Սաղմոս ՃԺ

Ալելուիա:

Հելլենական լեզվով «ալելու» օրհնեցեք է նշանակում, «իա»՝ Տիրոջը: Հովսափաթ բարեպաշտ թագավորի օրոք, ըստ Դավթի վկայության, ամոնացիները, մովաբացիները և եդոմացիները միաբանվելով մտան Հրեաստան՝ ցանկանալով վնասել նրանց, իսկ Հովսափաթն ընկնելով Աստծու առաջ՝ օգնություն խնդրեց, Տերը լսեց նրան, և թշնամիները միմյանց կոտորեցին Հորդանան գետի սահմաններում, իսկ Հովսափաթը, մտնելով տաճար, բոլոր իսրայելացիների հետ միասին գոհություն մատուցեց Աստծուն: Սա նաև Զորաբաբելին է վերագրվում, երբ հաղթանակ տարավ Գոգի հանդեպ:

1. Խոստովան եղէց քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով, ի խորհուրդս ուղղոց ի ժողովուրդս. մեծ են գործք Տեառն. և քննեալ են յամենայնի կամք նորա:

Ամբողջ սրտովս քեզ պիտի գոհություն մատուցեմ, Տե՛ր, արդարների ժողովում, հավաքույթի մեջ: Մեծ են գործերը Տիրոջ, և քննված է նրա կամքը ամեն ինչում:

Ամբողջ սրտով և մտքով պետք է գոհություն մատուցել Աստծուն արդարների ժողովում՝ հաղորդակից լինելով ուղիղներին աստվածպաշտությամբ, հավատքով և գործերով, որով ասում ենք՝ մեծ են քո գործերը, Տե՛ր, և քննվեց ու հայտնի դարձավ, որ նրա կամքը [միայն] բավական է մեծագույն գործեր կատարելու համար:

2. Խոստովանութիւն և վայելչութիւն են գործք նորա, արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից:

Փառավոր և վայելուչ են նրա գործերը, նրա արդարությունը կտևի հավիտյանս հավիտենից:

Փառավոր. արարածները փառավորում են նրան, վայելչություն աստղերով, արեգակով և լուսնով և օդը, երկինքը, ծաղիկները, ծովերն ու ջրային կենդանիները: Նրա արդարությունը կտևի հավիտյանս՝ նրա դատաստանը, քանզի պակաս որևէ բան չարեց:

3. Յիշատակ արար սքանչելեաց իւրոց ուղղոց. ողորմած գթած է Տէր. կերակուր տայ երկիւղածաց իւրոց:

Արդարներին նա հիշեցրեց իր հրաշագործությունները. ողորմած և գթասիրտ է Տերը. կերակուր է տալիս իրենից երկյուղ կրողներին:

Հիշեցնում է մեզ առաջին հրաշագործությունները, որ կատարվեցին փարավոնի և Ամաղեկի [ժամանակ], և արժանի չէինք, սակայն դու ողորմած ու գթասիրտ ես, Սիմաքոսը [ասում է]՝ «որս է տալիս իրենից երկյուղ կրողներին», որովհետև ուրիշներից վերցրին ավարը:

4. Յիշեաց յաւիտենից զուխտ իւր, զզօրութիւն գործոց իւրոց պատուիրեաց ժողովրդեան իւրում:

Հավիտյան հիշում է իր ուխտը: Իր գործերի զորությունը հայտնեց նա իր ժողովրդին:

Հիշում է Աբրահամին: Իր գործերի զորությունը. այժմյան հրաշագործություններով պատվիրեց ոչ ոքից չվախենալ, այլ միայն երկյուղել [Աստծուց]:

5. Տալ նոցա ժառանգութիւն հեթանոսաց. և գործ ձեռաց նորա արդարություն և իրաւունք են:

Նրանց տալով ժառանգությունը հեթանոսների: Նրա ձեռքերի գործերն արդար են ու իրավացի:

Աբրահամին ասաց. «Քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին» (Ես. 54:3): Նրա ձեռքերի գործերը, որովհետև պատճառ չունեն իրար մեջ տրտնջալու, թե նրա արարքները վնասում են իրենց, և Աստված արդարությամբ գործեց, ուստի այն, ինչ մտածեցին մեր հանդեպ անել, իրենց վրա եկավ, այսինքն՝ մովաբացիների և այլոց:

6. Հաւատարիմ են յամենայնի պատուիրանք նորա. հաստատեալ են յաւիտեանս յաւիտենից, արարեալ են ճշմարտութեամբ և ուղղութեամբ:

Նրա բոլոր պատվիրանները վստահելի են: Հաստատված են դրանք հավիտյանս հավիտենից, ստեղծված՝ ճշմարտությամբ և արդարությամբ:

Վստահելի են, որ Մովսեսին պատվիրեց կատարել, որ ինչ խոստացավ՝ հաստատեց և ճշմարտությամբ կատարեց, թե ձեզանից մեկը հազարին կհալածի:

7. Փրկութիւն առաքեաց Տէր ժողովրդեան իւրում. պատուիրեաց յաւիտենից զուխտ իւր. Սուրբ և ահեղ է անուն նորա:

Տերը փրկություն ուղարկեց իր ժողովրդին, հավիտյանս պատգամեց իր ուխտը, սուրբ և ահեղ է նրա անունը:

Փրկություն ուղարկեց՝ Մովսեսի, Հեսուի միջոցով, և արդ հրեշտակը, որ խռովություն գցեց հեթանոսների մեջ և կոտորեցին միմյանց, պատգամեց պահել ուխտը, որ Տիրոջից ստացանք: Սուրբ և ահեղ է նրա անունը, քանզի նրա անունը կանչեցինք և անհոգ եղանք: Նորից՝ Հայրն ուղարկեց Հիսուսին, պատգամեց իր ուխտը վերնատանը, սուրբ և ահեղ է նրա անունը դևերի, Հուդայի և ամեն տեսակ ցավերի ու ձախակողմյան դասերի համար:

8. Սկիզբն զգօնութեան երկիւղ Տեառն, իմաստութիւն բարի ամենեցուն, որ առնեն զնա. և օրհնութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից:

Զգոնության սկիզբը երկյուղն է Տիրոջ հանդեպ, բարեմիտ են բոլոր նրանք, որ գործադրում են այն. նրա օրհնությունը կմնա հավիտյանս հավիտենից:

Իմաստությունն ըմբռնելու սկիզբը Տիրոջ երկյուղն է՝ որպես սիրո մատուցման առաջին դաստիարակ, իմաստություն, որը ոչ թե լեզվի ճարտարությամբ է, այլ՝ գործի կատարմամբ, և սրա սկիզբն ու հիմնքն այն է, որ երկյուղենք Աստծուց, քանզի երբ հաստատվում ենք նրա սիրո մեջ՝ իմաստություն է և որդեգրություն, և նրա օրհնությունը հավիտյան մեր վրա է մնում:

 

Վարդան ԱրևելցիՄեկնութիւն Սաղմոսացն ԴաւթիԷջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

23.09.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․