Քրիստոսահիմն եկեղեցու ծառայության անբաժանելի մասն է կազմել և կազմում ավետարանական ճշմարտությունները գործնականորեն կյանքի կոչելու առաքելությունը: Իրական քրիստոնյայի հոգևոր առաքինության նկարագիրն է կազմում քրիստոնեական ողորմածությունն ու կարեկցանքը:
Աստվածադիր ծառայասիրության կոչմանը հավատարիմ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, մարտի 10-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, աջակից եղավ սիրիահայ Գյուլումյան ընտանիքին: Տեր Գրիգորը Գյուլումյան Հակոբին (39 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Երկու տարի է, ինչ Գյուլումյան ընտանիքը բնակություն է հաստատել Հայաստանում և ապրում է վարձակալությամբ Արցախի 22/2, 52 բնակարանում: Երեք անչափահաս զավաների հայրը՝ Գյուլումյան Հակոբը, նշեց, որ չի կարողանում հոգալ ընտանիքի նվազագույն կարիքները, տան վարձը վճարել, քանի որ չի կարողանում աշխատանք գտնել: «Մի քանի անգամ աշխատել եմ իմ մասնագիտությամբ՝ դարբնագործությամբ, բայց ամեն անգամ ստիպված եմ եղել թողնել աշխատանքը՝ չվարձատրվելու պատճառով»,- ասաց նա:
Գյուլումյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, հոգևոր հովվին և աջակից անձին:
Գարեգին Ա Հովսեփյանցն ասել է. «Գործնականում աղքատների խնամատարությունն ունի էական նշանակություն, քանի որ բացահայտում ու շոշափելի է դարձնում եկեղեցում առկա ներքին, կենդանի սերը, որը քրիստոնեական ոգու պահպանման ու հարատևության երաշխիքն է: Այդ սերն անշուշտ բխում է Քրիստոսի անձի օրինակից, Նրա ավանդած պատգամներից, ավետարանական սկզբունքներից, և տեսանելի է դարձնում իրական քրիստոնեական կյանքը: Միաժամանակ հենց այդ կենդանի սերն է, որ ստիպում է քրիստոնյաներին օգնության հասնելու կարոտյալներին: Եվ ամենահատկանշականն այն է, որ այդ բարեգործությունն արվում է առանց փոխհատուցման որևէ սպասելիքի. «Բայց դուք… բարությո՛ւն արեք նրանց. փոխ տվեք նրանց, որոնցից հույս չունեք ձեր տվածը հետ վերցնելու» (Ղուկաս 6:35)»:
Կարինե Սուգիկյան