Ժամանակը վատնել, նշանակում է «կյանքը սպանել»

Պողոս առաքյալի այս հորդորը, թե՝ «Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են» մտորելու առիթ է տալիս յուրաքանչյուրիս՝ ինչպե՞ս գործածել ժամանակը, որպեսզի մեր քայլերը լինեն խոհեմ և աստվածահաճո, որպեսզի ինչպես առաքյալն է ասում՝ մեր կյանքն ապրենք իմաստությամբ և ոչ անմտորեն (Եփեսացիներ 5:15-16):

Ժամանակի գաղտնիքը մեզ է բացահայտում եկեղեցին, և այդ գաղտնիքը շատ պարզ է. Աստված ստեղծել է ժամանակը՝ որպես հավիտենության նախապատրաստություն: Ժամանակը ճանապարհների այն խաչմերուկն է, որով որոշվում է մարդկության գոյության գլխավոր հարցը՝ Աստծո հետ է մարդը, թե՝ առանց Աստծո: Ժամանակն Աստծո պատկերը մարդու մեջ վերականգնելու հնարավորությունն է: Ժամանակի այս ընկալումները հավատավորի համար են, քանի որ անհավատի համար ժամանակը մահվան նախադուռն է, հույսերի խորտակումը, ինչի համար նրանք պայքարում են ժամանակի և մահվան դեմ: Ըստ եկեղեցու հայրերի մեկնաբանության՝ անգամ մահը մարդուն դուրս չի հանում ժամանակի սահմանից, այլ տեղափոխում է նոր ժամանակային մի վիճակ, որն անտեսանելի է մեզ համար: Հայտնության գրքում ասվում է, որ ահեղ դատաստանից հետո, այլևս ժամանակ չի լինելու (Հայտնություն 10:5-7):

Քրիստոնյայի համար կյանքի ամեն մի պահը պետք է ուղղորդի իրեն հասնելու իր գերագույն նպատակին՝ հավիտենությանը: Եկեղեցու հայրերը, խոսելով ժամանակի ճիշտ գործածման մասին, նշում են, որ օգտագործել ժամանակը, նշանակում է բարին գործել: Այս դեպքում նրանք նշում են, որ ժամանակը, փոխարենը չարին վաճառելու, դառնում է մեր սեփականությունը, իսկ նրանք, ովքեր ծանրաբեռնված են երկրային հոգսերով կամ հարստության փնտրտուքով, ցավալիորեն, վատնում են իրենց ժամանակը:   

Ժամանակն այնքան արագ է հոսում, որ չենք կարող այն որսալ կամ ետ բերել, այս առումով է առաքյալը հորդորում՝ ճիշտ գործածել ժամանակը: Կյանքը կարճ է և պետք է արժևորել մեզ համար այնքան թանկ աստվածատուր ժամանակը, որը, մեր ազատ կամքի համաձայն, կարող է մեզ մոտեցնել հավիտենական երանելի կյանքին կամ էլ հակառակը՝ հեռվացնել: Նման կերպ մտածողն այլ կերպ է սկսում վերաբերել կյանքին, իր աշխատանքին, պարտականություններին և իրեն շրջապատող մարդկանց: Այս մտածումը ոչ թե պետք է հուսահատեցնի մարդուն, այլ հակառակը քաջալերի՝ առավել ամրապնդելով հավատքի մեջ: Հնում սովորություն են ունեցել տանը գանգ պահել՝ որպես անցողիկ կյանքի խորհրդանիշ, ինչպես նաև գրություն՝ «Memento mori!», այսինքն՝ «Հիշիր մահվան մասին»: Օրերը լի են չարությամբ ու ատելությամբ, և չարն ամեն կերպ փորձում է խլել մեր ժամանակը, որն անհրաժեշտ է մեզ՝ մեր հավիտենական նպատակին հասնելու համար:  

Ժամանակը հարկ եղածի պես գործածողն այն փոխում է ինչ-որ կերպ՝ չար օրը վերածելով բարու: Իմաստուն քայլերով առաջ գնացող քրիստոնյան փորձում է չտրվել ժամանակի փոփոխականությանը, այլ հակառակը՝ ջանում է անհաստատ միջավայրում անփոփոխ մնալ իր առաքինությունների մեջ: Օրինակ՝ Հին Կտակարանից Հովսեփ Գեղեցիկի միակ նպատակն աստվածահաճո կյանքով ապրելն էր, ինչն անփոփոխ մնաց իր կյանքի բազմաթիվ փոփոխական հանգամանքներում: Ո՛չ իր եղբայրների ատելությունը, ո՛չ ստրկական իր վիճակը, ո՛չ իր տիրուհու գայթակղության ծուղակը, ո՛չ բանտը, ո՛չ էլ  Եգիպտոսի կառավարիչ լինելը որևէ կերպ չազդեցին իր նպատակի վրա: Նա մշտապես հավատարիմ մնաց Աստծուն՝ քայլելով Նրա ներկայության մեջ: Սրտառուչ է նրա պատասխանը Պետափրեսի կնոջը, ով ցանկանում էր իրեն գայթակղեցնել՝ ինչպե՞ս կարող եմ անել այդ չար ու սոսկալի բանը և մեղանչել Աստծո առաջ (Ծննդոց 39:9): Նույնը կարելի է ասել Աստվածաշնչյան գրքերից Հոբի գրքի վերաբերյալ, որի  գյխավոր հերոսը՝ Հոբը, բազմաթիվ փորձությունների ենթարկվեց, բայց ո՛չ հարստությունը, ո՛չ աղքատությունը, ո՛չ հիվանդությունը, ո՛չ ընկերների հանդիմանանքը, ո՛չ բոլորի կողմից անտեսված լինելը, ո՛չ հարստության և ընտանիքի վերականգնումը, ոչինչ չփոխեցին նրան: Համբերության մարմնացումը լինելով՝ նա հաղթական կյանք ապրեց, համբերությամբ և առաքինություններով իմաստավորեց իր ժամանակը՝ հավիտենությունը ժառանգելու համար:

Ըստ եկեղեցու հայրերի՝ մարդը պանդուխտ է այս կյանքում և փառք ու պատիվ փնտրելու փոխարեն՝ անհրաժեշտ է ժամանակն ի փառս Աստծո գործածել, նման այն հարուստին, որ իր վրա հարձակվողներին տալիս է ամեն ինչ, միայն թե փրկի իր կյանքը, այդպես էլ դուք տվեք ամեն ինչ, որպեսզի փրկեք գլխավորը՝ հավատը:  

Ժամանակի արժեքն իր ողջ խորությամբ սկսում են գնահատել առավել ևս նրանք, ովքեր մահվան եզրին են: Այդ պարգևին ակնածանքով մոտենալ, նշանակում է գխավորը տարբերակել երկրորդականից, նշանակում է ապրել ժամանակն այնպես, որպեսզի հոգևոր աճ ունենանք, հակառակ դեպքում մարդն ինչո՞վ պիտի տարբերվի կենդանուց, որ նույնպես սնվում է, աճում և բազմանում:

Ուստի, արժևորելով ժամանակը, չվատնենք այն, քանի որ «ժամանակը սպանել» նշանակում է «կյանքը սպանել»:

 

 

Կարինե Սուգիկյան

 

08.05.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․