22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Երաժշտությունը կարո՞ղ է քրիստոնեական և հակաքրիստոնեական լինել:
Երաժշտությունը տարբերակվում է ոչ միայն ըստ համապատասխան ժանրերի, այլև ըստ կիրառման ուղղվածության, որի համաձայն` երաժշտությունը լինում է կրոնական, աշխարհիկ, քրիստոնեական, ոչ քրիստոնեական և հակաքրիստոնեական: Կրոնական երաժշտությունը ծիսական պաշտամունքների ժամանակ գործածվող երաժշտությունն է, աշխարհիկը` համերգային, խնջույքային, ոչ ծիսական երաժշտությունը: Քրիստոնեական երաժշտությունը ոչ միայն աստվածպաշտական արարողությունների ժամանակ գործածվող երաժշտությունն է, այլև դասական երաժշտությունը, երաժշտական արվեստի գեղեցիկ ստեղծագործությունները, որոնք գրված են քրիստոնեական թեմաներով: Իսլամական, բուդդայական կամ այլ կրոնական պատկանելության երաժշտությունը, իհարկե, քրիստոնեական չենք կարող համարել. այն ոչ քրիստոնեական է: Երաժշտությունը հակաքրիստոնեական է, երբ երաժշտության, երգի դրսևորումները միտումնավոր ուղղված են քրիստոնեության դեմ, հակառակ են քրիստոնեությանը: Այսպիսի երաժշտություն է ռոքի ենթատեսակներից ծանր ռոքի, ծանր մետալի (heavy rock, metal) և հատկապես սև ռոքի (black rock) երգ-երաժշտությունը, որն իր գաղափարախոսությամբ ու հորդորներով ուղղված է քրիստոնեական կրոնի դեմ:
Սև ռոքի հայտարարվող գաղափարախոսությունը սատանիզմն է, սատանայապաշտությունը: Այս ուղղության ներկայացուցիչները հորդորում են իրենց երկրպագուներին հանդես գալ քրիստոնեության դեմ, նույնիսկ դիմել ագրեսիվ գործողությունների: 1992-1996 թվականներին Նորվեգիայում մի շարք եկեղեցիներ այրելու պատասխանատվությունն իր վրա վերցրեց սև ռոքի խմբերից մեկը: Այս ենթատեսակի տարբեր խմբեր հայտարարել են, որ իրենք հորդորում են եկեղեցիների դեմ հարձակումների և կամ անմիջականորեն մասնակցություն ունենում հակաքրիստոնեական գործողություններում: Նման ռոք խմբերն իրենց ցուցապաստառների վրա կարող են գործածել այրված եկեղեցիների պատկերներ, համերգներին բեմ են ելնում սատանիստական նշանների, գլխիվայր շուռ տված խաչի դաջվածքներով` նաև այդ կերպ քարոզելով և ցույց տալով քրիստոնեության դեմ իրենց կեցվածքը: Նման ռոք երաժշտությունը հենց հակաքրիստոնեական է և ոչ թե հակակրոնական, որովհետև այդ տեսակի ռոքի երիգիչներն ու կողմնակիցները ելնում են խաղաղություն, սեր, համերաշխություն քարոզող Եկեղեցու և կամ եկեղեցական շինությունների դեմ, որոնցում այդպիսի քրիստոնեական գաղափարներ են քարոզվում: Լավ կլիներ, որ այդ առնական թվացող ռոքերների քաջությունը բավականացներ ելնելու ոչ թե խաղաղ Եկեղեցու, այլ, օրինակի համար, մուսուլմանական ծայրահեղական խմբավորումների դեմ, որոնք ահաբեկչություն են տարածում և իրականացնում: Այդպես գոնե աշխարհին ծառայություն կմատուցեին` ահաբեկչության չարիքից ազատվելու համար:
Ո՞րն է երաժշտության առաքելությունն ըստ Ձեզ:
Քրիստոս մի առակ պատմեց անառակ որդու մասին, որը խորհրդանշում է մեղավոր մարդու դարձն առ Աստված (Ղուկ. 15.11-32): Երբ հորից հեռացած և մեղքերի ու թշվառության մեջ ընկած որդին վերադառնում է, ուրախացած հայրը պատվիրում է խնջույք անել: Ավագ եղբայրը տունդարձի ճանապարհին լսում է իրեն հասնող երգի ու պարի ձայները, այնուհետ տեղեկանում եղբոր վերադարձի մասին: Այս առակով Քրիստոս նաև ցույց է տալիս խնջույքների ժամանակ գործածվող երաժշտության, պարի ընդունելի լինելը, այսինքն` միայն կրոնական երաժշտությունը չէ, որ պետք է տեղ ունենա մարդու կյանքում: Հին հունական փիլիսոփաներից Արիստոտելը նկատում էր, որ երաժշտությունը նման է մարդկային զգացումներին, և առաջարկում էր նաև երաժշտությունը գործածել մարդկանց զայրույթը, տրամադրության անկյալ վիճակը մեղմելու, երեխաների դաստիարակության համար: Երաժշտության մասին նման կարծիք ուներ նաև Պլատոնը:
Պատարագի մեկնության մեջ նշվում է, որ հոգևոր երաժշտությունը մեծ նշանակություն ունի աղոթական կյանքի համար: Պատարագի արարողության ժամանակ հնչող երաժշտության մասին մեկնիչներն ասում են, որ մարդիկ աշխարհի տարբեր հոգսերով են մուտք գործում եկեղեցի, և հոգեպարար երաժշտության հնչողությունն օգնում է թոթափել ծանրաբեռնված հոգսաշատ մտածումները, կենտրոնանալ արարողության հոգևոր խորհրդի վրա և խաղաղ հոգով աղոթել Աստծուն: Երաժշտությունը կարող է խաղաղեցնել, ուրախացնել, աշխուժացնել և կամ էլ ագրեսիայի տրամադրվածություն առաջացնել: Սա նշանակում է, որ երաժշտությունը կարող է դրական և բացասական դերակատարություն ունենալ: Մարդու բարօրության համար երաժշտությունը պետք է օգնի վեհ ու առաքինի զգացումները վեր հանելու և դրանով առաջնորդելու դեպի բարին ու գեղեցիկը:
Հաճախ են որոշ հոգևորականներից հնչում կարծիքներ, թե հատկապես ռոք, ջազ, փոփ ժանրերի երաժշտությունը կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար: Ինչու՞:
Երբ հոգևորականները կարծիքներ են արտահայտում` երաժշտական տարբեր ժանրերի հետ կապված, և մտահոգություններ ներկայացնում, ոմանց դա թվում է որպես նեղմտության կամ ծայրահեղության դրսևորում: Սակայն հոգևորականները պարտավորություն ունեն նախազգուշացնելու մարդկանց, զերծ պահելու աստվածային կամքին հակառակ ընթացքներից: Հակաքրիստոնեական իր բնույթով հայտնի է ի մասնավորի սև ռոքը, և զարմանալ պետք չէ, երբ դրա դեմ եկեղեցականները տեսակետ են ներկայացնում: Սակայն նաև այլ ժանրերի երգ-երաժշտությունը մտահոգիչ են լինում այս առումով: Օրինակ` կան ռեփ ժանրի երգեր, որոնք լի են հայհոյանքներով, ռեփի տեսահոլովակները շատ հաճախ ներկայացնում են մերկ կանանց, մերկության տեսարաններ, անբարո վարք: Երգը կարող է նաև վատաբնույթ քարոզ չպարունակել, սակայն լինում է, որ տեսահոլովակը լի է անբարոյականության ներկայացումներով: Երբեմն փոփ երաժշտության տեսահոլովակներն են այդպիսին լինում: Բայց նման երևույթներին հոգևորականների անդրադառնալն ամենևին չի նշանակում, թե ծայրահեղությամբ արգելք է դրվում երգի, երաժշտության տարբեր ժանրերի ունկնդրության: Մարդիկ կարող են տարբեր մեղեդիներ լսել` ըստ տրամադրվածության: Կան անձեր, ովքեր ռիթմիկ երաժշտություն, աշխուժություն են սիրում, ոմանք նախընտրում են հանգիստ երաժշտություն, և դա ըդնունելի ու հասկանալի է:
Ուրեմն, քրիստոնյան կարող է նաև տարբեր տեսակի երաժշտություն լսել: Նշվեց, որ սև ռոքը հակաքրիստոնեական է: Սակայն երաժշտության որևէ այլ տեսակի նախընտրությունը կարո՞ղ է հակառակ լինել քրիստոնյայի վարքագծին:
Հոգեբանական տեսակետով` երաժշտության տարբեր ժանրերի նախասիրությամբ կարելի է որոշակի պատկերացում կազմել մարդու բնավորության մասին: Ուսումնասիրություններից մեկը երաժշտական նախապատվությունները բաժանում է չորս խմբերի, որոնցով երևում են նաև անձին հատուկ բնավորության հատկանիշները:
Այլընտրանքային ռոք, ծանր մետալ, ագրեսիվ երաժշտություն սիրողներն այն մարդիկ են, ովքեր սովորաբար ապստամբող են, առանց երկնչելու վտանգներին դեմ հանդիման են գնում, ռիսկի են դիմում, իրենց համարում են խելացի և գործուն:
Ռեփ, հիփ-հոփ` ռիթմիկ, պարային երաժշտություն նախընտրողներն աշխույժ, խոհական, զրուցասեր անձեր են, դեմ են նորին հակառակվող պահպանողական գաղափարներին:
Կրոնական, փոփ, թեթև երաժշտության կողմնակիցները կենսուրախ են, ուրիշներին օգնող, ընկերասեր, խոհուն և յուրահատուկ:
Դասական, բլյուզ, ջազ և ժողովրդական երաժշտության սիրահարները ստեղծագործական, մտածող, նոր փորձառություններ սիրող և քաղաքականապես ազատամիտ մարդիկ են:
Ամեն պարագայում պետք է նկատի ունենալ, որ քրիստոնյան պետք է չափավոր լինի աշխարհիկ իրողություններում և ջանա առաջանալ հոգևոր կյանքի մեջ:
1970-ական թվականներից սկսած մեծ հետաքրքրություն բերեցին նաև աստվածաշնչյան թեմաներով ռոք-օպերաները: Ինչպե՞ս եք վերաբերվում այս «երկխոսությանը»:
2001 թվականին Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում Հայ Առաքելական Եկեղեցու նախաձեռնությամբ ներկայացվեց առաջին հայկական «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերան, որը թերևս ժանրային իր կատարման առումով առաջինն էր նաև մեր տարածաշրջանում: Սա ցույց է տալիս, որ Եկեղեցին նախապաշարմունքներ չունի երաժշտության հետ կապված և գեղեցիկ ստեղծագործություն լինելու պարագայում այն գովելի և գնահատելի է համարվում: Ռոք երաժշտությունը հիմնականում տարբերվում է փոփ երաժշտությունից նրանով, որ փոփ երաժշտության ժանրում առաջին տեղում երգն է, երաժշտությունն ուղեկցում և օգնում է երգը ներկայացնելուն, իսկ ռոքի մեջ առաջնային դիրքում են նաև գործիքային կատարումները, ի մասնավորի էլեկտրական կիթառի երկար սոլոները, հարվածային գործիքների ձայնը, ինչպես նաև երգողի ձայնի սովորականից ավելի բարձր կամ ցածր տոնայնությամբ հնչողականությունը:
Աստվածաշնչյան թեմաներով ռոք-օպերաների ներկայա-ցումները միտում ունեն շեղվելու սուրբգրական բուն պա-տումներից և կերպարները ներկայացնելու գեղարվեստա-կան նոր մոտեցումներով ու փոփոխություններով: Այսպես, օրինակ, 1973 թ. Հիսուս Քրիստոսի մասին էկրանավորված ռոք-օպերայում Քրիստոսի կերպարը ներկայացված է ավե-տարանական կերպարին անհարիր փոփոխություններով, ինչը պատշաճ չէ աստվածաշնչյան գործող անձանց ներկա-յացնելիս: Պետք է նշել, որ հնում եկեղեցական Հայրերը դեմ էին նույնիսկ թատրոնին, մանավանդ այն թատերական ներ-կայացումներին, որոնք անպարկեշտ տեսարաններ էին ցու-ցադրում, վերաբերում էին Եկեղեցուն, Քրիստոսի երկրային կյանքին կամ աստվածաշնչյան որևէ իրադարձության, քան-զի իրականությունը հաճախ ծաղրվում էր, տարածվում էին անբարո և անպարկեշտ բարքեր:
Կարծիք կա, որ ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի երաժշտարվեստի վրա` բերելով նոր ստեղծագործական տրամաբանություն: Ինչպիսի՞ն է այլ կրոնների վերաբերմունքը երաժշտության հանդեպ, կա՞ն առավել ընդունելի և անընդունելի չափանիշներ:
Երաժշտության ոլորտի վրա բուդդիզմի ազդեցությունը վերաբերում է հատկապես դասական երաժշտության ժանրին, որով որոշ ստեղծագործողներ հակվեցին ավանգարդիզմին: Ավանգարդիզմը ներկայացնում է արվեստի, մշակույթի մեջ վերջերս առաջ եկած դրսևորում, ըստ որի` նյութը, ասելիքը պետք է մատուցել անգամ տարօրինակ միջոցներով: Այսպես, ստեղծագործողները երաժշտությունը կատարողին այսպիսի ցուցում են տալիս. «Նոտան նվագեք այնքան երկար, որքան որ ձեզ թվում է, թե պետք է, հետո դադար տվեք այնքան, որքան կարծում էք` պետք է դադար տալ և այնուհետ նույն ձևով կատարեք նոտաների նվագարկումը»:
Ժամանակակից երաժշտության հանդեպ կրոնների վերաբերմունքը չափավոր պահպանողական է, կրոնավորները դեմ են արտահայտվում միայն այնպիսի երաժշտության, որը կարող է ագրեսիվության, անբարոյականության տանել: 1997 թ. Իտալիայի Բոլոնիա քաղաքում կազմակերպվեց Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի հանդիպումը շուրջ երեք հարյուր հազար երիտասարդների հետ: Այդ հանդիպումը բացելու համար հրավիրվել էր ամերիկացի հանրահայտ ռոք երգիչներից մեկը, ով իր ելույթով մեծապես ողջունվեց երիտասարդների կողմից և ապա մոտեցավ Պապին ու նրա հետ խոսք փոխանակեց: Այս իրողությանը, սակայն, նաև դեմ արտահայտվողներ եղան կաթոլիկ հոգևորականության ներկայացուցիչներից, որոնցից մեկը հրաժարյալ Պապ Բենեդիկտոս 16-րդն է: Հետաքրքրական է, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին առանձնահատուկ վերաբերմունք ունի ռոքի և այս երաժշտական ժանրի սիրահարների հանդեպ: 2008 թվականին Ռուսիայի մկրտության` Ռուսաստանի, ռուս ժողովրդի քրիստոնեության դարձի 1020-ամյակի առիթով Կիևում կազմակերպված ռոք երաժշտության համերգից առաջ ռոքի երկրպագուներին իր խոսքն ասաց Մոսկվայի և Համայն Ռուսիո ներկայիս Պատրիարք Կիրիլը, ով այն ժամանակ Ռուս Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավարն էր: Այդ նույն համերգին ներկայացվեց նաև Ռուս Եկեղեցու Պատրիարք Իլյա Երկրորդի ուղերձը ռոք համերգին համախմբված մարդկանց: Ռուս Եկեղեցու քարոզչական գործունեության շրջանակներում ստեղծվել է ռոք-միսիոներականությունը, որի մեջ ներգրավված եկեղեցականները սերտ շփումներ են պահպանում ռոքերների հետ, մասնակցում ռոք համերգներին: Անգամ կուսակրոն, ամուսնացյալ հոգևորականներ, ովքեր սիրում են երաժշտության այս ժանրը և կամ իրենց խոսքով նախկին ռոքերներ են եղել, համերգներին ելույթ են ունենում նաև իրենց կատարումներով կամ որևէ ռոք խմբի ելույթներից որևէ մեկին ձայնակցում բեմում:
Ռուս Ուղղափառ Եկեղեցու այս տեսակ քարոզչությունը, իհարկե, ունի իր ընդդիմախոսները: Դժգոհություններից մեկն այն է, որ քարոզչության համար կարելի է այցելել այն վայրերը, որտեղ հավաքվում են ռոքի սիրահարները և ոչ թե համերգներին խոսքով կամ երգելով ելույթ ունենալ: Բացի դրանից, կարծես թե տարբերակում է դրվում երաժշտության այլ ժանրեր և ռոքը նախընտրողների միջև` առավելությունը տալով վերջիններին: Եթե ընտրվել է նման քարոզչության ձև, ուրեմն, հոգևորականները պետք է ներկայանան նաև, օրինակ, ռեփ համերգին և ռեփ երգելով, կամ ավելի ճիշտ` արտասանելով` իրենց համակրանքն արտահայտեն ու իրենց խոսքն ուղղեն նաև այս ժանրի երկրպագուներին: Ամեն դեպքում, նկատի ունենալով ագրեսիայի մղող կամ ագրեսիվ տրամադրվածություն առաջացնող որոշակի երաժշտություն, նաև ռոքի որոշ ենթատեսակների երաժշտությունը, պետք է զգուշավորություն դրսևորել ինչ-որ բան ունկնդրելիս: Այսպես, ռոքի ենթատեսակներից գարաժային ռոքը, որն առաջացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1960-ական թվականներին, երբ մարդիկ հավաքվում էին ավտոտնակներում` «գարաժներում», և այս տեսակի երաժշտություն հնչեցնում, կարող է մեկի նախապատվության մեջ լինել: Սակայն այս ենթատեսակի երգերի վերնագրեր կան, որոնք նույնպես կարող են հակաքրիստոնեական կամ հոգեմտավոր իմաստով քայքայիչ լինել:
Մուսուլմանության մեջ չի ողջունվում հատկապես իմամի` հոգևոր սպասավորի նախասիրությունը և առավել ևս նրա կողմից կատարումները ռոք երաժշտության. դրա պատճառով նրան կարող են հեռացնել հոգևոր ծառայությունից:
Քրիստոնյայի կողմից երգ-երաժշտության ունկնդրության համար ծայրահեղական կամ սնոտիապաշտական նեղմտություն չպետք է ունենալ: Հեռու մնալով սատանիզմի, ագրեսիվության ու քայքայիչ գործողությունների մղող ծանր երաժշտությունից` Եկեղեցու անդամ հանդիսացող քրիստոնյան կարող է ունկնդրել տարբեր ժանրերի երաժշտություն` դրա համար հիշելով երիտասարդներին ուղղված Սուրբ Բարսեղ Կեսարացու խրատը գիրք կարդալու, հեթանոսական գրականության առնչությամբ: Սուրբ Հայրը խորհուրդ է տալիս ընթերցել նաև հեթանոս հեղինակների գործեր` դրանցից վերցնելով կարևորը և չընդունելով ու մերժելով վնասակարը: Այսպես կարելի է վարվել նաև երաժշտության պարագայում:
Տեր Ադամ քհն. Մակարյան