Սերը...

Խոզուկ. «Ինչպե՞ս գրել «սեր»»: Թուխ. «Սերը պետք չէ գրել, այն պետք է զգալ»:

«Անհնար է խոսքերով թարգմանել սերը, բացատրել, թե ինչու ենք մենք Աստծուն կամ մեզ համար կողակից փնտրում. դա աննկարագրելի ձգտում է, որ կա մեր մեջ և գուցե պայմանավորված է հոգու վերհիշման հետ, երբ մեր հոգին վերհիշում է նախկին կատարյալ, աստվածային սիրո մեջ գտնվելու վիճակը և կյանքի ընթացքում ձգտում դրան`փնտրելով իր սիրո օբյեկտներին, գտնելիս էլ ողջ էությամբ փարվում նրանց»,-ասում է Վարդան սարկավագ Ասլանյանը: «Սերը, կարծում եմ`առաջին հերթին անշահախնդիր զգացմունքային վիճակն է, երբ դու պարզապես ցանկանում ես գտնվել քո սիրելիի ներկայությամբ`ոչինչ չպահանջելով, պարզապես հիանալով նրանով, պարզապես քո կյանքն ավելի գունեղ ու հագեցած, ավելի իմաստալի  գտնելով նրա կողքին»:

Հոգեբանները նշում են, որ մարդն ի ծնե մենության զգացում է ունենում, որը և ցանկանում է փարատել ինչ-որ մեկի հետ, «մենք փորձում ենք գտնել ինչ-որ չափով մեզ նման մեկին, ում հետ կզգանք, որ մենակ չենք այլևս»,-նշում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Սիրո  բարձրագույն թռիչքը, նրա ամենամեծ դրսևորումը հոգիների միաձուլումն է: Ըստ Ֆրոմի`ռոմանտիկ սիրով միմյանց սիրող անձինք ձգտում են լիովին ձուլվել միմյանց հետ, նույնանալ հոգեպես և մարմնապես: Ընդհանուր առմամբ, երկու սեռերի ներկայացուցիչների ռոմանտիկ սերը բնութագրվում է որպես նրանց ես-երի փոխադարձ ձգողականություն: Սերը կարելի է համարել նաև այնպիսի դիրքորոշում է որևէ անձի նկատմամբ, որն ընդգրկում է և՛ իմացական (այդ անձի ընկալման պատկերը, նրա մասին մտքերը, դատողությունները), և՛ հուզական բաղադրիչներ (հատուկ տեսակի հույզեր, հիացմունք, տագնապ, ոգեշնչվածություն, գեղագիտական ապրումներ):

Մարդկային հոգուն բնորոշ է նաև իդեալի փնտրտուքը: Բայց դիմացինի`սոսկ որոշակի գծեր սիրելը կամ նրա մեջ իդեալ տեսնելը  դեռևս իրական մարդուն սիրել չէ: Սերը «ծրագրված» լինել չի կարող, հարկ է փնտրել ոչ թե հստակ չափանիշների համապատասխանող ինչ-որ մեկին, այլ փնտրել հոգով: Եվ իրական մարդուն գտնելուց հետո մեր իդեալը փոխարինվում է հենց նրանով: «Հաճախ մեր գիտակցականը խանգարում է ենթագիտակցականին. մենք իդեալը կերտում ենք այլ կերպարով, իսկ ենթագիտակցության մեջ դա, օրինակ, մեր մոր կերպարի որոշակիորեն ձևափոխված  տարբերակն է: Երիտասարդ տարիքում սիրահարվելիս մենք առավել կարևորություն ենք տալիս արտաքին տեսքին, բայց հետագայում փնտրտուքն իրականացնում որոշակի ներքին արժեքներով»,-նշում է հոգեբանը:

Սերը մարդկային հոգու գոյության կարևորագույն պայմանն է, գերագույն նպատակը, որը երաշխիքն է նաև կյանքի հավերժության: «Սերը բարին հավերժ ունենալու ցանկությունն է»,-սահմանում է Պլատոնը: «Ցավոք, ներկայում, երբ մարդիկ միանում, ընտանիք են կազմում`սեր կոչելով այն, ինչ իրենց միջև տեղի է ունենում, իրականում, բանական եղանակով քննելիս գուցե սիրո հետք էլ չկա դրանում, այլ`սոսկ կապվածություն կամ  ֆիզիկական ձգտում: Այս պատճառով էլ պլատոնական սեր արտահայտությունը մարդիկ գործածում են ոչ ֆիզիկական սեր նկատի ունենալով և հաճախ հեգնանքով վերաբերվում դրան`կյանքից կտրված համարելով: Բայց նկատենք, որ պլատոնական վեհ սիրո գոյությունը չի մերժում ֆիզիկականը կամ որևէ այլ դրսևորում`կապվածություն, անմնացորդ նվիրում և այլն: Այդ ամենը խորթ չէ մարդու էությանը, բայց, միաժամանակ, իրական սերը դրանցից ավելին է»,-նշում է Վարդան սարկավագը: «Պետք է ընդգծել  նաև, որ դեպի բարին, դեպի սերը ձգտումը Պլատոնի հասկացմամբ ընթանում է մարդու հոգու եռամասնյա կառուցվածքի (բանական, ցանկական և ցասմնական)` բանականությանը ենթարկեցման ճանապարհով: Միայն այս դեպքում մարդը կարող է իր հոգին բերել այնպիսի վեհ վիճակի, որ նա ընդունակ կլինի ճշմարիտ կերպով սիրելու՝ և՛ շրջապատող աշխարհը, և՛ մարդկանց, և՛ Աստծուն, հակառակ դեպքում մարդու ձգտումն ուղղված կլինի դեպի իր անձը, դեպի իր՝ ավելի ցածր կարիքներն ու պահանջմունքները»: Միաժամանակ, մարդու զգացմունքները, ապրումները բխում են նրա  արժեհամակարգից ու հոգեմտավոր կարողություններից. իր ողջ կյանքը նյութական արժեքների ետևից վազքի վերածած մարդը շատ քիչ ժամանակ կունենա զգալու իրական սերը, որն առաջին հերթին վկայում է այն կրող մարդու վեհության, հոգևոր բարձր արժանիքների մասին:

«Ի՞նչ է դժոխքը: Ես պնդում եմ, որ այն տառապանքն է`սիրելու անկարողությունից»,-ասում է Դոստոևսկին: Տղամարդու և կնոջ միջև սերը բնորոշվում է այն ուրախությամբ, որ պարգևում են սիրած մարդու հետ մերձավորությունն ու բարեկամությունը, կյանքի մասին հայացքների, հետաքրքրությունների, ճաշակների ընդհանրությունը, ողջ կյանքում միությունը նրա հետ: Միաժամանակ, սերը միավորում է ոչ թե ընդհանուրի, այլ`ամբողջության մեջ` և՛ թերություններով, և՛ անգամ հակադրություններով, չէ՞ որ քրիստոնեական պսակի մեջ էլ ասվում է, որ երկուսը մեկ են դառնում: Հիշենք նաև Արարարչության պատկերը, երբ կինն Ադամից ստեղծվեց. այսինքն`նրանք մեկ մարմին էին իրականում: Սա նաև վկայությունն է նրա, որ սերը հաղթահարում է բոլոր մատերիալիստական պատնեշները, սիրով միացող երկու էակների համար աշխարհի որևէ սպառնալիք այլևս անհաղթահարելի խոչընդոտ չէ, նրանց ուժգին կապն անտրոհելի է, «քանզի հզօր է սէրը մահուան պէս» (Երգ. 8.6):

Սիրո իսկական զգացմունքն առաջացնում է մարդու մտավոր և ֆիզիկական  ուժերի ակտիվացում, ստեղծագործական վերելք: Այն մեր կյանքում գործողության դրդող կամ ուղղորդող ներքին ուժի դեր է կատարում: «Սերը կյանքի թելը տանողն է հենց»,-նշում է հոգեբանը: Նրա խոսքով`սերը մարդուն տալիս է ինքնահաստատում, հզորության զգացողություն, որ ինքը մենակ չէ, որ իր գաղափարները մենակ չեն: «Եվ, բնականաբար, երբ հանդիպում են նման երկու մարդիկ, սկսում են սնել իրար, օգնել կայանալու ընթացքում»: Միաժամանակ, սիրո առարկայի նկատմամբ հարգանքը, խնամքը, հանուն նրա պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը ևս սիրո բնորոշիչներից են:

«Ինքներս մեզ պետք է դաստիարակենք այնպես, որպեսզի մեր սիրտը միայն սեր կարողանա սփռել շուրջը`հեռու վանելով ատելությունը, նախանձը, չարությունը, բոլոր բացասական երևույթները»,-ասում է Վարդան սարկավագը: Իսկական սերը վեհացնում, ինքնակատարելագործման է տանում մարդուն. սիրող, բարուն, գեղեցիկին ձգտող մարդը սկսում է ապրել այդ արժեքներով, և, իհարկե, մաքրվում իր կյանքի ընթացքում: «Իսկ այն, ինչում մենք կթերանանք, միանշանակ, կլրացվի Աստծո կողմից, եթե Նա իրապես սիրող սիրտ տեսնի մեր մեջ»:

 

Մարիամ Ավետիսյան

25.01.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․