21 Դեկտեմբեր, Շբ
Մաս 5-րդ
«Պէտք չէ, որ տղամարդն իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծու, իսկ կինը ի՛ր մարդու փառքն է. որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց. քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար» (Ա. Կորն. 11, 7-9)։
Առաքեալն այստեղ չի փորձում նորից ամրապնդել տղամարդու գերազանցութիւնը կամ գերիշխանութիւնը: Յիշենք, թէ մենք պէտք չէ մոռանանք այս գլխի համատեքստը, որ կորնթացիներին ուղղուած առաջին նամակի 11-րդ գլուխն ամբողջութեամբ Հաղորդութեան Սուրբ Խորհրդի մասին է: Առաքեալն ասում է, թէ տղամարդը «պատկերն ու փառքն է Աստծու» միայն մէկ պատճառով, քանի որ մեր Աստուածը՝ Յիսուս Քրիստոս, մարմնացաւ տղամարդու կերպարանքով ու պատկերով: Յետոյ նշում է, որ կինը «ի՛ր մարդու փառքն է» (կամ մարդկութեան):
Կորնթոսի եկեղեցու անդամների միջեւ լինում էին տարաձայնութիւններ, վէճեր, կռիւ, նախանձ ու բաժանումներ: Առաքեալն ասում էր. «Մէկն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը, թէ՝ ես՝ Ապողոսեան…» (Ա. Կորն. 3, 3): Եւ կանայք այդ քննարկումներում ու վէճերում շատ ակտիւ մասնակցում էին: Հակառակ դէպքում, ինչո՞ւ է Պողոս առաքեալը գրում. «Կանայք թող լուռ մնան եկեղեցու մէջ, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպէս օրէնքն էլ ասում է» (Ա. Կորն. 14, 34): Այդ պատճառով Պօղոս առաքեալը եփեսացիներին ուղղուած իր նամակում նորից յիշեցնում է. «Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդուեն Տիրոջը, որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. եւ ինքն է Փրկիչն այդ մարմնի։ Եւ ինչպէս եկեղեցին հնազանդւում է Քրիստոսին, նոյնպէս եւ կանայք թող հնազանդուեն իրենց մարդկանց ամէն ինչում» (Եփես. 5, 22-24): Ամուսինն Աստծու պատկերն ու փառքն է, ինչպէս եւ՝ Քրիստոսի (Բ. Կորն. 4, 6): Հետեւաբար, կինը պէտք է հնազանդ լինի իր ամուսնուն, քանի որ նա իր ամուսնու փառքն է:
Ինչո՞ւ պէտք չէ, որ տղամարդն իր գլուխը ծածկի: Որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծու: Գրուած է. «մէ՛կ Աստուած, Հա՛յր բոլորի, որ է բոլորի վրայ, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ» (Եփես. 4, 6): Որպէս Հայր Աստուած՝ «բոլորի վրայ» է, բոլորն Իր իշխանութեան ծածկոյթի տակ են, եւ ուրիշ աւելի բարձր իշխանութիւն չի կարող լինել: Լինելով այդ իշխանութեան ու պաշտպանութեան ծածկոյթի պատկերը՝ ամուսինը պէտք չէ իր գլուխը ծածկի, քանի որ, հակառակ դէպքում, նա կասկածի տակ է դնում Աստծու բարձրագոյն իշխանութիւնը: Իսկ մերժել Աստծու իշխանութիւնը նշանակում է սեփական գլխին ամօթ եւ անարգանք բերել, քանի որ անհաւատութիւնը մեղք է: Տղամարդը կարող է գլխաբաց կանգնել, քանի որ տղամարդու իշխանութիւնը կնոջ հանդէպ արտացոլում է Աստծու իշխանութիւնն արարածների նկատմամբ: Կնոջ դէպքում ամէն ինչ ճիշդ հակառակն է: Կինը ներկայացնում է նաեւ իր գլուխը՝ տղամարդուն, որը մեղաւոր արարած է: Այդ պատճառով էլ կինն Աստծու առջեւ գտնուելիս, աղօթքի պահին քօղով ծածկում է իր գլուխը: Խօսքն այստեղ խորհրդանշանների, համապատասխան իրողութիւնը խորհրդաբար ներկայացնելու մասին է: Լինելով իր ամուսնու փառքը, որ պաշտպանում է իրեն, կինը պէտք է իր գլխին ունենայ քօղի նշանը, որպէսզի հրեշտակները դա տեսնեն որպէս խոնարհութեան ու հնազանդութեան արտայայտութեան եւ որպէս ամուսնու իշխանութիւնն իր վրայ ճանաչելու նշան: Եւ այս երեւելի նշանը պէտք է հրեշտակներին:
Գլխաշորը ծածկում է «կնոջ փառքը», այսինքն՝ իր մազերը: Մազերը ծածկելը մի արարք է, երբ կինը յայտարարում է Աստծուն, թէ իր «փառքը» Տիրոջ փառքից պակաս է, եւ այդպէս մեծարում է Աստծուն ու դրանով յիշեցնում, թէ հոգեւոր արժանիքները չեն կարող աճել առանց խոնարհութեան ու հնազանդութեան: Այնպէս որ, նա կամաւոր ծածկում է իր գլուխը Տիրոջը հաճոյ լինելու ու պատուիրանը կատարելու համար: Կինը գլուխը ծածկում է ոչ միայն որպէս իր հաւատքի նշանը Քրիստոսի մարմնաւորման նկատմամբ եւ ոչ միայն ցոյց տալու, թէ Քրիստոսի Եկեղեցին սուրբ է, այլեւ իր անձի «փառք»-ը ծածկելու նպատակով, որպէսզի այդ խոնարհութեան նշանով ցոյց տայ, թէ ինքը չափազանց հպարտ չէ իր կանացի գեղեցկութեամբ: Գլուխը ծածկելով Աստծու առջեւ՝ կինը յայտարարում է, թէ ոչ ոք ամբողջ աշխարհում պէտք չէ, որ իր գլուխը մերկացնի Քրիստոսի առջեւ: Իսկապէս, ոչ ոք պէտք չէ մերկացնի իր գլուխն Աստծու առջեւ, ոչ էլ պէտք է որեւէ մէկը իր սեփական կամքը, կարծիքը կամ գաղափարը առաւել համարի Քրիստոսի առջեւ: Տիրոջ ներկայութեամբ բոլորի գլուխները պէտք է ծածկուած լինեն, այսինքն՝ մեր սեփական կամքը, կարծիքներն ու դատողութիւնները պէտք է ստորադասուեն: Այսպիսով, խոստովանում ենք Տիրոջը, թէ՝ «Դու ես իմ գլուխը»: Կնոջ գլուխը ծածկուած է Աստծու առաջ, քանի որ նա ունի ներկայացուցչական դիրք ու ներկայացնում է համայն մարդկութեանը, ամբողջ տիեզերքը: Բայց, քանի որ տղամարդն է Աստծու պատկերն ու փառքը, նա իր գլուխը պէտք չէ ծածկի։ Իսկ կինը, որ իր ամուսնու փառքն է (Ա. Կորն. 11, 7) եւ իր ամուսնու պսակը (Առակ. 12, 4), պարտաւոր է ծածկել իր գլուխը։ Ուրեմն, եթէ կինը չի ծածկում իր գլուխը, նա չի կարող ցոյց տալ, թէ ամուսինն իր գլուխն է. «Որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց. քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար» (Ա. Կորն. 11, 8-9): Ամուսնու իշխանութիւնը ոչ թէ տիրոջ եւ ստրուկի յարաբերութիւն է, այլ հիմնականում ենթադրում է սէր ու հոգածութիւն: Քօղը խորհրդանշում եւ յիշեցնում է արարածների հանդէպ Աստծու հոգածութիւնն ու իր կնոջ նկատմամբ տղամարդու սիրոյ եւ հոգատարութեան պարտաւորութիւնը: Այսպիսով, գլխաբաց լինելն արտայայտում է անհնազանդութիւն ու մերժում է Աստծու տիրապետական տնօրինութեան իշխանական դասակարգումը:
Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն ասում է. «Ամուսինը (ասում է առաքեալը) պէտք չէ ծածկի իր գլուխը, ոչ միայն այն պատճառով, որ իր գլուխը Քրիստոսն է, այլ նաեւ այն պատճառով, որ ունի իշխանութիւն իր կնոջ վրայ: Երբ իշխանութիւն ունեցող մէկը գայ թագաւորի մօտ, նա իր վրայ պէտք է ունենայ իր իշխանութեան նշանը: Դրա համար, ինչպէս որ իշխանութիւն ունեցողներից ոչ մէկը չէր համարձակուի յայտնուել թագ կրողի առջեւ առանց գօտու եւ (իր աստիճանին համապատասխան) հագուստի, այդպէս էլ դու, առանց քո իշխանութեան նշանի, այսինքն՝ առանց բաց գլխի, չաղօթես Աստծուն, որպէսզի չանարգես ե՛ւ քեզ, ե՛ւ քեզ յարգողներին: Նոյնը կարելի է ասել եւ կնոջ մասին: Նրա համար էլ անպատուաբեր է չունենալ իր ենթարկուածութեան նշանները: «Կինը ի՛ր մարդու փառքն է»: Հետեւաբար, ամուսնու իշխանութիւնն իր կնոջ հանդէպ բնական է: Սա բացատրելով՝ նա (առաքեալը) յետոյ ներկայացնում է այլ հիմքեր ու պատճառներ, քեզ տանում է արարչութեան սկիզբը՝ ասելով. «Ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց» (Ա. Կորն. 11, 8): Եթէ մէկի ծագումը միւսից՝ վերջինիս փառքն է, ուրեմն առաւել եւս նրանց նմանութիւնը. «Քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար» (Ա. Կորն. 11, 9): Սա է երկրորդ առաւելութիւնը, կամ աւելի լաւ է ասել, երրորդը եւ չորրորդը: Առաջինն այն է, որ Քրիստոս է մեր գլուխը, իսկ մենք՝ կնոջ գլուխը: Երկրորդն այն է, որ մենք Աստծու փառքն ենք, իսկ մեր փառքը՝ մեր կինն է: Երրորդն այն է, որ ոչ թէ մենք ենք կնոջից, այլ կինը՝ մեզանից: Ու չորրորդն այն է, որ ոչ թէ մենք ենք կնոջ համար, այլ կինը՝ մեզ համար[1]: «Դրա համար կինը պարտաւոր է քօղ (իշխանութեան նշան) դնել գլխին» (Ա. Կորն. 11, 10): Ինչո՞ւ է այսպէս: Բացի այն ամէնից, ինչ որ արդէն ասուել էր (ըստ պատճառների), նաեւ հրեշտակների պատճառով։ Եթէ դու,- ասում է առաքեալը,- ուշադրութիւն չես դարձնում ամուսնուդ, ուրեմն, ամաչի՛ր հրեշտակներից: Այսպիսով, ծածկոցը նշան է հնազանդութեան եւ ենթարկուածութեան: Այն կոչ է անում նայել ներքեւ, լինել խոնարհ ու գործել առաքինութիւն, իսկ առաքինութիւնն ու ենթարկուողի պատիւը կայանում են հէնց նրանում, որ մնան հնազանդ: Ամուսնուն նախատեսուած չէ դա անել, որովհետեւ նա պատկերն է Աստծու, իսկ կնոջ դէպքում դա ճշմարիտ է (նախատեսուած է գլուխը ծածկել): Ուրեմն, ի՛նքդ դատիր, թէ որքան մեծ է յանցագործութիւնը, երբ դու, արժանանալով այդպիսի իշխանութեան, ինքդ քեզ անպատւում ես՝ կնոջ տեսքն առնելով: Դու անում ես նոյնը, եթէ, ինչպէս ստանալով թագը, այն գլխիցդ դէն նետէիր ու թագի փոխարէն հագնէիր ծառայի հագուստը»[2]: