25 Նոյեմբեր, Բշ
Մի ժամանակ մեր Քրիստոս Աստծո քաղաք Երուսաղեմի արքեպիսկոպոս եղավ Ամովս անունով մեկը: Եվ այս Ամովսը սատանայի ներգործությամբ կրոնավորատյաց էր, թեև ինքն էլ սուրբ սքեմ էր հագած, որին անարժան գտնվեց: Աստծո թողտվությամբ ոմն կրոնավոր ընկավ փորձության մեջ, և այս Ամովսը, հավելումն այլևայլ պատիժների, մերկացրեց կրոնավորին հրեշտակային զգեստից` փոխարենը հագցնելով խոզի, և այս տեսքով հանեց նրան քաղաքի փողոցները: Այդ գիշեր երևաց նրան սուրբ Հովհաննես Մկրտիչը և հանդիմանեց նրան` ասելով. «Այդպես արեցիր և անարգեցիր իմ զգեստը, ուստի իմ իրավունքը կպահանջեմ քեզնից դատաստանի օրը` Քրիստոսի ահավոր ատյանում»: Եվ նա զարթնելով՝ դողէրոցքի մեջ ընկավ, ապա գնաց և քաղաքից դուրս կանգնեցրեց տաճար՝ սուրբ Հովհաննես Մկրտիչի անունով` սուրբ Ստեփանոսի տաճարին դեմ հանդիման: Երբ ավարտեց տաճարի կառուցումը, զարդարեց ու հարդարեց այն ամբողջությամբ, ապա սուրբ սքեմը անարգելու մեղքի համար թողություն էր աղերսում` մեծամեծ հառաչանքներով, պահեցողությամբ և հսկումներով: Երկրորդ անգամ երևաց նրան սուրբ Հովհաննես Մկրտիչը և ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. եթե հինգ տաճար էլ կառուցես՝ ավելի լավը, քան սա, որ ինձ համար շինեցիր, չեն թողնվի քո մեղքերը, որ գործեցիր իմ հանդեպ, այլ դատաստան կտեսնեմ քեզ հետ այն զարհուրելի օրը»: Եվ նույն ժամին էլ հեռացավ նրանից: Դարձավ Ամովսը կրոնավորությունից դեպի մարդկային կենսակերպի, և ովքեր տեղյակ էին այս ամենին, պատմեցին աստվածակիր հայրերին, և նրա անունը ջնջեցին սուրբ պատարագից մեր Քրիստոս Աստծո քաղաքում:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016