ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Արք. Կճոյանի խոսքը՝ ուղղված «Նվիրիր հույս» միջոցառման մասնակիցներին

«ԶԻ ՔԱՂՑԵԱՅ, ԵՒ ԵՏՈՒՔ ԻՆՁ ՈՒՏԵԼ. ԾԱՐԱՒԵՑԻ, ԵՒ ԱՐԲՈՒՑԷՔ ԻՆՁ. ՕՏԱՐ ԷԻ, ԵՒ ԺՈՂՈՎԵՑԷՔ ԶԻՍ. ՄԵՐԿ՝ ԵՒ ԶԳԵՑՈՒՑԷՔ ԶԻՍ. ՀԻՒԱՆԴ ԷԻ, ԵՒ ՏԵՍԷՔ ԶԻՍ. Ի ԲԱՆՏԻ ԷԻ, ԵՒ ԵԿԻՔ ԱՌ ԻՍ»:

Մատթեոս ԻԵ 35-36

Ավետարանական այս հատվածը կարելի է կոչել «Ավետարան Ավետարանի մեջ», քանզի այն քրիստոնեական սիրո հռչակագիրն է՝ ամրագրված Քրիստոսի երեքամյա քարոզչությամբ: Որքա՜ն հստակ, որքա՜ն խորը և, միաժամանակ, դյուրին է ասված. «Որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք, … հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք…»: Հավատքից բխող ծառայություն, որ վկայում է. հավատքը մեռած չէ, այն կենարար է և փրկաբեր: Այսկերպ ուղենշեց և սովորեցրեց Հիսուս Իր աշակերտներին հավիտենական կյանքի ճանապարհը և Երկնային Հոր զավակներ դառնալու կերպը:

Սիրելինե՛ր,

Օրհնյալ և պտղաբեր է «Նվիրի՛ր հույս» ձեռնարկումը: Դուք՝ հույսի նվիրատուներդ, մեկ անգամ ևս նախանձախնդրորեն հանձնառու եղաք այնպիսի բարեգործական հավաքի, որը «Սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթեոս ԻԲ 39) տերունական պատգամի վկայությունն է և քրիստոնեական սիրո լրումը: Ձեր ջանասիրությամբ և բարի գործերով է կառուցվում հավատքի, հույսի և սիրո հարամնա կամուրջը, որ կապում է մեզ երկնքի հետ:

Լինում են պահեր, երբ մեր կյանքը կորցնում է իր փայլը, շուրջն ամեն ինչ խավարում է, և մենք անհուսալիորեն ճնշվում ենք ու խեղճանում: Ամենուր թագավորում է անհուսությունը, և խտանում են մեր հոգու ներկապնակի գույները: Ավետարանը սովորեցնում է. այս ամենից դուրս գալու ելքը չհուսալքվելն է, քանզի «հույսը չի ամաչեցնում» (Հռոմ. Ե 5): Նա, ով ունի այս մտածումը, կարող է տոկալ և հաղթանակել: Հույսն առավել է, այն լույսին հավասարազոր է, և խավարը փախչում է նրանից: Ապրենք հավատքով, հույսով և սիրով առլեցուն մի կյանք: Սիրո կենդանարար շնչով զորակից լինենք քաղցածին, հիվանդին, օտարին, ծարավին և նեղության մեջ եղողին: Սերն է միության կապը և զորության աղբյուրը: Ի՞նչը կարելի է համարել առավել մեծ եղբայրասիրություն, եթե ոչ քրիստոնյաների միաբանական ծառայասիրությունը:

Եկեք աղոթենք միասնաբար, որ Աստված Իր Ամենախնամ Աջով խաղաղ պահի մեր Հայրենիքի սահմանները: Թող 2015 թվականը մեր պատմության էջերում ամրագրվի հայոց ազգի միասնականության, ոգու ամրության և հզորացման տարի: Եվ թող պտղաբերեն Հավատքի, Հույսի, Սիրո ու Բարության անդաստանները՝ ի շենություն և բարօրություն Հայրենիի և Հայոց ազգի: Ամեն:

 

Ջերմագին սիրով և օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

19.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․