4 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր բնակվում էր Սկիտեում և կամենում էր հնձի գնալ: Գնաց մի ծերի մոտ և ասաց. «Ինձ խո՛սք ասա, հա՛յր, որովհետև հնձի եմ գնում»: Ծերը նրան ասաց. «Իսկ եթե քեզ խոսք ասեմ` կկատարե՞ս»: Պատասխանեց եղբայրը և ասաց. «Այո՛, կլսեմ քեզ, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Գնա՛ հրաժարվիր հնձից և ե՛կ, և ես քեզ կասեմ, թե ինչ անես»: Եղբայրը գնաց և հրաժարվեց հնձից, ապա եկավ ծերի մոտ: Ծերը նրան ասաց. «Գնա՛, նստի՛ր քո սենյակում և պահի՛ր երեկոյից մինչև երեկո, աղ ու հաց ճաշակի՛ր միայն և եկ՝ ուրիշ բան կասեմ քեզ»: Եղբայրը գնաց և կատարեց այն, ապա գալով՝ պատմեց հորը: Հայրը տեսնելով, որ հնազանդության առաքինի մշակ է, նրան ուսուցանեց սենյակում նստելու կարգը: Եվ գնաց եղբայրն իր տունը և գետնատարած ընկնելով` երեք օր ողբում էր ջերմ արտասուքներով և զգաստ զղջումով: Դրանից հետո խորհուրդներն սկսեցին շփոթեցնել նրան և ասել. «Ահա մեծ և առաքինի մեկը եղար»: Իսկ նա իր առջև էր դնում իր մեղքերի բազմությունը և դրանով հույժ խոնարհվում էր: Իսկ նրա խորհուրդները դարձյալ ասում էին. «Սաստիկ մեղավոր ես դու և քեզ փրկության հույս չկա»: Իսկ նա դարձյալ ասում էր. «Թեպետ և սաստիկ մեղավոր եմ ես, սակայն կկատարեմ իմ սակավ աղոթքներն ու կարգը և, կհուսամ Աստծո անբավ ողորմությանը, որ թերևս կողորմի ինձ»: Եվ երբ երկու կողմերից էլ պարտվեց թշնամին, այնժամ նրան դեմ հանդիման երևաց դևը և ասաց. «Ո՜վ մարդ, ձանձրացա ես քեզ հետ»: Եղբայրն ասաց. «Ինչո՞ւ կամ ի՞նչ պատճառով»: Դևը նրան ասաց. «Երբ քեզ բարձրացնում եմ` փախչելով իջնում ես դեպի խոնարհություն, իսկ եթե խոնարհեցնում եմ, փութաջանորեն ելնում ես դեպի բարձունք»: Եղբայրը նրան ասաց. «Տերն է իմ զորությունը, և իմ հույսը նրա վրա է»: Եվ դևը հալածվելով՝ անհետացավ: Իսկ եղբայրը կրկին զգաստանալով Աստծո շնորհով և ծերի խրատներով` եղավ ընտիր կրոնավոր` հայրերին հնազանդ լինելու շնորհիվ, և փառավորեց Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016