատաստանի մեծ օրը, ամբարիշտների «ամբարտավանությունը պիտի խոնարհվի, ...քանզի Զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտավանների վրա է, բոլոր մեծամիտների ու գոռոզների վրա, որոնք պիտի խոնարհվեն» (Եսայի 2:11, 12): Նրանք պիտի ողբան իրենց թշվառ վիճակի համար, աղերսեն ամենակարող Աստծուն, որ ների իրենց, սակայն ուշ է լինելու այլևս, որովհետև Տեր Աստված այս կյանքում է մեղավորի հանդեպ ողորմած, իսկ հանդերձյալում արդարադատ է: «Այստեղ է նստած ողորմության ու շնորհի աթոռին, իսկ այնտեղ կնստի դատաստանի աթոռին: Այստեղ է ներում, իսկ այնտեղ դատապարտում է» (սբ. Գր. Տաթևացի): Եվ անզեղջ մեղավորները Տիրոջից կլսեն այն օրը. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում» (Մատթ. 7:23) և «Գնացե՛ք ինձանից, անիծվածնե՛ր, դեպի հավիտենական կրակը» (Մատթ. 25:41), «որովհետև ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ...»: Եվ մեղավորները վայ կտան իրենց անձերին՝ ասելով. «Մեզ անմահություն խոստացավ, իսկ մենք մնացինք մահվան մեջ. հրավիրեց դեպի վեր՝ երկինք, իսկ մենք իջնում ենք դժոխքի անդունդները. պատրաստեց փափագելի դրախտը, իսկ մենք ընտրեցինք խոցոտիչ փուշը. նաև պատրաստեց մշտնջենավոր կյանքը և փառքը, իսկ մենք մեզ մեղքով սպանեցինք» (սբ. Հովհ. Մանդակունի):

Սիրելինե՛ր, ուրեմն ականջալուր լինենք աստվածային կանչին այսօ՛ր և ամբարիշտ ու անօրեն ընթացքով չհեռացնենք մեզանից Աստծու սերն ու գութը. «Այսօր եթե Նրա ձայնը լսեք, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը» (Եբր. 4:7),- հորդորում է Սբ. Գիրքը: Վանենք մեզանից ամենայն չարիք ու անօրենություն և չար մեղքերով չթունավորենք մեր աստվածաստեղծ հոգիները: Աստվածային պատվիրանների համաձայն՝ առաքինի ու աստվածահաճո կյանքով փորձենք ապրել և թերևս ամուր, զորեղ ու անսասան հավատով զրահավորված և պաշտպանված միայն կկարողանանք դիմակայել չարի հոգեսպան հարձակումներին և այս հոգևոր մարտում հաղթանակել: Չնմանվենք անօրեններին, որովհետև՝ «Ով անօրենություն երկնեց, չարիք հղացավ և անիրավություն ծնեց, նա փոս փորեց, խորացրեց, հենց ինքն էլ ընկավ այն փոսը, որ նա պատրաստեց: Նրա գլխին կթափվեն իր չարագործությունները, նրա գագաթին կիջնեն իր անօրենությունները» (Սաղմ. 7:15-17), իսկ արդարություն գործողները և Տիրոջից երկյուղ կրողները պիտի ժառանգեն հավիտենության անսպառ բարիքները և մշտնջենավոր անանց հանգիստը բոլոր արդարների և սուրբերի հետ ու երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը, որովհետև՝ «Արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը՝ Բարձրյալից: Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն Իր աջով նրանց հովանի և Իր բազկով նրանց պաշտպան է լինելու» (Սող. 5:16, 17):

 

Անժելա Խաչատրյան

 

 

17.02.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․