Իրապես երջանիկը

Իր գիտելիքներով հայտնի մի ուսուցիչ երկար ու եռանդով աղոթում էր Աստծուն, որպեսզի իրեն այնպիսի մի մարդու ցույց տա, ումից ինքը կկարողանա դեպի Երկինք տանող ուղիղ ճանապարհն իմանալ: Մի անգամ, երբ նա այս ցանկությամբ լցված, սովորականից ավելի մեծ եռանդով էր աղոթում, թվաց, թե վերևից մի ձայն լսեց, որն իրեն հրահանգեց խցից դուրս գալ ու վանքի դարպասների մոտ գնալ. «Այնտեղ,- ասում էր ձայնը,- կգտնես այն մարդուն, ում փնտրում ես»:

Ուսուցիչը դուրս եկավ ու դարպասների մոտ մի աղքատ ծերունու տեսավ, ով ամբողջովին խոցերով ու վերքերով էր պատված և շատ խղճալի տեսք ուներ: Նրա կողքով անցնելիս՝ ուսուցիչը սովորական ողջույն տվեց նրան.

- Բարի օր քեզ, ծերունի:

Ծերունին պատասխանեց.

- Չեմ հիշում մի այնպիսի օր, որ ինձ համար բարի եղած չլինի:

Ուսուցիչը կանգ առավ և կարծես իր առաջին ողջույնն ուղղելով՝ ասաց.

- Աստված քեզ երջանկություն տա:

Ծերունին պատասխանեց.

- Երբեք դժբախտ չեմ եղել:

Ուսուցիչը զարմացավ ու կարծելով, թե ճիշտ չի լսել նրա պատասխանը կամ չի հասկացել, ավելացրեց.

- Ի՞նչ ես ասում: Ես քեզ բարեկեցություն եմ մաղթում:

- Իսկ ես քեզ պատասխանում եմ, որ երբևէ դժբախտ չեմ եղել:

Այդժամ ուսուցիչն ասաց.

- Քեզ մաղթում եմ այն, ինչ ինքդ ես քեզ ցանկանում:

- Ես ոչ մի բանի կարիք չունեմ, և ունեմ այն ամենն, ինչ ուզում եմ, չնայած, որ ժամանակավոր բարեկեցություն չեմ փնտրում:

- Աստված փրկի քեզ,- ասաց ուսուցիչը,- եթե դու արհամարհում ես աշխարհիկ բարիքները: Բայց ասա ինձ, մի՞թե դու միակ երջանիկն ես մարդկանց մեջ: Նշանակում է ճշմարիտ չեն Հոբի ասածները, թե. «Կնոջածին մարդն է սակավակյաց ու լի դառնութեամբ» (Հոբ 14:1)։ Չեմ հասկանում, թե դու ինչպե՞ս ես խուսափել դժբախտություններից:

- Հենց այնպես, ինչպես ասացի քեզ,- առարկեց ծերունին,- երբ ինձ բարի ու երջանիկ օր մաղթեցիր, որ երբեք դժբախտ չեմ եղել, որովհետև ինչ ունեմ, Աստված է ինձ տվել և դրա համար էլ շնորհակալ եմ: Իսկ իմ երջանկությունը հենց նրանում է կայանում, որ երջանկություն չեմ ցանկանում: Երջանկության ու դժբախտության վախը միայն այն մարդու համար է վտանգավոր, ով վախենում է դրանցից: Բայց ես չեմ մտահոգվում երջանկության մասին ու Երկնավոր Հորը երբեք չեմ խնդրում դրա համար և այդ կերպ երբեք դժբախտ չեմ եղել, ճիշտ այն մարդու պես, ում ցանկությունները միշտ կատարվում են: Սովա՞ծ եմ: Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, ինչպես Հորը, որ գիտե մեր կարիքների մասին (Մտթ. 6:8): Մրսո՞ւմ եմ, տառապո՞ւմ վատ եղանակից, կրկին գովաբանում եմ Աստծուն: Բոլորը ծիծաղո՞ւմ են ինձ վրա, միևնույն է փառաբանում եմ Նրան, քանի որ գիտեմ, որ ամեն ինչ Աստծուց է և անհնար է, որպեսզի այն, ինչ Նա է անում, բարի չլինի: Այդ կերպ ամեն ինչ, հաճելի և տհաճ, քաղցր և դառը, ուրախությամբ եմ ընդունում, ինչպես բարի Հոր ձեռքից: Միայն այն եմ ցանկանում, ինչ Աստված է կամենում, և այդ պատճառով էլ ամեն ինչ իմ ուզածով է լինում: Դժբախտ է նա, ով աշխարհում է երջանկություն փնտրում, որովհետև այստեղ այլ երջանկություն չկա, քան ամեն ինչում Աստծո կամքը փնտրելը: Աստծո կամքը և՛ կատարյալ բարի է, և՛ կատարյալ արդարադատ, այն չի կարող ո՛չ ավելի լավը դառնալ, ո՛չ էլ՝ ավելի վատը: Այն դատում է բոլորին, իրեն՝ ոչ ոք: Ես փորձում եմ ամբողջովին հետևել դրան և միայն հոգ եմ տանում այն մասին, որպեսզի ցանկանամ այն, ինչ Աստված է կամենում: Եվ այդ պատճառով էլ ինձ երբեք դժբախտ չեմ համարում, երբ իմ կամքը կատարելապես միավորում ու համաձայնեցնում եմ Աստծո կամքի հետ, այնպես որ ես մի բան եմ ուզում կամ չեմ ուզում՝ այն ինչ Աստված է ուզում կամ չի ուզում:

- Ըստ քո համոզմունքի՞ ես այդպես խոսում,- առարկեց ուսուցիչը,- ասա ինձ, այդպե՞ս կմտածեիր, եթե Աստծուն հաճո լիներ քեզ դժոխք ուղարկել:

- Աստված ինձ դժո՞խք ուղարկեր,- բացականչեց ծերունին,- բայց գիտցիր, որ զարմանալիորեն ուժեղ երկու ուս ունեմ, որոնցով անբաժան գրկախառնությամբ կկառչեի Նրանից: Իմ մի ուսը խորը խոնարհությունն է, իսկ մյուսը՝ Աստծո հանդեպ տածած ազնիվ սերը: Այդ ուսերով այնքան ամուր կգրկեի Աստծուն, որ ուր էլ, որ Նրա կողմից ուղարկվեի՝ Նրան էլ ինձ հետ կտանեի, և իհարկե, ինձ համար ավելի հաճելի կլիներ Աստծո հետ լինեի Երկնքից դուրս, քան՝ Երկնքում՝ առանց Նրա:

Ծերունու պատասխաններից զարմացավ ուսուցիչն ու հասկացավ, որ Աստծո մոտ տանող ամենակարճ ճանապարհն ամեն ինչում Նրա կամքի հետ համաձայն լինելն է: Սակայն, կամենալով էլ ավելի փորձել ծերունու իմաստությունը, որ գանձի պես թաքնվել էր նրա մարմնի նիհարիկ տաճարում, հարցրեց.

- Որտեղի՞ց ես այստեղ եկել:

- Աստծո մոտից,- պատասխանեց ծերունին:

- Որտե՞ղ գտար Աստծուն:

- Այնտեղ, ուր թողեցի աշխարհիկ ամեն բան:

- Իսկ Աստծուն ո՞ւր թողեցիր:

- Մտքերի մաքրության ու բարի խղճի մեջ:

- Ո՞վ ես դու,- հարցրեց ուսուցիչը:

- Ով էլ, որ լինեմ,- պատասխանեց ծերունին,- այնքան գոհ եմ իմ այս վիճակից, որ տեսնում ես, որ իսկապես այն չէի փոխի աշխարհի արքաների հարստության հետ: Ամեն ոք, ով ինքնատիրապետում ունի և կառավարում է իր մտքերը՝ արքա է:

- Նշանակում է դու էլ ես արքա: Հապա արքայությունդ ո՞ւր է:

- Այնտեղ,- Երկինքը մատնացույց արեց ծերունին,- Նա է Արքան, Ում այդ Արքայությունն ավետվել է հստակ ուրվագծերով:

- Ո՞վ քեզ սովորեցրեց այս ամենը: Եվ ո՞վ տվեց այս իմաստությունը,- վերջապես հարցրեց ուսուցիչը:

- Ասեմ քեզ, որ օրեր շարունակ լռության մեջ եմ անցկացնում և աղոթելիս լինեմ, թե բարեպաշտական մտքերի մեջ վարժվելիս, միշտ մի բանի մասին եմ հոգ տանում, որ սերտորեն միավորվեմ Աստծո հետ: Իսկ Աստծո հետ միավորումն ու Նրա կամքի հետ համաձայնությունն ամեն ինչ սովորեցնում են:

Այսպես սովորելով աղքատից՝ ուսուցիչն իր խուցը վերադարձավ՝ գովաբանելով ու փառաբանելով Աստծուն, որ այս ամենը ծածկել էր «իմաստուններից ու գիտուններից» և բացել աղքատ ծերունուն (Մտթ. 11:25):

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

25.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․