5 Հոկտեմբեր, Շբ
Աստվածաշնչում տեսնում ենք, որ երբեմն Հիսուս Քրիստոսի և փարիսեցիների միջև տարաձայնություններ էին լինում: Այդ ժամանահատվածում փարիսեցիները մեծ հեղինակություն էին վայելում: Իբրև քաղաքական ու կրոնական կուսակցություն՝ նրանք ի հայտ են եկել երկրորդ Տաճարի ընթացքում՝ մակաբեական առաջին խռովությունից քիչ անց՝ Ք. ա. 165-160 թթ. միջև:
«Փարիսեցի» բառը կարող է ծագած լինել եբրայերենի «անջատված, բաժանված լինելու, հեթանոսական արարողություններից և ուժերից անջատվելու» իմաստն արտահայտող մի արմատից կամ շատ ավելի վաղ գոյություն ունեցող կրոնական մի խավից, որոնք կոչվել են «բարեպաշտներ»: Հիմնականում կրոնական շարժում ներկայացնելով՝ փարիսեցիները կատաղի պայքար էին մղում կրոնը քահանաների իշխանությունից ու հսկողությունից ազատագրելու համար: Նրանք վերականգնում են Տաճարի բազմաթիվ արարողություններ և դրանք մտցնում հրեական օջախներ: Մինչդեռ սադուկեցիները զբաղվում էին Տաճարով, փարիսեցիները սովորեցնում էին Աստծու Օրենքը:
Ինչպես նշում է Ալեքսանդր Մենն իր «Մարդու Որդին» գրքում, Տաճարը բոլոր հրեաների կրոնական կենտրոնն էր: Ատամնավոր պարիսպներով գոտևորված, սյունաշարերով և ոսկե գագաթներով զարդարված, այն կախված էր Մորիա լեռան վրա որպես Աստծո ներկայություն Իսրայելի սրտում, որպես Պաղեստինի և սփյուռքի (ցրված հրեաների) միլիոնավոր ուխտավորների նվիրական նպատակ: Քաղաքն ապրում էր Տաճարով: Զոհարանի սպասավորները, զոհաբերվող կենդանիներ վաճառողները, իջևանատների տերերը տոնի օրերին հարուստ տուրքեր էին հավաքում: Սադուկեցիներին, որոնց ձեռքում էր գտնվում սրբարանը, քիչ էր անհանգստացնում, որ պաշտամունքը երբեմն վերածվում է առևտրական ձեռնարկների: Ավագ երեցները լուռ համաձայնություն էին կնքում սեղանավորների հետ, որոնք ապրանքներով նստարաններ էին շարում Տաճարի ծածկի տակ, դրամ մանրելու սեղանիկներ էին դնում, անասուններ էին բերում: Բոլորը վաղուց արդեն ընտելացել էին այն բանին, որ սուրբ վայրում չի հանդարտվում շուկայական աղմուկը: Բայց ահա դարպասներից հայտնվում է Հիսուս Նազովրեցին՝ Իր հետևորդներով շրջապատված: Նոր Ուսուցիչն անմիջապես բոլորին շփոթության մեջ է գցում: Պարանից մտրակ հյուսելով, նա ոչխարներին և եզներին քշում է պարսպից դուրս: Նա տիրաբար պահանջում է վերջ տալ անկարգություններին սրբարանի շրջակայքում: Եվ ասում է՝ Իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք:
Հակաճառելու բան չկար: Մինչ այդ էլ բարեպաշտ մարդիկ տրտնջում էին Տաճարում եղող անկարգություններից: Սակայն նվիրապետությունը վիրավորվեց, որ այդ բոլորովին անհայտ գալիլիացին տիրոջ պես հրամաններ է արձակում իրենց կալվածքում, դեռ ավելին, հավակնում է Աստծուն առանձնահատուկ մերձավորության, կոչելով Նրան Իր Հայրը: Իսկ ինչպե՞ս էին վերաբերվում Հիսուսին փարիսեցիները՝ ավանդական բարեպաշտության այդ պատվարները: Նրանց հայացքները տրամագծորեն հակառակ չէին Քրիստոսի ուսմունքին: Փարիսեցիների նկատմամբ բացասական բոլոր հղումները, որ նկատում ենք Նոր կտակարանում, վերաբերում են բոլոր նրանց, ովքեր երեսպաշտներ էին, ովքեր դատապարտվել էին նույնիսկ իրենց եղբայրակիցների կողմից (Մատթ. 23:3,23, Ղուկ. 18:1):
«Գործք առաքելոց»-ում տեսնում ենք, որ Պողոս առաքյալը հպարտ է փարիսեցու կրոնական իր ժառանգությամբ» (Գործք 22): Բացի դրանից, շատ փարիսեցիների բարոյական ըմբռնումներն առանձնանում էին վեհ բնույթով և մոտ էին Ավետարանին: Բավական է մեջբերել թեկուզ ռաբբիների՝ Թալմուդ մտած մի քանի ասույթները, որպեսզի համոզվենք դրանում. «Սիրիր խաղաղություն և հաստատիր այն ամենուր», «Ով ողորմություն է տալիս թաքուն, նա Մովսեսից էլ բարձր է», «Լավ է կարճ աղոթքը երկյուղածությամբ, քան երկարը առանց ջերմեռանդության», «Անհամբեր մի եղիր զայրանալիս», «Նմանվեք Աստծուն, ինչպես Նա է ողորմած. այնպես էլ դուք եղեք ողորմած», «Կեղծ բարեպաշտներին պետք է մերկացնել, քանզի նրանք վիրավորում են Աստծո անունը»: Երբ կարդում ես այս տողերը, հասկանալի են դառնում Քրիստոսի խոսքերը փարիսեցիների մասին. «Ամեն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արե՛ք և պահեցե՛ք» (Մատթ. 23:3):
Օրենքի ավետարանական «կատարումը» չոչնչացրեց հինը, Քրիստոսի խոսքերով. «Դրա համար երկնքի արքայությանն աշակերտած ամեն օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձից հանում է նորը և հինը» (Մատթ. 13:52): Զրուցելով մի աստվածաբանի հետ, Հիսուսն ասաց՝ hեռու չես Աստծո Արքայությունից: Այդ դեպքում ինչո՞ւ Նրա և փարիսեցիների միջև բախում առաջացավ: Դրա կարևորագույն պատճառը փարիսեցիների մեջ տիրող բարեպաշտության ըմբռնումն էր: Նրանց «հավատարմությունը Օրենքին» ոչ միայն կյանքի ամբողջական փիլիսոփայություն է հանդիսանում, այլև մինչև վերջին մանրամասները լավ մտածված հանգամանալից ծրագիր: Քրիստոսը չէր հերքում և չէր կարող հերքել այդ ծրագրի նպատակը, որն է՝ առօրեականության յուրաքանչյուր կողմը սրբագործել, ամեն ինչում կատարելով Աստծո կամքը: Բայց դրան հասնելու դպիրների մոտ ճանաչում գտած միջոցներում կրոնը ոսկրացնելու վտանգ էր թաքնված: Բավական չէր, որ «հների» ցանկացած կանոն անխտիր վերագրում էին աստվածային հեղինակության, կանոնակարգը կլանում էր մարդկանց ողջ ուշադրությունը, երբեմն ամլացնելով հավատքի հիմնական բովանդակությունը: Այն միտքը, որ իբր ինչ-որ «գործերի ցուցակ» կա, որոնք կատարելով կարելի է ձեռք բերել բացարձակ արդարություն, օրինապահներին հանգիստ չէր տալիս: Նրանք մրցակցում էին մեկը մյուսի հետ՝ դարերով սրբագործված բոլոր սովորույթները ճշտապահորեն պահպանելու ձգտման մեջ: Եվ, ինչպես որ հաճախ է եղել կրոնի պատմության մեջ, բարեպաշտությունը վերածվել է մռայլ գրոտեսկի: Որոշ փարիսեցիների ժողովուրդն անվանում էր շիկմի՝ «ամրաուս», այն բանի համար, որ նրանք մշտապես կռացած էին քայլում, ցույց տալով, թե հոգեփրկչական սխրանքների ինչ ահռելի ծանրություն է իրենց վիճակված տանել: Փարիսեցիներն իրենք էլ, դաժան հումորով, կարողանում էին իրենց մեջ տարբերել լավն ու վատը:
Թալմուդի չորս տեքստ նրանց վերաբերյալ տարբեր ցուցակներ են տալիս: Ահա մի քանի հատված, որտեղ ներկայացված են յոթ կարգի փարիսեցիներ: Ուժեղ ուսեր ունեցողներ, ովքեր իրենց արածները գրում են իրենց մեջքին՝ մարդկանց կողմից հարգանքի արժանանալու համար: Քարշ եկողներ, ովքեր պատրվակ են բերում, թե կարևոր պատվիրան ունեն կատարելու, որպեսզի ուշացնեն բանվորների աշխատավարձերը: Հաշվարկողներ, ովքեր իրենք իրենց ասում են. «Քանի որ շատ արժանիքներ ունեմ, կարող եմ ինձ թույլ տալ որևէ վատ արարք»: Տնտեսողներ, ովքեր իրենց հարց են տալիս. «Ի՞նչ փոքր բան պետք է կատարեմ, որպեսզի ավելացնեմ արժանիքներս»: Փափկանկատներ, ովքեր իրենց հարց են տալիս. «Ի՞նչ մեղք եմ գործել, որպեսզի դրա համար հատուցեմ բարի գործով»: Վախկոտ փարիսեցիներ, ովքեր վարվում են Հոբի պես: Սիրող փարիսեցիներ, ովքեր գործում են Աբրահամի պես: Վերջիններս իսկական փարիսեցիներն են:
Տաճար մտնելով, Հիսուսը կարող էր տեսնել, թե փարիսեցիներն ինչպես են գաղտագողի անցնում հրապարակով, շարունակ անսպասելիորեն դուրս գալով դիմացինների վրա: Նրանք վախենում էին հայացքը վեր բարձրացնել, որ պատահաբար կնոջ չնայեն: Նրանց կատակով անվանում էին խիցայ՝ «մի ջարդիր ճակատդ»: Բնականաբար, այդպիսի մարդկանց պետք է զայրացներ Քրիստոսի ազատությունը: Դրանում նրանք մոլորություն և սպառնալիք էին տեսնում բարի բարքերի նկատմամբ: Ըստ հրեա մի պատմաբանի, այդ ժամանակաշրջանում փարիսեցի-շամմաիթները հետևողականորեն աշխարհից փախուստ էին քարոզում և ճգնակեցություն: Մահացու մեղք էր համարվում, օրինակ, աստվածաբանական գրքերից կտրվելով, ասել. «Ինչ գեղեցիկ է այս ծառը»: Փարիսեցիները մեծ տեղ էին հատկացնում պահքին: Հիսուսը թեպետ ընդունում էր հավատի այդ արտաքին դրսևորումները, բայց դրանք չէր դարձնում կրոնական կյանքի առանցքակետը:
Երբ Նա Օրենքը մեկնում էր մարգարեների ուսմունքի ոգով, դպիրները մեղադրում էին Նրան «ավագների ավանդույթի» դեմ մահափորձ անելու մեջ: Երբ Նա ասում էր, որ գթասրտությունն ավելի ընդունելի է Աստծուն, քան ծեսերը, փարիսեցիների աչքում դա դիտվում էր ողջ «օրինական» համակարգի խաթարում: Շատերին կարող է տարօրինակ թվալ այդպիսի կույր նվիրվածությունը տառին և ձևին: Սակայն պետք է հաշվի առնել, որ ծիսապաշտությունը մարդկային հոգեբանության խորքերում արմատավորված հիվանդություն է: Դրա համար էլ պատմության մեջ այդքան կրքեր են մոլեգնել ծեսերի շուրջ, և այդքան արյուն է հեղվել ծիսակարգերի պատճառով: Համանման հիվանդություն, նման սևեռուն նևրոզի, ախտահարել է հաճախ նաև քրիստոնյաներին, որոնք մոռացել են, որ Քրիստոսի համար սերը Աստծո և մարդկանց հանդեպ անհամեմատ բարձր է ցանկացած արտաքին պատվիրանից: Տառի, ծեսի և հնավանդության կողմնակիցները բոլոր ժամանակներում առանձնացել են միատեսակ պահպանողականությամբ: Փարիսեցիների ողբերգությունը կապված է այն բնորոշ արտահայտության հետ, ինչը հետագայում սկսեցին կոչել «փարիսեցիություն»: Երուսաղեմի ավագները, ինչպես Հնդկաստանի բրամինները «պղծվելու» մշտական երկյուղ էին զգում: Նրանց մասին ասում էին, որ նրանք պատրաստ են «մաքրելու արևն անգամ»: Բայց մտածելով իրենց բարեպաշտությամբ մոտեցնել Փրկչի ժամանակները, Իսրայելի առաջնորդները, իրենք էլ չգիտակցելով այդ, շուռ եկան Նրանից, Ով բերելու էր նրանց փրկության լուրը:
Հարկ է հաշվի առնել դպիրների՝ Հիսուսի հանդեպ ունեցած թշնամանքի ևս մի պատճառ: Մատթեոս ավետարանիչը խորաթափանցորեն նկատում է, որ այն բնավորված էր նախանձի մեջ: Փարիսեցիները վարժվել էին իրենց ուղղադավանությունը չափանիշ համարել, և հանկարծ հայտնվել է ինչ-որ անծանոթ գավառացի և իրենց արտոնությունները վնասելու հարցուփորձ է անում: Նրա գործունեությունը արտոնված չէ ճանաչված հեղինակություններից ոչ մեկի կողմից, նա չի անցել նրանց դպրոցը, չի ուսումնասիրել աստվածաբանություն և Օրենքը: Մարդկանց, որոնց թիկունքում առկա է բազմադարյան ավանդույթը, հաճախ բնորոշ է առանձնահատուկ բնույթի հպարտություն: Այդ պատճառով էլ անգամ Մկրտչին, չնայած նա ճգնավոր էր, փարիսեցիները նայում էին որպես ինքնակալի, իսկ նրանց առավել ևս ավելի հանդուգն էր թվում Նազովրեցին: Իրականում, «Եկավ Հովհաննեսը. ո՛չ ուտում էր և ո՛չ խմում, և ասացին՝ նրա մեջ դև կա: Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում. և ասում են՝ ահա ուտող և խմող մարդ, բարեկամ՝ մաքսավորների և մեղավորների» (Ղուկ. 7:33-34): Սակայն, կրկնում ենք, ամենևին ոչ բոլոր փարիսեցիներն էին սահմանափակ և նեղմիտ ընթերցողներ: Եվ նրանց մեջ կային ոչ քիչ կենդանի և անկեղծ հավատի մարդիկ, և նրանց մեջ էր բարձրացվում բողոքի ձայն կեղծ բարեպաշտության և երկերեսանիության դեմ: Դրա համար էլ Քրիստոսի առաջին քարոզը Երուսաղեմում որոշ օրինապահների վրա խոր տպավորություն թողեց:
Փարիսեցիներին այդ ժամանակ գլխավորում էր Հիլլելի թոռը՝ Գամաղիելը: «Գործք առաքելոց»-ից հայտնի է, որ նա մեծ հանդուրժողականություն է ցուցաբերել նոր ուսմունքի նկատմամբ, իսկ նրա կողմից դաստիարակված շատ փարիսեցիներ հետագայում անցան նորկտակարանյան Եկեղեցու շարքերը: Անգամ առասպել էր հյուսվել, թե կյանքի վերջում Գամաղիելը դարձել է քրիստոնյա և ընդունել մարտիրոսական մահ: Այդ առասպելը անպայման մտացածին է, բայց դրա երևան գալը պատահական չէ: Ռաբբիները ասացվածք ունեին. «Մարդու խոսքերը, որոնցում Աստծո հանդեպ երկյուղ կա, կլսվեն»: Հիսուսի կողմից կատարվող բժշկումները փարիսեցիներից առավել անկեղծներին ստիպեցին մտածել: Նրանց անունից զրույցի համար Նրա մոտ եկավ ավագների խորհրդի անդամ Նիկոդեմոսը:
Բայց նա գերադասեց Հիսուսի հետ հանդիպել գիշերը, որպեսզի չհարուցի առավել խստաբարո եղբայրակիցների ծաղրանքը: Նրա համար դժվար ընկալելի ու տարօրինակ էր Հիսուսի այն խոսքը, թե անհրաժեշտ է վերստին ծնվել: Սակայն Հիսուս դրանով կամենում էր ցույց տալ, որ քիչ է պարզապես Աստծուն ընդունելը, հարկավոր է հոգևոր հեղաշրջում, կյանքի փոփոխություն: Արդ, նրա համար, ով ծնվել է «Հոգու մեջ», հավատն արդեն ավելին է, քան պարզապես ծեսերի համակարգը: Նա Տիրոջ որդին է, Նրա Թագավորության մանուկը: Այդ զրույցից հետո, ըստ երևույթին, Նիկոդեմոսը դարձավ Հիսուսի գաղտնի հետևորդներից: Նրանց թվում Ավետարանները հիշատակում են նաև Հովսեփ Արիմաթիացուն՝ երուսաղեմցի երևելի ավագին, և փարիսեցիներից մի քանի «ղեկավարող» դեմքերի: Այդուհանդերձ, դրանք փոքրամասնություն էին: Օրինապահների ճնշող մեծամասնությունը Հիսուսին կասկածամտորեն ընդունեց: Եվ ինչքան նրանք ծանոթանում էին Նրա ուսմունքի հետ, այնքան նրանց դժգոհությունը և թշնամանքը մեծանում էին: Երբ Հիսուսը թողեց Երուսաղեմը, աշակերտները հասկացան, որ Նա ոչ միայն չմոտեցավ թագավորական գահին, այլև քաղաքի ազդեցիկ կուսակցություններին զինեց Իր դեմ: Լինելով հասարակ գյուղացիներ՝ նրանք վարժված էին ակնածանքով վերաբերվելու հոգևոր դասին և դպիրներին:
Տեսնելով ընկերների տագնապը, Վարդապետն ասաց. «Ամեն տունկ, որ Իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտ արվի: Թողե՛ք նրանց. կույրեր են, կույրերի առաջնորդ. երբ կույրն է առաջնորդում կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում» (Մատթ. 15:13-14): Այդ ժամանակից Հիսուսը մեկ անգամ չէ, որ կայցելի Երուսաղեմ, բայց այնտեղ էլ չի ընդունվի: Նրա համայնք կմտնեն գերազանցապես գալիլիացիներ, իսկ Հարավի բնակիչներին Նա կմնա օտար: Այսպիսով, փարիսեցիների զգալի մասն այդպես էլ չկարողացավ ընդունել Հիսուս Քրիստոսի բերած գարնանաշունչ հավատքն իրենց կարծրացած սրտերում:
Պատրաստեց
Հովհաննես Մանուկյանը
Աղբյուրը՝ irates.am