12 Հոկտեմբեր, Շբ
Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, երբ քրիստոնյաները միավորվում են եկեղեցում միասնական աղոթքի շուրջ, աղոթում են՝ որպես մեկ մարմին: Աղոթքով մարդը ոչ միայն մոտենում է Աստծուն, այլև միավորում Նրա հետ և մեկ հոգի դառնում: Այս մասին Պողոս առաքյալն ասել է. «Ով միանում է Տիրոջը, նրա հետ մեկ հոգի է դառնում» (Ա Կորնթ. 6:17):
Հերթական Տերունի օրը՝ մարտի 10-ը՝ Մեծ պահքի Դատավորի կիրակին, Քրիստոսի հետևորդներին կոչ արեց միավորվել միասնական աղոթքի շուրջ և որպես մեկ մարմին առանց ձանձրույթի ամեն ժամ աղոթել (Ղուկ. 18:1): Մարտի 10-ին «Զորավոր» երիտասարդաց միությունը, կյանքի կոչելով տիրավանդ պատգամը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղավ Սուրբ և Անմահ Պատարագի, ապա ուխտի մեկնելով՝ շարունակեց աղոթական իր ընթացքը: Հասնելով ուխտավայր՝ Մասիսի Ս. Թադեոս եկեղեցին (2015 թ.), ուխտավորները կրկին անգամ համախմբվեցին միասնական աղոթքի շուրջ և սբ. Թադես առաքյալի բարեխոսությամբ հայցեցին Տիրոջը, որ Իր Աջի հովանու ներքո անսասան պահի Հայոց ազգը և եկեղեցին: Այնուհետև Ս. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանն իր օրհնության խոսքն ուղղեց երիտասարդներին, մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը, ապա եկեղեցու պատմությունը ներկայացնելուց զատ զրուցեց համայնքային կյանքից ներս առողջ փոխհարաբերությունների մասին:
Ամեն ժամ և անձանձրույթ աղոթելու մասին սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Աշխատիր միշտ պատրաստ լինել, որպեսզի երբ գա հոգիդ պահանջողը, պատրաստ գտնի քեզ ապաշխարության մեջ, և ես երաշխավորում եմ, որ Նա այդ դեպքում քեզ չի բաժանի փրկվածներից: Միշտ հետևիր Տիրոջ պատվիրաններին՝ արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք (Մատթ. 26:41), նաև՝ պատրա՛ստ եղեք, որովհետև Մարդու Որդին կարող է գալ ձեր չակնկալած ժամին (Մատթ. 24:44): Պողոս առաքյալը ևս հորդորում է՝ անդադար աղոթեցեք (Ա Թեսաղ. 5:17): Խորհեք, թե ինչ է սա նշանակում՝ «անդադար»։ Նշանակում է՝ միշտ՝ բոլոր ժամանակներում և՛ ցերեկը, և՛ գիշերը, և՛ երեկոյան, և՛ առավոտյան, և՛ ամեն ժամի, և՛ աշխատանքի ժամանակ, և՛ ճանապարհին, և՛ դաշտում հերկելիս, քնելիս և արթնանալիս: Մի՛ հետաձգեք աղոթքը մինչև կիրակի կամ տոն օրեր, այլ ամեն տեղ աղոթե՛ք. աստվածությունը չի սահմանափակվում միայն տեղով. «Նրա ձեռքում են բոլոր եզերքները երկրի» (Սաղմ. 94:4)»:
Կարինե Սուգիկյան