Աստվածհաճության իրական ուղին սերն է, խոնարհությունը և արդարությունը: Սիրել չի նշանակում չարիք չգործել, այլ բարին գործել կարողության չափով: Սերը չի կարող չծառայել, այն մշտապես արարում է և հարստացնում կյանքը՝ տալով նրան այլ արժեք:
Սիրո համագործակցության արդյունքում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Ս. Ծննդյան տոնին ընդառաջ աջակից եղավ ևս մեկ կարիքավոր ընտանիքի: Դեկտեմբերի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Շախկյան Էդգարին (37 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի անդամները:
Յոթ անդամներից բաղկացած Շախկյան ընտանիքը բնակվում է Սիլիկյան թաղամասի Փիրումյան միկրոշրջանի 16 հողամասում տեղակայված վագոն-տնակում, որ բաղկացած է երկու սենյակներից: Ընտանիքը սոցիալապես դժվար կացության մեջ է գտնվում, քանի որ ոչ ոք չունի մշտական աշխատանք: Էդգարն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձերին:
Նկատել մարդկանց խնդիրը, կարողանալ աջակից ու բաժնեկից լինել կարիքավորին. ահա այս մասին է Չարլի Չապլինը Ս. Ծննդյան տոնին իր դստերը՝ Ջերալդինային, նամակով հորդորել. «Այդտեղ՝ հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա: Գեղեցկուհի եղիր և պարիր… Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացիր: Բարձրացի՛ր այնտեղ, աղջիկս, բայց և՛ վերադարձիր երկիր. դու պետք է տեսնես՝ ինչպես են ապրում մարդիկ: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից կամ շրջիր ավտոբուսով և ավելի հաճախ քայլի՛ր, դիտի՛ր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայի՛ր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա՛ ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք»: Այո՛, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Եվ եթե գա պահը, երբ դու քեզ վեր զգաս հասարակությունից, անմիջապես թող բեմը: Եվ հիշի՛ր՝ Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին: … Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռանա հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի դրա կարիքը ունեցողին: Իսկ դու կգտնես այդպիսի մեկին»:
Կարինե Սուգիկյան