Գրքեր

Երկխոսություն զինվորի հետ աղոթքի մասին: Աղոթք ճաշից առաջ և հետո:

Սիրելի՛ զինվոր, այսօր ուզում եմ քեզ հետ խոսել աղոթքի կարևորության մասին: Նախ միասին բացատրենք թե ի՞նչ է նշանակում աղոթք, այնուհետև ես քեզ կբացատրեմ աղոթքի կարևորության մասին: Քո կյանքում երբևէ եղե՞լ է այնպիսի դժվար իրավիճակ, որ ուրիշ ելք չես ունեցել, եթե ոչ միայն ապավինել Աստծու օգնականությանը: Այո՛, այո՛, գիտեմ շատ շատ են մեր կյանքում նմանատիպ իրավիճակներ:
Երբևէ հարց չի՞ առաջացել ինչու՞, ո՞նց: Եթե թույլ տաս ես մի պատմություն կպատմեմ իմ կյանքից: Երբ որ ես դպրոցական էի, ցանկացած անելանելի իրավիճակներում մայրիկիս կամ էլ հայրիկիս օգնությանն էի ապավինում: Սփոփանք գտնում էի միայն այնտեղ: Կենսաբանությանս դասատուն անընդհատ ցածր գնահատական էր ինձ դնում, հակառակ այն բանին, որ հատկապես իր առարկան ավելի լավ էի սովորում: Եվ սա շարունակական բնույթ էր կրում: Մի օր էլ չդիմացա և հայրիկիս արտասվելով պատմեցի այդ մասին: Եվ հայրս խոստացավ հարթել այդ խնդիրը ու խոսեց կենսաբանության դասատուի հետ:
Փոքր տարիքում կարծում էի, որ հորիցս և մորիցս այն կողմ չկա մեկը, որ ինձ կարողանա պաշտպանել փորձություններից: Երբ որ մեծացա, հասկացա, որ բացի երկրավոր Ծնողից կա նաև Երկնավոր Ծնող՝ ԱՍՏՎԱԾ, որը ավելի Հզոր է և Ամենակարող: Կամաց-կամաց փոխվեց իմ մտածումները այդ հարցի շուրջ:  Այնուհետև ինձ մոտ հարց առաջացավ, թե ինչպե՞ս կարող է Ինձ Աստված օգնել, ես ինչպե՞ս կարող եմ Աստծու հետ կապ հաստատել: Հասկացա, որ դրա միակ միջոցը Աղոթքն է: Սկսեցի աղոթք սովորել, և այսպես սկզբնավորվեց իմ քրիստոնեական կյանքը:  Գիտե՜ մ, գիտե՜ մ դու էլ ես նույն կերպ մտածում:
Քրիստոնեական հայրերից Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին լավ բնութագրում է տալիս. «Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս»: Այո՛ սիրելի ընկեր մենք ցանկացած իրավիճակում պետք է փառք տանք տիեզերքի Արարչին՝ Աստծուն, ով մեր Հոգևոր Հայրն է և միայն Նա գիտի, թե մեզ համար որն է օգտակար և որը ո՛չ:
Աղոթքը հաղորդակցություն է արարվածի և Արարչի միջև: Աղոթքը կամուրջ է, որը մեզ տանում է Երկնավոր Հոր անսահմանելի տիեզերքին ընկերակից լինելու:
Վստահ եմ, որ այս պահին հարց է առաջանում Քեզ մոտ այն մասին, թե ինչպե՞ս է հաճախ մեր աղոթքը մնում անպատասխան: Արի միասին լսենք, թե այս հարցի շուրջ ի՞նչ պատասխան է տալիս Հովհան Ոսկեբերանը. «Երբեմն օգտակար է չստանալը: Եթե մեզ համար հաճախ օգտակար չլիներ չստանալը, Աստված անկասկած կտար, այնինչ օգուտով չստանալը նշանակում է ստանալ: Եկեք չտրտնջանք խնդրածն ստանալու ուշացման համար, այլ այդ առիթով ցուցաբերենք մեծ համբերատարություն և կամք:
Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը: Բայց Նա չի շտապում, որպեսզի հենց մեզնից առիթ ստանա արդարաբար արժանացնել մեզ Իր խնամքին:
Ուրեմն, կստանանք թե չենք ստանա, մենք պետք է հավասարապես երախտապարտ լինենք և ուրախությամբ ընդունենք այն, ինչ Նրան հաճո է:
Այդ պատճառով չէ Աստված դանդաղում կատարել մեր խնդրածները, որ մերժում է դրանք, այլ կամենում է ուսուցանել մեզ անհողդողություն և գրավել առ Ինքը: Այդպես է վարվում որդուն քնքշորեն սիրող հայրը` հաճախ հավանություն չտալով որդու խնդրանքներին, ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում տալ, այլ դրանով կամենում է նրան համառությամբ ամրապնդել»:
Պետք է ցանկացած իրավիճակում փառաբանենք Երկնավոր Հորը և աղոթք ասենք:

  • Պետք է աղոթենք արթնանալիս, որովհետև ինչքա՞ն մարդիկ կան, որ քնում և չեն արթնանում: Իսկ մենք ամեն առավոտ կրկին Աստծուն փառաբանելու և մեր մեղքերի համար Աստծուց ներողամտություն խնդրելու հնարավորություն ենք ունենում ստանում:
  • Պետք է աղոթենք մեր յուրաքանչյուր գործերից առաջ: /Աշխատանքի գնալիս, դասի նստելիս, մարտական հերթապահություն իրականացնելիս, մարտական հերթափոխ իրականացնելիս, զենքի հետ առնչվելուց, մարտական խնդիր կատարելիս, և այլն/:
  • Պետք է աղոթենք ուտելուց առաջ և հետո: Որովհետև մեզ հնարավորություն է տրվում վայելելու Աստվածային բարիքները:
  • Պետք է աղոթք ասենք քնելուց առաջ: Որովհետև կան շատ մարդիկ, որ քնելու պայմաններ չունեն, բայց Դու սիրելի՛, զինվոր ունես բավականին  լավ պայմաններ քնելու համար:
  • Պետք է աղոթենք հարատև:

Եվ իմացի՛ր սիրելի ընկեր այս պարագային մեր կյանքը կընթանա Աստվածային բյուր օրհնությունների մեջ: Եվ ցանկացած դժվարություն Ինքն՝ Աստված կօգնի մեզ հաղթահարել:
Կյանքի ցանկացած իրավիճակում, երբ որ կզգաս Աստված լքել է քեզ, իմացի՛ր, որ Աստված քեզ չի լքել և այդ պահին Աստված քեզ գրկած է տանում:
Մի առակ կա այն մասին, երբ մի երիտասարդ հոգնելով այս կյանքի դժվարություններից ցանկանում է ամենաուժեղ թույնը գնել և իր կյանքին վերջ տալ: Երիտասարդը, երբ որ թույնը ձեռք է բերում, խմելուց առաջ աղոթք է ասում, խաչակնքվում, հետո նոր խմում: Անցնում են ժամեր և երիտասարդը տեսնում է, որ ինքը զարմանալիորեն կենդանի է: Երիտասարդը լաց է լինում և հասկանում, որ Աստված լսել է իր աղոթքը և իրեն հնարավորություն տվել գիտակցական կյանքի:
Սիրելի՛ ընկեր, զինվորական ծառայության ընթացքում շատ են դժվարությունները, բայց աղոթքով մենք կարող ենք այդ դժվարությունները ի չիք դարձնենք: Այնպես, որ արի միասին աղոթք անենք և մաղթենք բոլոր զինվորներին, /հատկապես սահմանապահ զինվորներին, քանի որ իրենք առավել կարիքն ունեն այդ աղոթքի/ առողջություն, իմաստություն և Աստվածային շնորհների առատություն:

Ամենակարող Տեր,
Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,
Լցրու ինձ սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու վճռականությամբ:
Քո հոգևոր սպառազինությամբ
Դարձրու ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր:
Երկնայիդ զորքիդ բարեխոսությամբ
Միշտ տոկուն պահիր, զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ:
Քո սուրբ Աջի և բարի հայացքի ներքո,
Ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:
Եվ քեզ փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ
Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

 

Վոլոդյա սարկավագ Նաջարյան

 

02.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․