Պարելու մասին

Հետաքրքրական է, որ հրեական աստվածպաշտության մեջ կարևոր տեղ է գրավում ոչ միայն աղոթքը, սաղմոսասացությունը, երկրպագությունը, այլև` պարը և պարելը: Ոմանք ուսուցանում են, որ սխալ է հիշարժան առիթներով խնջույքներ կազմակերպելը, ինչի դեմ խոսում է Քրիստոսի ներկայությունը Կանայի հարսանիքում (Հովհ. 2.1-2), և ասում են, որ չի կարելի մանավանդ պարել այդ տոնակատարությունների ժամանակ: Սակայն տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը պարի մասին: Պարը Աստվածաշնչում ներկայանում է դրական և բացասական լույսի ներքո, դրական` իբրև մարդկային ուրախության արտաքին դրսևորման ձև, և բացասական` իբրև դիվահարության, դիվապաշտության, կռապաշտության նշան:

Երբ Մովսեսն իջավ լեռից, տեսավ, որ հրեաները ոսկե հորթ են պատրաստել ու երկրպագում են այդ կուռքին` դրա առջև պարելով, որի համար խիստ զայրացավ մարգարեն և ոչնչացրեց կուռքը (Ելք 32.19-20): Սակայն պարը նույն Մովսես մարգարեի հետ կապված մեկ այլ դրվագում ներկայանում է նաև դրական իմաստով: Երբ հրեաներն անցան Կարմիր ծովը, Մովսեսի քույր Մարիամը իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա ետևից` թմբուկ խփելով ու պարելով: Առաջից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառավորված» (Ելք 15.20-21): Մովսեսը ևս այս խոսքերով էր սկսել Տիրոջն ուղղված օրհնաբանությունը (Ելք 15.1), և այս օրհնաբանության սկզբի բառերն ասվում են ամեն օր եկեղեցիներում գիշերային ժամերգության ժամանակ` իբրև օրհնության շարականի սկզբնավորություն` Օրհնեսցուք զՏէր, զի փառօք է փառաւորեալ:

Պարելը բացասական իմաստով է ներկայացվում Աստվածաշնչի մի շարք հատվածներում: Սաղմոսում ասվում է. «Անմիտ մարդը պարում և ցնծում է բարեկամների համար երաշխավոր լինելիս» (Առակ. 17.18): Նաև Դավիթ թագավորը պարում է, որպեսզի դիվահարի տպավորություն թողնի (Ա Թագ. 21.11-15): Սակայն Հին Կտակարանում պարելը համարվում է նաև ուրախության արտահայտման ձև: Աստվածաշնչյան իմաստունն ասում է, որ կա «լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը» (Ժող. 3.4): Երբ Իսրայելի գլխավոր Հեփթայեն գալիս է իր տուն, նրա աղջիկը ընդառաջ է ելնում թմբուկներով ու պարերով (Դատ. 11.34): Գողիաթին սպանած Դավթին հրեաները պարերով ու երգերով են դիմավորում (Ա Թագ. 18.6-7): Դավիթը Տիրոջ տապանակը վերադարձնելիս պարում էր և նվագում, որի համար նրա կինը` Մեղքողը, նախատեց ամուսնուն, ինչին ի պատասխան Դավիթ թագավորն ասաց. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջև: Օրհնյալ է Տեր Աստվածը, որն ինձ ընտրեց և ոչ թե քո հորն ու նրա ամբողջ տունը: Նա ինձ Իսրայելի իր ժողովրդի վրա առաջնորդ կարգեց: Ահա այդ Տիրոջ առաջ ես պիտի երգեմ ու պարեմ»: Եվ հենց այս նախատինքի համար էր, որ Դավթի կին Մեղքողը մինչև իր կյանքի վերջը զավակ չունեցավ (Բ Թագ. 6.20-23): Սողոմոն արքայի թագավորացումը մարդիկ նշեցին պարեր պարելով և մեծ ուրախությամբ (Գ Թագ. 1.39-40): Այսպիսով, հրեաները նաև պարեր պարելով էին օրհնում Աստծուն (Բ Մակ. 6.23, 25): Նաև մարգարեները պարը ներկայացնում են որպես հակադրություն սգի և տխրության (Զաք. 12.10, Երեմ. 30.18.19, 31.4, Երեմ. ողբը 5.15):

Նոր Կտակարանում ևս պարի հանդեպ դրական և բացասական վերաբերմունք կա: Հերովդես թագավորի ծննդյան տարեդարձի տոնախմբության ժամանակ նրա անօրինական կին Հերովդիայի դուստրը պարում է հրավիրյալների առջև, հաճելի թվում Հերովդեսին, և հենց այս պարով խորամանկությամբ թագավորից պահանջում կտրել Հովհաննես Մկրտչի գլուխը (Մատթ. 14.6-11, Մարկ. 6.21-28): Սակայն անառակ որդու մասին Քրիստոսի պատմած առակում պարը ներկայացվում է որպես ուրախության դրսևորման ձև (Ղուկ. 15.25):

Իսկ ինչո՞ւ Եկեղեցին չզարգացրեց պարը և Դավիթ թագավորի նմանողությամբ չմտցրեց ծիսարարողական կարգի մեջ: Ոմանք կարծում են, որ պարի դրսևորում է եկեղեցում կատարվող Անդաստանի արարողությունը, որի ընթացքում քշոցների ձայնակցությամբ և երգերի ու երաժշտության նվագակցությամբ հոգևորականներն ի մի խմբված շարժվում են այս ու այն կողմ: Եկեղեցական կանոնագիրքը հստակ դիրքորոշում ունի պարի մասին: Եթե քահանան պսակ է անում և նրան հրավիրում են հարսանիքի տոնախմբության, հոգևորականը կարող է գնալ, բայց անպատշաճ է պարելը: Այսպիսի դիրքորոշման պատճառն այն է, որ մարդկային հաճույքները լինում են երեք տեսակի: 1. արտադրողական կամ կյանքի խիստ անհրաժեշտ կրքեր կամ հաճույքներ, որոնք են ուտելը, խմելը, հանգիստը, քունը, առանց որոնց մարդը կմեռնի, և որոնք հատուկ են նաև բոլոր կենդանիներին, կենդանական աշխարհին: 2. Գրգռող հաճույքներ` ճանապարհորդություն, ձիավարություն, սուսերամարտ, պարեր, որսորդություն և այլն և նույնիսկ պատերազմ: 3. Մտավոր-զգացական հաճույքներ, որոնք են` հայեցողություն, մտածողություն, զգացողություններ, արվեստ, բանաստեղծություն, երաժշտություն, ուսուցում, ընթերցանություն, փիլիսոփայություն: Հատկապես առաջին և մասամբ երկրորդ տիպի հաճույքներն ունեն նաև կենդանիները, և մանավանդ պարը առկա է թռչունների բազում տեսակների մոտ, որոնք երբեմն պարը ներկայացնում են այնպիսի պերճաշուքությամբ, ինչպես չեն կարող անգամ մարդիկ: Իսկ մտավոր-զգացական հաճույքները բոլորից բարձր են և հատուկ են միայն մարդուն: Սրանք հոգևոր հաճույքներ են, և Եկեղեցին հիմնականում դրանք զարգացրեց, որովհետև դրանք են կարևոր հոգևոր խաղաղության և ներդաշնակության հաստատման համար:

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

22.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․