11 Նոյեմբեր, Բշ
Կար-չկար մի բարի ու կարեկից մարդ: Նա երջանիկ ապրում էր, գոհ էր ամեն ինչից և սիրում էր կյանքը: Նա բոլորին օգնում էր, կարեկցում, ներում, աղոթում՝ առանց որևէ ակնկալիքի: Սակայն մի օր դիմեց Աստծուն. «Տե՛ր, ախր ես այնքան լավն եմ, այնքան բարիք եմ գործել, բայց փոխարենը ոչինչ չեմ ստացել: Ո՛չ փող ունեմ, ո՛չ լավ աշխատանք, ո՛չ ընտանիք, ո՛չ փառք ու իշխանություն»:
Բայց նա ուներ սիրելի աշխատանք: Ապրուստի միջոցները բավարար էին, սակայն կարծում էր, որ իր գործած բարիքի դիմաց ավելիին է արժանի: Նրա աղոթքն այդպես էլ անպատասխան մնաց: Բայց շուտով կյանքն ամբողջովին փոխվեց՝ լավ աշխատանք գտավ, սկսեց մեծ գումարներ վաստակել, ամուսնացավ ընկերության տնօրենի դստեր հետ, զավակներ ունեցավ: Բայց… երջանիկ չէր: Կյանքը վազքի մեջ էր անցնում՝ բարեկեցության, հարստության, պատվի ու մեծարանքի ետևից վազելով, իսկ ապրելու ժամանակ չէր մնում: Եվ նա սկսեց չարանալ, կասկածամիտ ու ժլատ դարձավ, այլևս չէր կարեկցում և օգնում մարդկանց: Մի անգամ երազում տեսավ, որ հարցնում է Աստծուն, թե ուր կորավ իր երջանկությունը: «Առաջ քո գործած բարիքի վարձը երջանկությունը, խաղաղությունն ու սերն էին, որ տեսանելի էին միայն քեզ, և անտեսանելի՝ այլոց համար: Բայց դու փոխանակեցիր քո երջանկությունը: Ցանկացար, որ այն տեսանելի դառնա, և այդ պատճառով այն սրտիցդ տեղափոխվեց արտաքին աշխարհ: Այժմ շրջապատի համար տեսանելի դառնալով՝ այն «անտեսանելի» դարձավ քեզ համար: Հիշի՛ր, գլխավորն աչքերով չես տեսնի»:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը