Սաղմոս ՃԸ

Այսուհետև սաղմոս Դավթի: Ի դեմս Երեմիայի իր հակառակորդներին է ասում: Ներկայացնում է նաև Քրիստոսի չարչարանքները, հրեաների չարությունն ու Հուդայի անզգամությունը, որ ասվեց, երբ Աքիտոբելն ու շատերը մտել էին Աբիսողոմի մոտ:

1. Աստուած, օրհնութեան իմոյ մի՛ լռեր, զի բերան մեղաւորի՝ բերան նենգաւորի բացաւ ի վերայ իմ:

Ո՜վ իմ օրհնության Աստված, մի՛ լռիր, քանզի մեղավորի բերանը՝ բերանը նենգավորի, բացվեց ինձ վրա:

Ի դեմս Տիրոջ է ասում, քանզի ինքն է, որ որպես մարդ աղոթում է և որպես Աստված՝ լսում: Օրհնություն չարչարանքներին է կոչում, կարծես ասելով, թե չեմ ցանկանում իմ փառքը տալ նրանց, ովքեր հեռացան ինձնից: Մեղավորի բերանը՝ Աքիդոբելի և Հուդայի, բացվեց:  Մի՛ լռիր. մի՛ ներիր իմ մահվան համար, քանզի նրանց համար չէ, ովքեր գնացին ինձնից:

2. Խօսեցան զինէն լեզուաւ նենգաւորաւ, և բանիւ ատելութեամբ պաշարեցին զիս:

Խոսեցին իմ մասին նենգամիտ լեզվով և ատելության խոսքերով պաշարեցին ինձ:

Նրանք [խոսում էին] երկրավոր մարդու լեզվի միջոցով:

3. Մարտեան ընդ իս տարապարտուց. փոխանակ սիրոյ իմոյ մատնէին զիս, այլ ես յաղօթս կայի:

Հանիրավի մարտնչելով իմ դեմ: Սիրուս փոխարեն մեղադրեցին ինձ, բայց ես աղոթքի կանգնեցի:

Որովհետև Դավիթն ու Հիսուսը ոչ մի չարիք չէին գործել, սակայն սիրելու փոխարեն մատնում էին, բայց Տերն աղոթում էր՝ ասելով, թե [մեղք] մի՛ համարիր նրանց, և հակառակ չէ Տիրոջ այն խոսքին, որ ասաց. «Օրհնեցե՛ք ձեզ անիծողներին» (Մատթ. 5:44), քանզի մարգարեություն է, այլ ոչ թե անեծք:

4. Հատուցին ինձ չար փոխանակ ընդ բարւոյ, ատելութիւն փոխանակ սիրոյ իմոյ:

Հատուցեցին ինձ չար՝ բարու փոխարեն, և իմ սիրո դիմաց՝ ատելություն:

Ըստ Եսայու, թե նրանց ցավերն էր վերցնում (տե՛ս Ես. 53:4), իսկ Աքիտոփելը Դավթի խորհրդակիցն էր:

5. Կացո ի վերայ նորա մեղաւոր. սատանայ կացցէ ընդ աջմէ նորա:

Նրա դեմ մի չարագործ հանի՛ր, և սատանան թող կանգնի նրա աջ կողմում:

Հանի՛ր դևին, որի [դրդմամբ] Աքիտոփելը կախվեց: Սատանան թող կանգնի նրա աջ կողմում. «Եվ երբ նա պատառն առավ, սատանան մտավ նրա մեջ» (Հովհ. 13:27), նա նախապես գիտեր, այդ պատճառով էլ վերցրեց արծաթը:

6. Ի դատաստանէ իւրմէ ելցէ դատապարտեալ, և աղօթք նորա ի մեղս դարձցին:

Իր դատաստանից թող նա հանցապարտ դուրս գա, և նրա աղոթքը մեղք թող համարվի:

Ինքն իր դատաստանը տեսավ. և երկուսին էլ իրենց խորհուրդները դրդեցին իրենց կախվել, և նրա աղոթքը, այսինքն մեղա ասելը, որ արդարի արյուն մատնեցի, ո՛չ ժամանակին էր և ո՛չ էլ ի սրտե:

7. Եղիցին աւուրք նորա նուազ. և զայցելութիւն նորա՝ զայն այլ տարցի:

 Թող նվազեն օրերը նրա, և նրա պաշտոնը թող ուրիշն առնի:

Քանզի չորեքշաբթիից մինչև ուրբաթ կենդանի էր, և նրա պաշտոնը վերցրեց Մատաթիան:

8. Եղիցին որդիք նորա որբ, և կին նորա այրի. սահեսցին փոփոխեսցին, որդիք նորա մորողք եղիցին. և ելցեն ի բնակութենէ իւրեանց:

Նրա որդիները թող որբ դառնան, իսկ նրա կինն՝ այրի: Նրա որդիները թող թափառական շրջեն ու մուրացիկ լինեն, և թող նրանք հեռանան իրենց բնակավայրից:

Հուդայի մասին գրված չէ, որ կին ու որդի է ունեցել, ո՞վ գիտե, թե ունեցել է, կամ Աքիթոփելի: Այդպես եղան բոլոր հրեաների [որդիները], իսկ ովքեր սահեցին, գերվեցին Տիտոսից և հեռացան իրենց բնակավայրից:

9. Քննեսցէ փոխատու զամենայն ինչս նորա, յափշտակեսցեն օտարք զվաստակս նորա:

Պարտատերը թող խուզարկի ողջ ունեցվածքը նրա, օտարները թող հափշտակեն վաստակը նրա:

Պարտատերը սատանան է, որ պարտքով տվեց արծաթը, խուզարկեց և ինչ բարի բան կար կորզեց Հուդայից, և հրեաները հարկատրաբար մտնելով հափշտակեցին ունեցվածքը: Սիմաքոսը «պարակոտոր» է թարգմանում, որը հարկահանն է:

10. Մի՛ գտցի օգնական նմա. և մի՛ ոք ողորմեսցի ի վերայ որբոց նորա:

Թող ոչ ոք աջակից չլինի նրան, և նրա որբերին ոչ ոք չգթա:

Աջակից չգտավ, երբ Աստված վերցրեց իր ձեռքը նրա վրայից:

11. Եղիցին որդիք նորա ի սատակումն, և յազգէ ջնջեսցի անուն նորա:

Թող նրա որդիները կոտորվեն, և նրա անունը թող ջնջվի սերնդի միջից:

Կոտորվեցին հրեաները և Հուդան, և ոչ ոքի վրա այդ անունն այլևս չդրեցին՝ գարշելով նրանից ինչպես պիղծ մեկից:

12. Յիշեսցին մեղք հօր նորա առաջի Տեառն. և մեղք մօր նորա մի՛ ջնջեսցին, և եղիցին առաջի Տեառն յամենայն ժամ:

Թող Տիրոջ առջև հիշվեն նրա հոր մեղքերը, և նրա մոր մեղքերը չսրբվեն: Թող նրանք ամեն ժամ Տիրոջ առջև լինեն:

Եզակի է դնում  միակամ հրեաներին, և ում գործերը որ կատարում էին, նրանց համար հայր էր ու մայր, որոնք անապատում մեղանչեցին՝ հորը անարգելով, իսկ մայր Երուսաղեմին է ասում, ովքեր այնտեղ մեղանչեցին, թող չջնջվեն, քանզի ինչպես կյանքի գիրք կա, այդպես էլ մահվան կա, և մի՞թե այդ ամենը հավաքած ու կնքված չի պահում իր գանձարանում:

13. Սատակեսցի յերկրէ յիշատակ նորա. փոխանակ զի ոչ յիշեաց առնել զողորմութիւն:

Եվ նրանց հիշատակը թող վերանա երկրից, քանզի նա ողորմություն անելը չհիշեց:

Քանի որ լսեց. «Երանի ողորմածներին» (Մատթ. 5:7):

14. Հալածեաց զայր աղքատ և տնանկ. սպանանել զայն, որ խոնարհ է սրտիւ:

Հալածեց աղքատ ու տնանկ մարդուն, որ կործանի նրան, ով խոնարհ է սրտով:

Որ մեզ համար աղքատացավ, և գլուխը դնելու տեղ չուներ (տե՛ս Մատթ. 8:20) ու ասում էր. «Հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11:29), և հալածեց մահվանը:

15. Սիրեաց զանէծս և ելցէ նմա. ո՛չ կամեցաւ զօրհնութիւն, հեռի եղիցի ի նմանէ:

Նա, որ անեծք սիրեց, թող այն իրեն դիպչի, նա, որ չուզեց օրհնություն, թող այն հեռու լինի նրանից:

Սիրեց, այսինքն՝ անիծյալ դարձնել Տիրոջը խաչի միջոցով, և իրեն դիպավ, քանզի նա օրհնության աղբյուր է, և չցանկացավ լսել. «եկե՛ք», այլ՝ «հեռացե՛ք ինձնից, անիծյալներ»:

16. Զգեցաւ զանէծս որպէս հանդերձ. Մտցէ որպէս ջուր ի փոր նորա, որպէս ձէթ ընդ ոսկերս նորա:

Անեծքը, որ նա հագավ ինչպես հանդերձ, թող ջրի պես լցվի նրա փորը, և ձեթի պես՝ նրա ոսկորների մեջ:

Ջրի պես չորս կողմից թող ներս մտնի, և ձեթի պես՝ նրա ոսկորների մեջ, առատահոս ինչպես ջուրը, և կայուն ինչպես ձեթ:

17. Եղիցի նմա որպէս հանդերձ զի ագանի, որպէս գօտի, որ ածի հանապազ ընդ մէջ:

Թող նրա համար հագնելու զգեստ լինի այն, և մեջքին կապելու մշտական գոտի:

Զգեստ, որ ամեն օր հագնի, և մեջքին գոտի կապի, նոր անեծք ստանա ամեն օր՝ հանդերձի պես պատվելով, և գոտու պես կապելով:

18. Այս գործ է այնոցիկ, որ չարախօս կային զինէն առ Տէր, և ոյք խօսէին չար զանձնէ իմմէ:

Այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին ինձ Տիրոջ առջև, և ովքեր չարախոսում էին իմ մասին:

Իրենք, ասում է, գործեցին, այլ ոչ թե ես, Տիրոջ առջև, ասելով թե՝ այդ մարդը Աստծուց չէ, այլ Աստծուց պատիժ էին խնդրում:

19. Այլ դու Տէր, Տէր, արա՛ ընդ իս ըստ անուան քում, զի քաղցր է ողորմութիւն քո, և փրկեա՛ զիս, զի աղքատ և տնանկ եմ ես:

Բայց դու, Տե՛ր, Տե՛ր, ինձ հետ վարվի՛ր ինչպես վայել է անվանդ, քանզի քաղցր է ողորմությունը քո: Եվ փրկի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես:

Ինձ հետ վարվի՛ր՝ բնությանս հետ, ոչ թե ըստ հրեաների չարության, այլ՝ ըստ քո ողորմության, և ըստ քո անվան, քանզի Հայր ես:

20. Սիրտ իմ խռովեցաւ ի փորի իմում. և ես որպէս ստուեր ի խուսափել իմում պակասեցայ, և թօթափեցայ որպէս մարախ:

Եվ սիրտս խռովված է իմ ներսում: Ստվերի պես երկարելով սպառվեցի, և թափ տրվեցի ինչպես Մարախ:

Սիրտս խռովվեց, երբ ասաց. «Այժմ հոգիս խռովված է» (Հովհ. 12:27): Եվ ես ստվերի պես խոնարհվելով գետնին՝ խույս տվեցի՝ միայնակ փախչելով անապատ, և սպառվեցի ու թափ տրվեցի. առաքյալները նրանից՝ (Տիրոջից), ինչպես մարախ:

21. Ծունկք իմ տկարացան ի պահոց. և մարմին իմ այլագունեաց յիւղոյ:

Ծնկներս թուլացան ծոմապահությունից, և գունաթափվեց մարմինս յուղի պակասությունից:

Ինչպես Տիրոջ եղբայր Հակոբոսը, որի ծնկները կոշտացել էին, և երբեք յուղով չօծվեց, և բոլոր առաքյալները սոված էին և հասկ էին տրորում (տե՛ս Մատթ. 12:1):

22. Եղէ ես նախատ նոցա, տեսին զիս և շարժեցին զգլուխ իւրեանց:

Ես նրանց նախատինքը դարձա, տեսան ինձ ու շարժեցին գլուխներն իրենց:

Շարժում էին և ասում. «Վա՜հ, դու որ քանդում էիր տաճարը և երեք օրից այն շինում» (Մատթ. 27:40):

23. Օգնեա՛ ինձ, Տէր Աստուած իմ, և փրկեա՛ զիս ըստ ողորմութեան քում:

Օգնի՛ր ինձ, Տե՛ր Աստված իմ, և փրկի՛ր ինձ քո ողորմությամբ:

Ինչպես որ Պետրոսն ասաց խորտակվելու ժամանակ (տե՛ս Մատթ. 14:30):

24. Ծանիցեն զի ձեռն քո այս է, և դու, Տէր, արարեր զայս:

Թող իմանան, որ քո ձեռքն այս է, և որ, Տե՛ր, դո՛ւ արեցիր այս:

Քո կամքով եմ մեռնում, ասում է, և դու արեցիր, քանզի նրանք չէին կարող, քո ձեռքն այս է, այսինքն՝ քո ձեռքի գործն է:

25. Նոքա անիծանիցեն, և դու օրհնեսցես, ոյք յարուցեալ են ի վերայ իմ՝ ամօթ կրեսցեն. այլ ծառայ քո ուրախ եղիցի ի քեզ:

Թող նրանք անիծեն, բայց դու օրհնի՛ր. ինձ վրա հարձակվողները թող ամոթահար լինեն, բայց քո ծառան թող ուրախանա քեզնով:

Թող խաչեն, իսկ դու կօրհնես: Փառավորեցի, թող ամոթահար լինեն, երբ տեսնեն գալուստը ամպերով և փառքով: Բայց քո ծառան թող ուրախանա քեզնով՝ քո փառքի համար աստվածացած ծառայական այս մարմինս:

26. Զգեցցին զամօթ որ չարախօս կային զանձնէ իմմէ. և արկցեն որպէս կրկնոց՝ զամօթ իւրեանց զիւրեամբք:

Իմ մասին չարախոսողները թող ամոթ հագնեն և իրենց ամոթը թիկնոցի պես կրեն իրենց վրա:

Հարությունից հետո, և երբ նայեն նրան, ում խոցեցին, և թիկնոցի պես թող երես ու աստառ լինի [իրենց համար]:

27. Այլ ես խոստովան եղէց առ Տէր յոյժ բերանով իմով, ի մէջ բազմաց օրհնեցից զքեզ:

Իսկ ես մեծ գոհություն պիտի մատուցեմ Տիրոջն իմ բերանով, բազմությունների մեջ պիտի օրհնեմ քեզ:

Եկեղեցու միջոցով, որ Քրիստոսի բերանն է, երբ պատվականը զատի անարգից:

28. Զի եկաց նա ընդ աջմէ տնանկին, ի փրկել զիս յայնցանէ, ոյք հալածէին զանձն իմ:

Քանզի նա կանգնեց տնանկիս աջ կողմը, որ փրկի ինձ նրանցից, ովքեր հալածում են ինձ:

Չեմ ասում միայն, որ Հայրն ինձ հետ է, այլև՝ որ փրկի ինձ կռապաշտներից, որոնք հալածում են եկեղեցուն:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

09.09.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․