Հայրերի կենցաղավարության մասին

Ոմն մենակյաց՝ Ամոն անունով, երբեք իրեն մերկ չէր տեսել և ասում էր. «Վայել չէ մենակյացին իր մարմինը տեսնել»: Մի անգամ գետն անցնելու անհրաժեշտությունն ունեցավ, բայց չէր ուզում մերկանալ: Աղոթեց առ Աստված` խնդրելով անցկացնել իրեն` առանց հատելու իր կամքը, և հրեշտակը նրան փոխադրեց գետի այն կողմը: Սա երիտասարդ տարիքում հրաժարվում էր ամուսնանալ, սակայն երբ խրախուսողներից ոմանք հորդորեցին չհակառակվել ամուսնությանը, այլ կին առնել, հոժարեց և ամուսնացավ: Երբ սովորական հանդեսով մտցրին սենյակ, նա վերցնելով Առաքելական թուղթը առ Կորնթացիս` կարդաց կնոջ համար և սկսեց մեկնել առաքյալի` ամուսնացածներին ուղղված պատվիրանները (Ա Կորնթ. Ժ 1-40), շատ բաներ էլ թղթից դուրս` իր գիտելիքներից էր ուսուցանում, թե որքան մեծ բեռ է ամուսնությունը, և ինչպիսի չարչարանքներ կան տղամարդու և կնոջ համատեղ կյանքում, ինչպիսի երկունք է սպասվում հղիներին, ինչպես նաև՝ սնվելու և ապրուստի դժվարությունները, ապա ներկայացնում էր սրբության պարգևած քաղցրությունները, թե կուսությունը որքան ազատ, անշաղախ և ամեն տեսակ արտաքին աղտեղություններից զերծ վարք է, և որ այն Աստծո առաջ կանգնելու համարձակություն է տալիս: Այսպիսի և սրանց նման բազում բաներ ասելով իր կույս զուգակցին՝ հոժարեցնում էր նրան իր հետ՝ նախքան միմյանց մերձենալը՝ հրաժարվել աշխարհիկ վարքից: Եվ երկուսով ուխտելով այդ՝ գնացին Նիտրիա կոչվող լեռը և այնտեղ որոշ ժամանակ նույն հարկի տակ անցկացնելով` ճգնում էին միասին՝ առանց արու և էգ հասկացության խղճմտանք ունենալու, այլ՝ ինչպես առաքյալն է ասում` Տիրոջով: Որոշ ժամանակ անց Քրիստոսի նոր հարսն ու անխառն կույսն Ամոնին ասաց. «Վայել չէ, որ զգաստ ճգնավորն իր բնակարանում էգի տեսնի»: Ուստի անհրաժեշտ համարեց առանձին ճգնել, և այդ ուխտին երկուսն էլ հավանություն տվին և հեռանալով միմյանցից` այդպես էին կենցաղավարում այդուհետ, և հրաժարվեցին ձեթից ու գինուց, այլ միայն չոր հաց էին ուտում, այն էլ՝ երբեմն օրումեջ, երբեմն՝ երկու օրը մեկ, երբեմն էլ՝ շատ ավելի ուշ: Այս Ամոնի հոգին հրեշտակները հետմահու բարձրացրին երկինք, որին ականտես եղավ Անտոնիոսը, որը նման կենցաղավարություն ուներ, ինչպես ասվում է նրա վարքագրության մեջ՝ Ալեքսանդրիայի եպիսկոպոս Աթանասիոսի կողմից գրառված: Շատերը նախանձախնդիր եղան Ամոնի վարքին, և Սկյութիայի ու Նիտրիա լեռան կողմերը լցվեցին մենակյացների բազմությամբ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.04.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․