Մի անգամ վանական եղբայրներից մեկն աբբա Հովսեփի վանքը եկավ: Այդ վանքում մի թզենի էր աճում:
Առավոտյան աբբան այդ եղբորն ասաց.
- Գնա, թզենու պտուղներից կեր:
Բայց այդ օրն ուրբաթ էր և նա ծերի խոսքը չկատարեց, որպեսզի ծոմի վերաբերյալ եկեղեցեկան կարգը չխախտի:
Դրանից հետո այդ եղբայրն աղաչում էր աբբային՝ ասելով.
- Աստծո սիրույն, բացատրիր ինձ արարքդ: Առավոտվանից կարգադրեցիր ինձ սնունդ օգտագործել, իսկ ես չհետևեցի խոսքիդ ծոմի պատճառով: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ էիր մտածում, երբ ինձ կարգադրեցիր ուտել և ինչ էիր կամենում դրանով ասել:
Աբբան պատասխանեց.
- Սկզբնական շրջանում Հայրերը եղբայրներին որևէ բան են ասում անել հիմնականում փորձության տեսքով, այլ ոչ թե ուղիղ իմաստով: Իսկ երբ տեսնում են, որ նրանք նույնիսկ տարօրինակ հրամաններն են կատարում, ապա այլևս նրանց չեն փորձում սխալ կարգադրություններով, այլ ճշմարտությունն են խրատում՝ համոզվելով նրանց հնազանդության մեջ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի