25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այսօրվա ավետարանական ընթերցվածքը Հովհաննեսի ավետարանի սկիզբն է: Գիտենք, որ բոլոր չորս Ավետարաններն էլ սկսվում են` ներկայացնելով Հիսուս Քրիստոսին, բայց ի տարբերություն Հովհաննես Առաքյալի` մյուս Ավետարանիչները պատմությունն սկսում են Քրիստոսի երկրային ծնունդով, ազգատոհմը նկարագրելով և Նրանից սերած Հովհաննես Մկրտչի ծնունդով ու քարոզչությամբ, իսկ Հովհաննես ավետարանչի խոսքը տարբերվում է, քանզի ոչ թե պատմական, այլ աստվածաբանական բնույթ ունի: Այսպիսով, կարդում ենք. «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծու մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ. և առանց նրան չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր։ Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։ Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված. նրա անունը՝ Հովհաննես։ Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի Լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան։ Ինքը Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին։ Բանն էր ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին» (Հովհ. 1:1-11)։
Այսպիսով, Հովհաննես Ավետարանիչն իր խոսքն սկսում է Որդու և Աստծու մասին, Որը հանուն մեզ մարդացավ ու Երկիր եկավ: Նա Ավետարանի առաջին իսկ էջից կամենում է մեր ուշադրությունը բևեռել հենց այդ իրողությանը, որ Հիսուս Քրիստոս ինքը մարդացյալ Աստված է, և հետևաբար Նրա խոսքն ու գործն Աստծունն են:
Մատթեոսի Ավետարանի 16-րդ գլխում կարդում ենք. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ ես»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ Հիսուս պատասխանեց և նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է»։ Այսինքն` նույնիսկ Քրիստոսին ամենամերձավոր աշակերտները միանգամից չհասկացան, թե Ով է իրենց կողքին, և հետագայում Սուրբ Հոգու ներշնչմամբ Հովհաննես Առաքյալը գրեց Մարդու Որդու աստվածության մասին, որ հավերժության մեջ անսկիզբ ու անվերջ է, Խոսքն է Աստծու, Կյանքն ու Լույսը մարդկության:
Սակայն ի՞նչը մղեց հավիտենական Աստծուն մարդանալու և Իր արարածների մոտ գալու, սիրելինե՛ր: Մե՛ր մեղքը: Այն պատճառ եղավ, որ մարդասեր Աստծու Խոսքը մարմին առնի ու մեր մեջ հայտնվի՝ ազատելու մեղքի մահաբեր ճիրաններից ու փրկության տանելու: Մեղքի պատճառով Երկիրը հայտնվեց հոգևոր խավարի մեջ, և անհրաժեշտ էր Աստծու ազատաբեր Լույսը` այդ խավարը ցրելու և նորից ամենքին կենդանության շունչ հաղորդելու: Իսկ մարդուց Աստված մեծագույն հավատ և սեր է ակնկալում՝ Իրեն՝ կենսատու լույսի անսպառ Աղբյուրին մոտենալու համար: Ինչպես մոգերը, ճեղքելով գիշերվա խավարը, եկան դեպի Քրիստոսի լույսը, այնպես էլ մենք պետք է ազատվենք մեր հոգում բույն դրած խավարից ու դեպի Փրկագործ Լույսը գնանք: Իսկ ի՞նչ է լույսը, սիրելինե՛ր, եթե ոչ` սեր: Արդ, Աստված Իր Սերն ուղարկեց մեզ, որ մեղքից դեպի սեր գնանք: Մի կողմ թողնենք այս կյանքի ունայնությունները, որ, ի վերջո, միայն դառնություն են բերում, ու դեպի սեր գնանք: Իսկ որտեղ սերն է, այնտեղ լույս է և ուրախություն...
Ցավոք սրտի, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, շատ են մարդիկ, որոնք, որդեգրելով օձի սուտը, թե` «կիմանաք բարին ու չարը» (Ծննդ. 3:5), ասում են, որ իրենց ո՛չ Աստված է հարկավոր, ո՛չ եկեղեցի, ո՛չ ուղեցույց և իրենք ինքնուրույն կարող են որոշել, թե ինչն է իրենց համար լավ, ինչը՝ վատ: Սակայն գիտենք, որ մարդն իր մեղանչական բնությամբ սխալական է, սիրելի՛ հավատացյալներ: Որքան էլ խելացի և ուսյալ լինենք, փորձենք ճիշտ հաշվարկներ կատարել կյանքում, միևնույն է, անկարող ենք ողջ խորությամբ տեսնել իրերն ու իրավիճակը, ի զորու չենք կարդալ մարդկանց սրտերը կամ անցնել ժամանակի միջով: Միայն Ամենատես և Իմաստության Աղբյուր Աստված է տիրապետում այդ ամենին: Ճիշտ է, Բարեգութ Երկնավոր Հայրը ընտրության ազատություն է շնորհել մեզ, սակայն նախազգուշացրել է, որ առանց Իրեն կործանումն անխուսափելի է: Ուստի սիրո ու ողորմածության Աստված լինելով՝ Իր Խոսքն ու Լույսն ուղարկեց` մեր քայլերն ուղղելու և մեզ ուղղորդելու, որպեսզի «ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16):
Աստվածային այդ անսահման սերը գերազանցում է դրա մասին մեր բոլոր տկար պատկերացումները: Կարո՞ղ եք պատկերացնել, սիրելի՛ հավատացյալներ, որ Աստված Իր Որդուն Երկիր ուղարկեց, որպեսզի փրկի նրանց, ովքեր թշնամացել ու պայքարում էին Իր դեմ, անարգում էին Իրեն և խախտում բոլոր պատվիրանները: Եվ մինչ օրս էլ Աստված հոգ է տանում նրանց փրկության մասին և շարունակում է Իր Խոսքն ուղղել նրանց, այսինքն` մեզ՝ բոլոր մարդկանց... Ամեն վայրկյան, կյանքի ամեն պարագայում Նա մեր կողքին է և Իր Փրկարար Աջը մեկնած` սպասում է, թե երբ ենք սթափվելու ու բռնելու այն, միավորվելու Հորը՝ Որդու միջոցով: Տերը ոչ մի րոպե չի դադարում ուսուցանելուց ու խրատելուց: Դա անում է Իր Խոսքով, փորձությունների ու դժվարությունների թողտվությամբ, շնորհներ ողորմելով, մեր միջոցով բարի գործեր գործելով: Աստվածորդու աշխարհ գալով և խաչելության փրկագնի շնորհիվ մենք վերստացանք Աստծու հետ կապը, որ կորցրել էինք վաղուց: Հնարավորություն ունեցանք վերագտնելու Արարչի հետ այն նմանությունը, որ կորցրել էինք մեղքի պատճառով: Աստված Իր Միածնին ուղարկեց, որ շտկի մարդկային պատմության ընթացքը, որ ադամական մեղքի պատճառով շեղվել էր ճշմարիտ ուղուց: Եվ ամենքիս օրինակ լինի՝ գիտակցելու, որ դեպի Հայրը տանող վերադարձի ճանապարհն անցնում է պայքարի, դժվարությունների ու զոհաբերության միջով: Տերն ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մատթ. 16:23), այսինքն` մարդը պետք է մոռանա իր անձը, դուրս գա դրա կաղապարներից ու հիշի, որ բազմաթիվ մարդիկ իր սիրո և ուշադրության կարիքն ունեն: Աստված սովորեցնում է, որ մեկն ավելի մեծ սեր չունի, քան նա, ով պատրաստ է կյանքը տալու հանուն իր ընկերոջ: Եվ բնականաբար պարտադիր չէ ֆիզիկապես մեռնել, այլ պատրաստ լինել կյանքիդ ամեն վայրկյանը նվիրել սիրուն, այն սիրուն, որը «չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա.ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթ. 13:4-8)։
Արդ, սիրելինե՛ր, մաղթում եմ ամենքիս, որ աճենք Աստծու սիրո մեջ, մեր կյանքով ապացուցենք, որ արժանի ենք Աստծու որդեգրյալներ կոչվելու, որոնց համար ի վերուստ նախատեսված է բնակվել իրենց Հոր հետ: Ձգտենք դեպի Աստվածային Լույսը, քանի որ Քրիստոս Երկիր եկավ, որպեսզի մենք Երկինք բարձրանաք ու արժանի լինենք փառավորելու Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան