Գրքեր

Իրադրությունների խաղի մեջ

Մեզ խաղաղություն և խնդություն պարգևող իրականություններից է բնությունը: Այն թվում է սովորական ու բնական, և մարդը վայելում է դրա գեղեցկությունն ու շունչը: Սակայն իրականությունն այլ է դառնում, երբ հոգևոր գիտակցությամբ միտքդ լուսավորվում է ու տեսնում, զգում ես, որ գեղեցիկ ծաղիկները, դրանց շուրջը պտտվող թիթեռները, կանաչ խոտը, թփերը, ծառերը, կենդանիներն ու կապուտակ երկնակամարը և դրա լազուրում լողացող ամպերն ամենևին էլ ինքնաստեղծ ու պատահաբար չեն հայտնվել: Դրանք ունեն չափազանց բարդ, բայց ներդաշնակ կառուցվածք, որ այդ ամենն ինչ-որ էության ձեռքն է կերտել: Եվ սովորական թվացող այդ իրողությունները դառնում են անսովոր և զարմանալի, որովհետև այս պարագայում աչքերիդ առջև այլ պատկեր է բացվում, որ ամենայն ինչ, որ շրջապատում է, չի պատկանում քեզ, այլ ստեղծողին, և պատասխանատվության զգացումն ես ապրում` տնօրինելով այդ ստեղծված հրաշքը: Իսկ ի՞նչն է ապացուցում, որ այդ ամենը սովորական չէ և չի պատկանում քեզ: Դրա մեծագույն ապացույցը, ինչպես նշել ենք նախորդ հրապարակման մեջ, մահն է, որը մարդուն զրկում է իր ունեցածից ու ձեռք բերածից: Այս դեպքում ո՞վ կարող է ժխտել, թե այդ բոլորն արդեն իրենն են` ոչ ոք, որովհետև ի զորու չէ մահվան առջև ապացուցել, որ այդ ամենն իրենն է... 
Արդ, մարդու առջև բացվում է այլ իրականություն: Նա նկատում է, որ աշխարհը, որտեղ ապրում է, գործում և տնօրինում, տրված է իրեն ժամանակավորապես: Նա զգում է, որ այսուհետ պիտի հաշվի նստի ոչ միայն ինքն իր հետ և մյուս մարդկանց հետ, այլև այդ հիասքանչ աշխարհը ստեղծողի հետ և պիտի հոգատար լինի այդ ստեղծագործության նկատմամբ: Այս դիտանկյունից սկսյալ փոխվում է մարդը` փորձելով ճանաչել աշխարհը, ինքն իրեն ու Արարչին: Այս ճանաչողության մեջ է անհատը հասկանում, որ իր անձն առանց Աստծո հետ հաղորդակցության կայուն չէ և հարաբերական բնույթ ունի: Տարբեր իրադրություններ բացահայտում են յուրաքանչյուր անձի վարքի թաքնված դրսևորումները: Եվ Աստծո Հոգին թույլ է տալիս, որ մարդը հայտնվի նման իրադրությունների մեջ և իրապես տեսնի ինքն իրեն: Նա մարդուն անցկացնում է կյանքի վերելքներով ու վայրէջքներով, որպեսզի մարդն ինքն իրեն ճանաչի ու ինքն իրեն ճշմարիտ գնահատականի արժանացնի: Այսպես ասած, իրադրությունների այս խաղի մեջ է անհատն ընկալում իր ով լինելը և խորապես զգում Աստծո կարիքն ու հաղորդակցությունն իր կյանքում: Աստվածաշնչից կարող ենք հիշել Դավիթ թագավորին: Մենք կարող ենք տեսնել Դավթին նախքան թագավոր դառնալը և թագավոր դառնալուց հետո: Դավիթը, ով չսպանեց քնած Սավուղին և դրսևորեց ազնվաբարո քայլ (Ա Թագ. 24.1-23, 26.1-12), մեկ այլ իրադրության և պայմանների մեջ մահվան մատնեց զինվորական ՈՒրիային (Բ Թագ. 11.1-17): Կարող ենք հիշել նաև Պետրոս առաքյալին, ով մշտապես վստահեցնում էր Հիսուսին, որ ինչ էլ լինի, կգնա նրա հետևից, սակայն պատմությունը ցույց տվեց, որ կրիտիկական պահին երեք անգամ ուրացավ: Ահա, թե ինչու է կարևոր Սուրբ Հոգու էջքը անհատի սրտում, որովհետև առանց Աստծո անմիջական զորակցության մարդը սայթաքում է: Եվ Պետրոս առաքյալը լիովին այլ մարդ էր, երբ Աստծո Հոգին էր գործում իր մեջ: Նա պատրաստ էր բոլոր պարագաներում վերցնել իր խաչը և գնալ Հիսուսի հետևից: Արդ, Սուրբ Հոգին, բացահայտելով մարդու ուժեղ և թույլ կողմերը, կամենում է, որ յուրաքանչյուր անհատ ճանաչի իր խառնվածքը, բնությունն ու էությունը, թե ինչպիսին է իրականում և տարբեր իրավիճակներում ինչպիսի քայլերի է ընդունակ: Այս ամբողջական ճանաչողությունը լույսի ներքո հոգևոր հասունություն է պարգևում մարդուն, որովհետև տեսնում ես քո խոցելի լինելը, որովհետև տեսնում ես, որ ամենայն ինչ Աստծունն է. չես կարող քո գործերով զարմացնել տիեզերքի Արարչին: Սա ներքին մարդու փոփոխություն է, ուր գործողությունները բխում են ոչ թե քո անձից ելնելով, քո անձի համար, այլ բխում են աստվածային սիրուց` սփռելով ամենուր, և կյանքի կենտրոնում Աստված է և ոչ թե քո անձը: Սա ճանապարհ է, որտեղ չեն տիրում անհանգստությունը, տագնապը, վախն ու անորոշությունը, այլ կան սեր, ազատություն, հանդարտություն, համբերություն, խաղաղություն, զորություն, ներդաշնակություն, հոգևոր խոնարհություն, խնդություն, որովհետև այսուհետ կյանքը տեսնում, գնահատում ես հոգևոր աչքերով, լույսի աչքերով, ուր քո ուղին կարևորվում է Աստծո հետ լինելու մեջ, Աստծուն ձգտելու և նմանվելու մեջ և ամենակարևոր պատվիրանի` սիրելու կարողության մեջ, ինչպես առաքյալն է հորդորում, թե ճանաչիր Քրիստոսի սերը (Եփես. 3.14-21): Երբ այս ճշմարտությունը հասկանում ես ու ապրում նոր մարդու սկզբունքով, այլևս չես սպառվում ու անդադար փնտրում ստանալու համար, այլ հաղորդակից լինելով հավիտենական Լույսի հետ, ինքդ մշտապես այդ լույսով ու էներգիայով ես լցվում, և ինքդ ես այն փոխանցում բնությանն ու շրջապատին` փայլելով լույսի պես (Փիլիպ. 2.15):


Հովհաննես սրկ. Մանուկյան

10.01.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․