Քրիստոնյան ծարավ է բարի գործերի

Սրբերի հոգևոր սխրանքները բոլոր ժամանակներում վկայել են առաքինաբար ապրելու ծարավի մասին: Հոգևորի հանդեպ ծարավը մարդու մեջ բնական պահանջ է, քանի որ մարդն արարվել է Աստծո պատկերով և նմանությումբ: Աստծով արարված հոգին ձգտում է իր Աղբյուրին, փնտրում է Աստծուն և Նրա հետ հաղորդակցությունը: Հոգևորի հանդեպ ծարավ ունեցողը ծարավ է բարի գործերի: Յուրաքանչյուրի մեջ այդ ծարավն արթնացնելու մեծ փափագն ուներ Ս. Հովհան Ոսկեբերանը, երբ հորդորում էր և ասում. «Մարդն ամենից առաջ պետք է գթասրտություն ուսանի, քանի որ այս առաքինությունն է, որ մարդուն մարդ է դարձնում: Եթե ոչնչացվի ողորմածությունը, ապա բոլորը կկործանվեն, քանի որ երկրային կյանքը չի կարող կանգուն լինել առանց ողորմածության, համբերատարության և մարդասիրության»:

Եկեղեցիների սուրբ հարկերից ներս համախմբված համայնքները, հոգևոր սպասավորների առաջնորդությամբ, իրենց հոգևոր ծարավը հագեցնում են նաև այն սոցիալական ծրագրերով, որ կյանքի են կոչվում բարին գործելու մղումով: Սեպտեմբերի 27-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը համայնքի Տիգրանյան ընտանիքի կողմից Սարգսյան Գոհարին (39 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ): Գոհարն իր ամուսնու, սկեսուրի և երկու զավակների հետ բնակվում է ք. էջմիածնի Կամոյի 4շ. 16 բն. հասցեում: Ընտանիքի ավագ զավակը՝ Գառնիկը (16 տ.), տառապում է աուտիզմով: Գոհարն ասաց, որ տղան ժամանակ առ ժամանակ պրոֆիլակտիկ բուժումներ է ստանում: Ընտանիքի մայրը շնորհակալություն հայտնեց աջակից ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար, քանի որ իրենք ֆինանսական դժվարություններ ունեն՝ ամուսնու մշտական աշխատանք չունենալու պատճառով:

 

Կարինե Սուգիկյան

27.09.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․