23 Նոյեմբեր, Շբ
Աստվածային սիրո արտաքին գոծունեության առաջին իրականացումը Աստուծո արարչությունն է: Աստուծո արարչություն է կոչվում նորա այն գործը, որով նա յուր էությունից տարբեր ինչ է հառաջացնում կամ ստեղծում: Նորա արարչության պատճառն այն է, որ Նա սեր է, ուստիև չի կարող յուր մտքերով յուր մեջ ամփոփվել, ապա թե ոչ` նա սեր չի լինիլ: Սեր լինելով` Աստված պետք է հոգիների հայր լինի, կենդանյաց Աստված և յուր արքայության մեջ հոգի` ճշմարիտ հոգով երկրպագուների համար: Ինչպես որ Աստուծո սերը անկարելի է դարձնում արարչության չլինելն, այնպես և այդ սիրո անսպառ առատությունից բղխում է արարչությունը: Աստված յուր սիրո առատությամբ և յուր կամաց անսահման ազատությամբ կամեցավ ստեղծել աշխարհը և յուր հայտնությունը շնորհել յուր ստեղծածին: Այսպիսով, արարչության պատճառն Աստուծո ազատ կամաց, անբավ սիրո և բազմախորհուրդ մտաց արտաքին իրականացումն է:
Աստուծո արարչության նպատակն ևս սիրո արքայությունն է, որ նա կամենում է հաստատել: Սիրո արքայությունը հիմնադրվում է Աստուծո արարչությամբ և իրականանում, կատարելագործվում է` դեպի Աստված ձգտելովը: Աստված ստեղծեց աշխարհն «ի գովեստ փառաց նորա», ասում է առաքյալը (Եփ., Ա 12, 14). միևնույն ժամանակ ասում է, որ մենք նորոգվում ենք «ի նոյն պատկեր փառաց ի փառս» (Բ Կոր., Գ 18): Հետևաբար ոչ թե արարածական աշխարհը ստեղծված է միմիայն յուր Արարչի փառաց համար և ինքնըստինքյան ոչ մի նշանակություն չունի. նույնպես և ոչ թե արարածական աշխարհն ինքնըստինքյան նպատակ է և յուր հառաջադիմության համար է առանց Աստուծուն նպատակ ունենալու. ո՛չ. այլ Աստված յուր սերը դեպի յուրյան իրականացնում է յուր սիրով դեպի աշխարհը, ըստ որում` նա չէ ստեղծել աշխարհն յուր փառասիրության համար` լոկ նորան միջոց դարձնելով յուր փառքի բարձրանալուն, որին կարոտ չէ, այլ մարդկանց «փառաց ի փառս» նորոգումը և կատարելագործումը յուր նպատակն է դրել յուր սիրո առատության պատճառով: Ուստիև դատապարտելի է Կալվինի և համաստվածյանց ոմանց տեսությունը, թե աշխարհը ծառայում է միմիայն Աստուծո փառաց ու փառասիրության, և իբր թե մարդիկ կաշկանդված անոթներ են, որոնց երանությունն ու նզովքը յուրյանց ճակատագիրն է: Այդպիսի մոլոր տեսությամբ Աստված դառնում է մի եսական զորություն, որպիսի տեսությունը կատարելապես խորթ ու խոտելի է քրիստոնեական վարդապետության սկզբունքով (Եզնիկ, 232-235, 236-238):
Աշխարհն Աստուծո առաջ ո՛չ լոկ միջոց է և ո՛չ լոկ նպատակ, այլ միանգամայն թե՛ միջոց է և թե՛ նպատակ. միջոց է յուր փառաց հայտնության և նպատակ է յուր սիրո արքայության, ընդնմին և աշխարհի նորոգման նպատակն է Ինքն Աստված: Այսպիսով, արարչությունն Աստուծո հավիտենական զորության ճշմարիտ արտահայտությունն է: Այս տեսնելու ենք մանավանդ փրկագործության խորհրդի ուսումնասիրության մեջ (հմմտ. Սաղմ., ԺԸ 1. ԿԸ 35. ՃԽԸ. Ել., ԽԳ 7. Մատթ., Ե 16. Ա Պետ., Դ 10. Ա Կոր., Զ 20. Ժ 51. Եփ., Ա 4, 6, 12. Հովհ., ԺԳ 31. ԺԷ 1-4. Բ Թես., Ա 10. Առ., ԺԶ 4. Եբր., Բ 10. Կող., Ա 16):
Արարչության պատճառն ու նպատակը իմանալուց հետո պետք է գիտենանք և ստեղծել բառի իմաստը: Ս. Գրքում ասված է, թե Աստված ստեղծեց աշխարհն ոչնչից (Ծննդ., Ա 1. Բ Մակ., Է 28. Հռ., Դ 17. Եբր., ԺԱ 3). «Ըստ մարդկան» մտածելով` ոչնչից ոչինչ կլինի: Սակայն առաքյալն ասում է. «Հաւատովք իմանամք հաստատեալ զյաւիտեանսն Բանիւ Աստուծոյ, յաներեւութից զերեւելիսս եղեալ» (Եբր., ԺԱ 3. Կող., Ա 16, 17. Հովհ., Ա 3. Գործք, Դ 24. Սաղմ., ԿԸ 35): Ուրեմն, նախքան ստեղծումը մեր տեսանելի աշխարհից ոչինչ չէ եղել, այլ միմիայն Աստված է եղել և նա աներևութից է ստեղծել աշխարհն ու ստեղծել է «Բանիւ»: Այսինքն` աշխարհի ստեղծագործության բոլոր կարելիությունները («աներևութից»-«ոչնչից») Աստուծո կամաց մեջ էին, զի Աստված է բոլոր կարելիությանց աղբյուրը: Իսկ այդ կարելիությունք բացվում են Աստուծո առաջ յուր Որդվով կամ յուր բանով (Հովհ., Ա 1-5), որով Աստված, յուր մեջ մտածելով և աշխարհի գաղափարը հայտնելով, իրականացնում է յուր արարչական կամքը: Այս են բացատրում մեր Ս. Հայրերը` գրելով. «Աստուած մինչեւ էր արարեալ, ոչ խառն ի խուռն ինչ ճանաչէր զանեղսն, այլ կարգեալ եւ յարմարեալ կային առաջի նորա իւրաքանչիւր մասանցն տեսակքն. իսկ մարդկանց եւ հրեշտակաց` եւ տեսակքն եւ որ ի տեսակին լինելոց էին» (Եղիշե, 24): Եվ այդ կարելիության գաղափարը նա իրականացրեց «ոչ յընչէ, այլ յոչնչէ, զի ինչ` նա միայն է, եւ այլս ամենայն ի նմանէ ընչացաւ»:
«Չգոյր ինչ ժամանակակից Աստուծոյ, եւ ոչ նիւթ ինչ, ուստի առեալ զարարածս կազմիցէ, այլ ինքն է ամենայն բնութեանց Արարիչ. եւ ոչ միայն կերպարանաց կազմիչ եւ ոչ էութեան էականաց իրիք խառնիչ, այլ գոյանալոյ գոյացելոցն գոյարար» (Եզնիկ, 239):
«Յոչնչէ ոչ կարեմք ասել զայս մեծ մարմինս արարածոյս, եւ ոչ ինքնաբոյս գոյացութիւն, նա ոչ ի վարանս տարակուսի անկանիմք, թէ ուստի եղեւ բնական կամքն Աստուծոյ իմանալ եւ առնել ինչ, այլ միշտ Աստուած», մի՛շտ արարող զօրութիւն ընդ իւր: Եւ յորժամ կամեցաւն` նոյնպէս կամեցաւ. զոր յիմանալւոջն էած ի գոյացութիւն, զի իմանալեաց իցէ արարիչ բնական իմացութիւն»: «Աշխարհ յառաջ, քան զլինելն իւր գոյրի նախագաղափար տեսութիւնն Աստուծոյ» (Եղիշե, 369, 374, 173, Հարց., 156-164, 167):
Արդ` Աստված ստեղծեց աշխարհը «Բանով», այսինքն` Որդվով, և յուր անբավ սիրո լրմամբ նա իրականացրեց աշխարհի գաղափարը և գոյացրեց` ըստ յուր Հոր կամաց, իսկ Ս. Հոգին, Հոր անհատ բղխումը լինելով, յուր կենդանարար ներգործությամբ ներքին կազմակերպություն տվավ սիրո արքայության: Ինչպես որ Ս. Երրորդությունն առանց Ս. Հոգուն կզրկվեր յուր ներքին սիրո հարաբերությունից ու կապից, այնպես էլ Աստուծո արարչությունն առանց Ս. Հոգու համագործության անկազմ, անկապ և անզարդ կլիներ: Ուստիև Ս. Ներսես Շնորհալին գրում է. «Հայր կամեցաւ ստեղծանել զերեւելի եւ զաներեւոյթ արարածս, եւ Որդի` գոյացոյց յանգոյից, եւ Հոգին Սուրբ զարդարեաց իմաստութեամբ» (Ընդհանր., 13):
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից