Հոգևոր լավ վիճակ

- Հա՛յր, ծանր եմ երգում: Մտածում եմ՝ նրանից է, որ արտասանությունս ծանր է:

- Ես տեսել եմ, որ դու և՛ ծանր ես լինում, և՛՝… թեթև: Երբ ծանր ես, երգեցողությունդ էլ է ծանր: Դա կախված է քո ներքին վիճակից, հետևի՛ր դրան: Նա, ում ձայնը բարակ է, եթե հոգևոր լավ վիճակում է գտնվում, ապա դայլալում է սոխակի պես, իսկ եթե ոչ, ապա ծվծվում է մոծակի պես: Ցածր ձայն ունեցողի երգեցողությունը, եթե լավ վիճակում չէ, նմանվում է ծերունու փնթփնթոցի: Եթե առանձին-առանձին երգեք, ապա կհասկանաք, թե ձեզանից յուրաքանչյուրն ինչ վիճակում է գտնվում այդ պահին:

- Եկեղեցում երգելիս հետևում ենք, որ սխալ չերգենք, հա՛յր:

- Իհարկե, պետք է հետևել, որովհետև ամեն ինչ պետք է «պարկեշտությամբ և ըստ կարգի» լինի (Ա Կորնթ. 14:40): Բայց նախ և առաջ պետք է հոգ տանել, որպեսզի «պարկեշտությունը» հոգում լինի, կարգ ու կանոն լինի հոգում և Աստծու նկատմամբ: Երբ մարդ երգում է՝ հոգևոր բարի կարգավորում չունենալով, դա կեղծ մեղեդուց ավելի վատ է: Որովհետև ինչպես բարին է բարի փոփոխություն բերում, այնպես էլ վատը վատն է բերում, և մարդիկ չեն կարողանում աղոթել: Եթե մարդու ներսը բարի չէ, եթե նրա մտքերն արդար չեն, մանրախնդրություն է հոգում, ապա ի՞նչ լավ բան կարող է երգել: Ինչպե՞ս պիտի զգա դրախտի բերկրանքը, որպեսզի սրտանց երգի: Դրա համար էլ ասվում է. «Մեկը բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի» (Հակ. 5:13): Եկեղեցում երգողները պետք է որ ավելի զգայուն ու քնքուշ սիրտ ունենան և ավելի քաղցր ու ուրախ ներքին կառուցվածք: Մարդ ինչպե՞ս պիտի երգի «Լույս զվարթ», եթե իր մեջ լույս չկա:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

05.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․