- Մոտ արի, որդյա՛կ, ուզում էի հորդ առողջության մասին խոսել քեզ հետ։ Գիտե՞ս, թե հիմա ինչ վիճակում է գտնվում․ ծայրահեղ ծանր։ Եթե Աստված կամենա, նա կապրի։ Նա պահում է հորդ այս կյանքում։ Նրա կյանքը մազից է կախված, որն ամեն պահի կարող է կտրվել, անգամ այսօր։
Եթե ոչ այսօր, ապա դա կարող է պատահել մի քանի օր անց։ Երբ Տերը կամենա, նրան Իր մոտ կկանչի, որովհետև նրան շատ է սիրում։ Նա սուրբ մարդ է, և Աստված չի կամենում, որ նա այդպես տանջվի։ Քո հայրը տառապում է անտանելի ցավերից․․․ թեև ոչինչ չի ասում ձեզ։ Չի ուզում ձեզ տխրեցնել․․․
Լսիր, ուզում էի քեզ մի բան ասել․․․ Հիմա դու շատ տխուր ես, տեսնում եմ։ Բայց մենք՝ քրիստոնյաներս, չպետք է տրտմենք։ Մենք չպետք է վախենանք մահից։ Ի՞նչ ես կարծում, մահն ի՞նչ բան է։ Մահն ընդամենը միջոց է, դուռ է, որի միջով անցնում-մտնում ենք հավիտենություն։ Ահա թե ինչ է մահը։ Եվ բոլորս էլ անցնելու ենք այդ դռան միջով։ Դա միակ բանն է, որ բացարձակ ճիշտ է։
Միայն թե պատրաստ լինենք, այդ ժամանակ Աստծու աջ կողմը կկանգնենք Ահեղ Դատաստանի օրը։ Այնտեղ բոլորս կհանդիպենք ու կարժանանք դրախտային վայելքներին։ Այս աշխարհ չենք եկել՝ այստեղ հավերժ ապրելու։ Եկել ենք, որպեսզի փորձվենք ու անցնենք հավիտենական կյանք։ Ուստի վիշտ մի արա նրա համար, ինչ պիտի տեղի ունենա յուրաքանչյուրի հետ։ Բոլորս այդ ամենը գիտենք, բոլորս էլ սպասում ենք դրան։
Թեև ոմանք չեն ցանկանում ընդունել դա ու ասում են՝ այստեղ է ամեն ինչը՝ և՛ տանջանքների վայրը, և՛ դրախտը։ Բայց դա այդպես չէ։ Եվ այդպես ասողներն էլ դա գիտեն։ Եվ հոգու խորքում չեն հավատում իրենց խոսքերին։ Բայց երբ նրանք մնան դեմ առ դեմ մահվանը, ո՞վ կփրկի նրանց։
Երբեք չե՞ս լսել, թե առաջին իսկ վտանգի դեպքում ումից են օգնություն խնդրում նրանք, ովքեր պնդում են, թե անհավատ են։ Արդյոք չե՞ն կանչում․ «Տե՛ր Աստված․․․, սո՛ւրբ Աստվածածին․․․»։ Չե՞ն կանչում իրենց հովանավոր սրբին։
Հիմա կհարցնես, թե ինչու եմ այս ամենն ասում քեզ։ Ոնց բացատրեմ, որդյա՛կ, ախր գիտեմ, թե ինչքան զգայուն ես, և ուզում եմ նախապատրաստել քեզ․․․ Իսկ հիմա գնա, Աստված՝ հետդ, իսկ ես կաղոթեմ, որ Նա զորացնի քեզ։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը