Խնդիրների լուծման ճիշտ միջոցները

Կյանքում պատահում են զանազան խնդիրներ, որոնց լուծման համար կարիք ունենք ճիշտ միջոցներ ձեռնարկելու, որովհետև կան նաև սխալ միջոցներ, որոնք հակաաստվածային և հակամարդկային են: Այս հոդվածի նպատակն է ծանոթացնել խնդիրների լուծման ճիշտ միջոցներին, որպեսզի, երբ կարիք ունենանք, գործածենք դրանք մեր առօրյայում: Այդ ճիշտ միջոցներն են.

Աղոթելը: Կյանքում կան այնպիսի խնդիրներ, որոնք առանց ծնկաչոք աղոթքի և Աստծու անմիջական միջամտությունը խնդրելու չեն կարող լուծվել: Հակոբի երկրորդ կինը՝ Ռաքելը, որ գեղեցիկ տեսք ուներ, սակայն ամուլ էր, երկար ժամանակ աղոթեց Աստծուն, և «Աստված հիշեց Ռաքելին, լսեց նրա աղաչանքը և բացեց նրա արգանդը։ Նա հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց (Հովսեփ)... » (Ծննդ. 30:22-23): Մեր Տերը, Աստվածը և Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, խոսելով աղոթքի զորության մասին՝ ասաց. «Այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատով խնդրեք, կստանաք» (Մտթ. 21:22):

Պահեցողությունը:  Պահեցողության առաջին պատվիրանը տեսնում ենք Եդեմի պարտեզում, երբ Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «..․.Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդ. 2:16-17): Հովնան մարգարեն Աստծու երկրորդ հրամանից հետո գնաց Նինվե և զգուշացրեց նինվեացիներին, որ Տերը պիտի կործանի Նինվեն իրենց չարության պատճառով (Հովն. 3:4): Իրավիճակը վտանգավոր էր, որովհետև մի ամբողջ քաղաքի բնակչության գոյատևման հարցն էր: Նինվեացիները, երբ լսեցին իրենց մեղքերի պատճառով գալիք աղետի մասին, զանազան հոգևոր միջոցներ որդեգրեցին, որպեսզի չկործանվի իրենց սիրելի քաղաքը, որոնցից մեկն էր պահեցողությունը: Բոլորը՝ թագավորը, իշխանավորները և ժողովուրդը, աղոթքի հետ նաև պահեցողություն կատարեցին, և Տերը, տեսնելով նրանց դարձը չար ճանապարհներից, ողորմեց և չկործանեց Նինվեն:

Խորհուրդ ընդունելը: Իմաստուն անձի խորհուրդն ընդունելը հաջողության միջոցներից մեկն է: Մադիամի քուրմ Հոթորը, երբ տեսավ միայնակ նստած Մովսես մարգարեին, որ առավոտից մինչև երեկո քննում էր ժողովրդի խնդիրները և հայտնում էր նրանց Աստծու հրամաններն ու օրենքները, խրատեց նրան՝ ասելով. «Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։ Նրանք մշտապես թող դատեն ժողովրդին. կարևոր գործերը թող հանձնեն քեզ, իսկ փոքր դատաստանները թող իրենք անեն. դրանով կթեթևացնես քո գործերը, և կլինեն քո օգնականները» (Ելք. 18:21-22): Խնդիրը վարչական էր, որովհետև Մովսեսը չէր կարող երկար ժամանակ միայնակ քննել ժողովրդի դատերը և վճիռներ արձակել: Մովսեսը լսեց  Հոթորի իմաստուն խորհուրդը և կատարեց այն՝ նշանակելով օգնականներ, որոնք թեթևացրին իր ծանրաբեռնվածությունը:

Համբերելը: Կյանքում պատահող բոլոր  խնդիրները նույն վայրկյանում չեն լուծվում:  Խնդիրներ կան, որոնց լուծման համար պետք է համբերենք ու սպասենք: Աբրամը 75 տարեկան էր, երբ Աստծու հրամանով դուրս եկավ Խառանից (Ծննդ. 12:4) և գնաց Քանան: Աստված խոստացավ նրան՝ ասելով. «...․Այս երկիրը տալու եմ քո ժառանգին...» (Ծննդ. 12:7): Որոշ ժամանակ հետո Աբրամի կինը՝ Սարան, տեսնելով, որ Աստծու խոստումը ուշացավ և նա չհղիացավ, առաջարկեց Աբրամին մերձենալ իր աղախին Հագարի հետ, որպեսզի նրանից որդի ունենա: Այս ամենը կատարվեց, բայց հետագայում պատճառ դարձավ, որ առաջանան տարբեր տեսակի խնդիրներ: Խնդրի լուծումը մարդկային մոտեցումով անհնար էր, որովհետև ինչպե՞ս Աբրամը սերունդներ պիտի ունենար, երբ իր կինը՝ Սարան, կորցրել էր ծննդաբերելու կարողությունը: Աբրամը համբերեց, և 25 տարի հետո իրագործվեց Աստծու խոստումը, և նա դարձավ հայր. «Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ ունեցավ իր որդի Իսահակին» (Ծննդ. 21:5):

Լռելը: Կյանքում կան այնպիսի խնդիրներ, որոնց լավագույն լուծումը լռելն է:   Հնարավոր է, որ խոսելով այդ խնդիրը ոչ միայն չլուծվի, այլև ավելի վատթարանա, մինչդեռ լռելով՝ խնդիրը դնում ենք Աստծու ձեռքերի մեջ և սպասում, որ Նա՛ խոսի, միաժամանակ պահում ենք մեր մտքի, սրտի, հոգու և նյարդերի խաղաղությունը: Ժողովող գրքի մեջ Սողոմոն իմաստունը մեզ սովորեցնոմ է, որ. «Ամեն բանի ժամանակ կա, և երկնքի ներքո ամեն գործ ունի իր ժամանակը... լռելու ժամանակը և խոսելու ժամանակը» (Ժող. 3:1, 7):

Զղջալը և խոստովանելը: Դավիթ թագավորը պատճառ հանդիսացավ, որ իր զինվորը՝   քետացի Ուրիան, սպանվի պատերազմի դաշտում, ապա նրա կնոջը դարձրեց իր կինը: Նաթան մարգարեն Աստծու հրամանով  (Բ Թագ. 12:1) եկավ Դավիթ թագավորի մոտ, նրան հանդիմանեց կատարած չար գործերի համար և փոխանցեց Տիրոջ խոսքը՝  ասելով. «...․Ահա ես քո տնից քո դեմ չարիք կհարուցեմ. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ և տամ քո ընկերոջը, նա օրը ցերեկով պառկելու է քո կանանց հետ» (Բ Թագ. 12:11): Խնդիրը ահավոր էր, որովհետև ընդգրկում էր Աստծու դատավճիռը: Դավիթ թագավորը ընդունեց իր հանցանքը, ի սրտե զղջաց և խոստովանեց՝ ասելով. «...Մեղանչել եմ Տիրոջ դեմ...» (Բ Թագ. 12:13), իսկ հետո. «...Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի» (Բ Թագ. 12:13):

Խղճի ձայնը լսելը: Այս միջոցը տեսնում ենք Հիսուս Քրիստոսի պատմած «Բարի սամարացու» առակում, երբ այդ սամարացին Երուսաղեմից Երիքով ճանապարհին տեսավ ավազակների կողմից վիրավորված և կիսամեռ թողնված մի մարդու: Սամարացին «գթաց» ու «...մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով՝ տարավ մի իջևան և խնամեց նրան» (Ղուկ. 10:34):

Դատարանը: Կան խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է դատավորի առկայություն: Երկու կանայք կանգնեցին Սողոմոն իմաստունի առջև և խնդրեցին, որ դատի, որովհետև նրանից յուրաքանչյուրը ծնեց մի որդի, որդիներից մեկը մեռավ գիշերը, և ամեն մեկն իր հերթին պնդում էր, թե ողջ մնացած մանուկը հենց իրենն է: Այն ժամանակ սա մեծ խնդիր էր, որովհետև դժվար էր իմանալ, թե ով է ողջ մանուկի իրական մայրը, մինչդեռ ներկայումս ԴՆԹ-ի միջոցով պատասխանը կստանանք: Սողոմոն իմաստունը խնդրեց, որ ողջ մանուկը սրով բաժանվի երկու մասի: Մանկան իրական մոր սիրտը չդիմացավ, և նա խնդրեց, որ մանուկը տրվի մյուս կնոջը: Այդպիսով Սողոմոնն իմացավ, որ նա է իրական մայրը և մանկանը հանձնեց նրան (Գ Թագ. 3:16-27):

Իմաստուն որոշումը: Նաբաղը սխալվեց Դավիթ թագավորի և նրա ծառաների հանդեպ՝   ասելով. «...Ո՞վ է Դավիթը, կամ Հեսսեի որդին ո՞վ է։ Այս օրերին շատացել են իրենց տերերից փախած թափառական ծառաները» (Ա Թագ. 25:10): Դավիթը բարկացավ և որոշեց նրան սպանել: Նաբաղի կինը՝ Աբիգեայելը, երբ լսեց իր ամուսնու կատարած սխալ արարքի և թագավորի վճռի մասին, իմաստուն որոշում կայացրեց և արագորեն ընծաներ վերցնելով՝ հանդիպեց Դավիթ թագավորի հետ՝ խնդրելով նրանից, որ ների իր ամուսնու կատարած մեղքը (Ա Թագ. 25:25, 28) և ընդունի իր ընծաները (Ա Թագ. 25:27): Դավիթ թագավորը, տեսնելով Աբիգեայելի իմաստությունը, ասաց. «Օրհնյալ լինի քո խոհեմությունը, և օրհնյալ լինես դու, որ արգելք հանդիսացար ինձ այսօր, և ես չգնացի արյուն թափելու ու իմ ձեռքն ուրիշի (Նաբաղին) վրա բարձրացնելու» (Ա Թագ. 25:33):

Հեռանալը: Կան խնդիրներ, որոնց լուծման լավագույն միջոցը խնդրի վայրից  արագորեն հեռանալն է: Հակոբի որդին՝ Հովսեփը, շատ գեղեցիկ էր տեսքով, որի պատճառով նա որոշ ժամանակ հետո փորձության մատնվեց իր տիրոջ՝ Պետափրեսի կնոջ կողմից Եգիպտոսում. «Հովսեփը հաճելի արտաքին ուներ և շատ գեղեցիկ դեմք։ Այս բոլորից հետո նրա տիրոջ կինն աչք դրեց Հովսեփի վրա ու ասաց նրան. «Կենակցի՛ր ինձ հետ» (Ծննդ. 39:6, 7): Հովսեփը, թողնելով իր շորերը նրա ձեռքում, դուրս փախավ (Ծննդ. 39:12): Նա ուզեց փախչել փորձության վայրից, նախընտրեց Աստծու դեմ չմեղանչել, նույնիսկ եթե հետագայում չարչարվեր Պետափրեսի կնոջ կողմից և բանտ տարվեր (Ծննդ. 39:20), քան թե մեղանչել և շարունակել խաղաղ ապրել իր տիրոջ՝ Պետափրեսի տան մեջ:

Սրբերի բարեխոսությունը խնդրելը: Աստվածաշնչում կան բազմաթիվ համարներ, որոնք ցույց են տալիս սրբերի բարեխոսությունը: Օրինակ՝ Սոմնացի կինը գնաց Կարմելոս լեռ, հանդիպեց Եղիսե մարգարեին, և խնդրեց, որ գա նրա հետ իր տուն. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի» (Դ Թագ. 4:30), որովհետև հավատում էր, որ մարգարեի աղոթքով նոր ննջած որդին կկենդանանա: Մարգարեն կնոջ հետ իջավ լեռից, մտավ նրա տուն, աղոթեց Տիրոջը, և երեխան աչքերը բացեց՝ կենդանացավ:  

Տքնաջան աշխատելը: Կար ժամանակ, երբ հայ ժողովուրդը չուներ այբուբեն: Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, չնայած Աստծու հանդեպ իր ունեցած մեծ հավատքին, օրնիբուն աշխատեց, տքնեց և վերջում Բարձրյալի օրհնությամբ ունեցանք հայերեն սքանչելի,  սիրուն և յուրահատուկ տառերը:  

Եվ տակավին կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել ներելով, օգնելով, ժպտալով,  բարկանալով, բայց չմեղանչելով, հնարելով մի գյուտ, միասնակամությամբ և այլն:

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

22.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․