22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, վերջնական ախտորոշումն արված է: Ձեր ուռուցքը չարորակ է: Դա քաղցկեղի վատագույն ձևերից մեկն է:
- Ինձ մի թաշկինակ բեր, որ պար բռնեմ: «Մնաս բարով դժբախտ աշխարհ, առողջ եղիր» պարն եմ պարելու: Կյանքումս ոչ մի անգամ չեմ պարել, բայց այժմ ուրախությունից պարելու եմ, որ մահը մոտ է:
- Հա՛յր, բժիշկն ասաց, որ Ձեզ նախ ճառագայթման են տանելու, որպեսզի ուռուցքը թուլացնեն, հետո վիրահատություն կանեն:
- Պարզ է: Նախ ավիացիան է ռմբակոծելու, հետո բանակը հարձակման կանցնի: Ահա թե ինչ, ավելի լավ է ես (միանգամից) վերև գնամ ու պատմեմ ձեզ, թե ինչ է այնտեղ կատարվում… Ոմանք, նույնիսկ տարեցները, վշտանում են, երբ բժիշկն ասում է «մեռնելու ես« կամ «հիսուն տոկոսի հույս կա, որ կապրես»: Նրանք ապրել են ուզում: Իսկ հանուն ինչի՞: Զարմանալի բան է: Եթե երիտասարդ մարդն է ուզում ապրել, դա գոնե հասկանալի է, ինչ-որ արդարացում կա: Բայց, եթե ծերունին է ցանկանում ողջ մնալ, ապա ես դա չեմ հասկանում: Հասկանում եմ, եթե նա բուժվում է, որպեսզի ի վիճակի լինի ինչ-որ կերպ ցավին դիմանալու: Այսինքն նա չի ուզում, որ իր կյանքը երկարի, բայց ուզում է ի վիճակի լինել գոնե մի փոքր ցավին դիմանալու և իր մասին հոգ տանելու՝ մինչև մահանալը: Այդպիսի բուժման մեջ իմաստ կա:
- Հա՛յր, մենք խնդրում ենք Աստծուն, որպեսզի Նա երկարացնի Ձեր կյանքը:
- Ինչի՞ համար: Մի՞թե սաղմոսում գրված չէ, որ յոթանասունը մեր կյանքի ժամկետն է (Սղմ. 89:10):
- Սակայն սաղմոսերգուն ավելացնում է. «կամ առավելագույնը՝ ութսուն տարի»…
- Այո, բայց հետո նաև այն մասին է ասում, որ. «որոնց մեծ մասն անցնում է ցավով ու հեծությամբ»: Այնպես, որ ավելի լավ է հանգիստ գտնել մյուս կյանքում:
- Հա՛յր, իսկ հնարավո՞ր է, որ խոնարհ մարդը, հոգևոր առումով, իրեն պատրաստ չզգա մյուս կյանքի համար և ցանկանա մի քիչ էլ ապրել, որպեսզի պատրաստվի:
- Դա լավ է, իհարկե: Բայց այդպիսի մարդը որտեղի՞ց գիտի. միգուցե, եթե նա ավելի երկար ապրի, ապա ավելի վատ լինի:
- Հա՛յր, իսկ երբ մարդն ընկերանում է՝ հաշտվո՞ւմ է մահվան հետ:
- Ե՞րբ: Եթե մարդու մեջ Քրիստոսն է ապրում, ապա մահը նրա համար ուրախություն է: Սակայն, ճիշտ չէ մահվան համար ուրախանալ, քանի որ հոգնել ես կյանքից: Երբ մարդն ուրախանում է մահվան համար, բառի լավ իմաստով, ապա մահը հեռանում է նրանից ու գնում վախկոտ մեկի մոտ: Եթե դու մեռնել ես ուզում՝ չես մեռնում: Բարօրության մեջ ապրող մարդը վախենում է մահվանից, որովհետև աշխարհիկ կյանքը հաճույք է պատճառում նրան և նա չի ցանկանում մահանալ: Եթե որևէ մեկն այդ մարդուն մահվան մասին է ասում, ապա նա պատասխանում է. «Երեք անգամ փայտին թխկացրու»: Իսկ ահա նա, ով տառապում է, ցավ է ապրում և այլն, մահը ազատագրում է համարում և ասում է. «Ի՜նչ ափսոս, որ մահը դեռ չի եկել ինձ տանելու… Երևում է ճանապարհին ինչ-որ խոչընդոտի է հանդիպել»:
Քչերն են մահ ցանկանում: Մարդկանց մեծամասնությունը ուզում է այս կյանքում հասցնել ինչ-որ բան ավարտել և այդ պատճառով էլ չի ցանկանում մահանալ: Սակայն Բազումողորմ Աստված այնպես է դասավորում, որ մարդը մահանում է այն ժամանակ, երբ հասուն է դառնում: Բայց ինչ ուզում ես ասա, հոգևոր մարդը՝ լինի երիտասարդ, թե տարեց, պետք է ուրախանա և՛ ապրելու համար, և՛ մահվան հեռանկարի: Միայն թե պետք չէ մահվան ձգտել, որովհետև դա ինքնասպանություն կլինի:
Այն մարդն ով մահացել է աշխարհի համար և հարություն է առել հոգևոր առումով, մահվան նկատմամբ ամենևին էլ անհանգստություն, վախ կամ տագնապ չունի, որովհետև ուրախությամբ է մահվանը սպասում: Որովհետև Քրիստոսի մոտ է գնալու և Նրա հետ է ուրախանալու: Սակայն նա այս կյանքում էլ է ուրախանում, որովհետև այս կյանքում ևս Քրիստոսի հետ է ապրում և դեռևս երկրի վրա ապրելով՝ զգում է դրախտային ուրախության մի մասը: Այդպիսի մարդն իրեն հարց է տալիս, թե արդյոք Դրախտում ավելի մեծ ուրախություն կա՞, քան այն է, ինչ նա երկրի վրա ապրելով է զգում: Այս մարդիկ բարեպաշտությամբ և անձնվիրությամբ են ճգնում: Աչքի առաջ մահն ունենալով և ամեն օր նրա մասին մտածելով՝ նրանք ավելի հոգևոր կերպով են պատրաստվում, ավելի մեծ անվեհերությամբ են ճգնում ու հաղթում են ունայնությունը:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի