12 Հոկտեմբեր, Շբ
Երբեմն հանդիպում ես մարդկանց, որոնք վստահորեն ասում են, թե հավատում են Աստծուն, հոգևոր աշխարհի գոյությանը, համաձայն են, որ աղոթքն օգնում է խաղաղություն և հանգստություն ձեռք բերել, անկեղծորեն կարծում են, որ մարդը պետք է բարի լինի, բայց և միևնույն ժամանակ չեն կարևորում հոգու փրկության համար անհրաժեշտ Ս. Պատարագի արարողությանը մասնակցելը, եկեղեցու համայնքային կյանք մուտք գործելը: Այդ ամենն իրենցից հեռու և իրենց չվերաբերող մի կյանք է: Քրիստոսահիմն եկեղեցու բուն էությանն անհաղորդ մարդու համար դժվար է ընկալել, որ եկեղեցուց ներս լիառատ կյանք է՝ Քրիստոսի հետ միավորյալ մի կյանք:
Քրիստոսի տասներկու առաքյալներից Թովմասը, որն, ի տարբերություն մյուս առաքյալների, չէր տեսել հարուցյալ Փրկչին, չէր հավատում Նրա հարության իրականությանը: Երբ Քրիստոս հարությունից հետո կրկին անգամ հայտնվեց առաքյալներին, մոտեցավ Թովմասին և ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մեջ, անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ» (Հովհ. 20:27): Ահա և նույնն է ասում Քրիստոս մարդկանցից յուրաքանչյուրին՝ բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս. եկեղեցին առաջարկում է շոշափել աստվածային օրհնությունը՝ անձամբ հաղորդակցվելով Աստծո հետ: Աստվածային օրհնությանն անմիջականորեն հաղորդակցվելու և այն զգալու համար՝ եկեղեցին առաջարկում է մասնակցել եկեղեցական խորհուրդներին ու արարողություններին: Ս. Գրիգոր Նարեկացին մեծ ուրախությամբ արձանագրում է այդ անգին հնարավորության մասին. «Անհպելի և անհաս բաների ընտանեցրիր, երկրային աչքիս համարձակություն տվեցիր նայելու քեզ, և փառքիդ լույսով պարածածկեցիր, անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ քեզ մոտեցրիր: Չխորտակեցիր դաստակը բազկիս, երբ անմաքրապես բարձրանում էր քեզ. չկոտրտեցիր մատներիս հոդերը, երբ Քո կենաց բանն էի շոշափում, մառախուղ չպատեց շուրջս, երբ, ո՜վ ահավոր, պատարագ էի ձոնում քեզ. չփշրեցիր շարքն ատամներիս, երբ ըմբոշխնում էի քեզ, անսահմանելի՜ (Բան Ե)»:
Եկեղեցին Կյանքի հաղթանակն է, Քրիստոսի հաղթանակը մահվան և քաոսի դեմ: Քրիստոսի հետևյալ խոսքերն այդ մասին են ասում. «Այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այդ չպիտի հաղթահարեն» (Մատթ. 16:18): Քրիստոնեությունն Աստծո հետ միավորյալ կյանք է, իսկ միությունը տեղի է ունենում եկեղեցում՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:
Ըստ հայրաբանական գրականության՝ եկեղեցուց դուրս և առանց եկեղեցու հնարավոր չէ քրիստոնեական կյանք ունենալ: Ինչպես չկա կյանք և չկան կենդանի էակներ բնությունից դուրս, այնպես էլ եկեղեցուց դուրս չկա հոգևոր կյանք: Միայն եկեղեցում է հնարավոր հոգևոր աճ ունենալ և փրկվել, նման մարմնի անդամների, որ չեն կարող միմյանցից հեռու աճել և զարգանալ: Առանց եկեղեցու չկա քրիստոնեություն, մնում է միայն քրիստոնեական ուսուցումը, որ ինքն իրենով չի կարող նորոգել «անկյալ Ադամին»: Առանձին անհատը, և նույնիսկ քրիստոնեական համայնքն այնքանով է կենդանի, որքանով ապրում է Քրիստոսի կյանքով, որքանով միավորված է Եկեղեցուն: Առանձնանալ, պարփակվել ինքն իր մեջ, նույնն է, ինչ արևի շողն առանձնանա արևից, առվակը՝ աղբյուրից, ծառի ճյուղը՝ բնից: Հոգևոր կյանքը հնարավոր է միայն եկեղեցու հետ օրգանական կապով, եթե խզվի այդ կապը, ապա անհապաղ կսպառվի և քրիտոնեական կյանքը:
Ս. Կիպրիանոս Կարթագենացին ասել է, որ Աստծո տունը մեկն է, և ոչ ոք չի կարող փրկվել, եթե ոչ եկեղեցում: Եթե նայենք նրանց հավատքին, ովքեր եկեղեցուց դուրս են, ապա կպարզվի, որ բոլոր հերետիկոսների մոտ այլ հավատ է, նույնիսկ կարելի է ասել միևնույն մոլեռանդությունը, աստվածանարգությունն ու վիճաբանությունը՝ սրբության և ճշմարտության դեմ հակառակվող:
Քրիստոս ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ Ինձանով» (Հովհ. 14:6) և «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չըմպեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ. 6:54): Այսպիսով, նա, ով չի հաղորդվում Փրկչին ճշմարիտ եկեղեցում, կատարում է մի ընտրություն, որը չի առաջնորդելու նրան դեպի հավիտենական կյանք, այնինչ Փրկիչը նախազգուշացրեց. «Եթե մեկը Իմ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի և կչորանա, և այն կհավաքեն ու կրակը կնետեն և կայրվի» (Հովհ. 15:6):
Կազմեց Կարինե Սուգիկյանը