25 Նոյեմբեր, Բշ
Մովսեսը մեծահարուստ հնդիկ էր, ով բաղձաց մենակեցության և իր ողջ ունեցվածքը տվեց վանքերին, իսկ ինքը գնաց հայր Մակարիոսի և հայր Իսիդորոսի մոտ: Երեք տարի անց նրան սկսեցին նեղել պոռնկության խորհուրդները, և նա գալով Երանելի Մակարիոսի մոտ` պատմեց իրողությունը: Երանելին նրան ասաց. «Չգիտե՞ս, որ եթե ծառի արմատը դալար և կենդանի է` պտուղը չի չորանա, և շունը, որ սովոր է դառնում խոհանոցին, առանց ծեծի չի հեռանա: Ուրեմն, դու քեզ դի՛ր պահքերի և աղոթքների մեջ, և կտեսնես, թե ինչ կլինի»: Եվ Մովսեսը մտավ պահքի մեջ, այն էլ այնպիսի, որպիսին ոչ ոք չէր պահել թե՛ մինչ այդ, թե՛ դրանից հետո: Աբբա Մակարիոսն ասաց. «Եղբա՛յր Մովսես, ամեն բան իր չափն ունի. մի քիչ կերակուր վերցրո՛ւ» (որովհետև օրական արմավի յոթ կորիզ էր թրջում և այդ էր միայն ուտում): Եվ նա լեռանը վանք շինեց, որը Եգիպտոսի և Հնդկաստանի միջև է գտնվում, և իր վանքում ժողովեց հարյուր յոթանասուն հոգու: Այնտեղ էր նաև Սկյութիայի Պողոս մենակյաց ճգնավորը, որը ձեռագործ չէր անում և ոչ ոքից ոչինչ չէր խնդրում, այլ օրվա իր հացը իր ձեռքով էր պատրաստում և իր համար օրական հինգ հարյուր աղոթքի կարգ էր սահմանել: Եվ մի օր նա գնաց հայր Մակարիոսի մոտ և ասաց. «Հա՛յր, իմ խորհուրդն ինձ նեղում է, որովհետև մի կույս կա գյուղում` քառասուն տարի ինքն իրեն արգելափակած, և շատերը նրա մասին պատմեցին ինձ, թե իր կյանքի ողջ ընթացքում շաբաթը մեկ անգամ է ճաշակում և օրական հազար աղոթք է անում: Ես ևս ցանկանում եմ այդպես անել, սակայն այդպիսի կարգ չկա, որ կնոջից սովորենք»: Եվ Մակարիոսն ասաց. «Պողո՛ս եղբայր, վաթսուն տարի է, որ ես կարգ եմ դարձրել ինձ համար օրական հարյուր աղոթքը, օրվա կերակուրն իմ ձեռքով եմ պատրաստում, եղբայրներին եմ սպասավորում, և իմ խորհուրդներն ինձ դատապարտում են, իսկ դու ասում ես` հինգ հարյուր. մի՞թե դա քիչ է»: Եվ Պողոս եղբայրը հանդարտվեց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016