26 Նոյեմբեր, Գշ
- Հա՛յր, Աստվածամայրը սրբապատկերներից որի՞ վրա է ավելի շատ իրեն նման:
- Երուսաղեմյանի: Ես նրան մեկ անգամ տեսել եմ իմ «Պանագուդա» խցում… Եթե քեզ պատմեմ, հետո քանի՞ հոգի կիմանա դրա մասին:
- Ոչ մեկը, հա՛յր:
- Ուրեմն մի տեսիլք տեսա, որում ասես հեռավոր ճամփորդության էի պատրաստվում և անհրաժեշտ էր փաստաթղթերը, անձնագիրը, գումար, տարբեր տեղեկանքներ հավաքել, իսկ պաշտոնյաներն ինձ ոչինչ չէին տալիս: Շուրջս շատ մարդ կար, բայց ոչ մեկը չէր կարողանում ինձ օգնել: «Ո՞վ պիտի ինձ օգնի,- մտածում էի:- Այստեղ ոչ մեկի պետք չեմ»: Սկսեցի անհանգստանալ… Հանկարծ լուսաշող դեմքով ու ոսկե հանդերձներով մի Կին է հայտնվում: Ի՜նչ սքանչելի էր նա: Ամբողջովին շողում էր: «Մի՛ անհանգստացիր, ես քեզ կօգնեմ, իմ Որդին Արքա է»,- ասաց նա՝ ուսիս թեթև խփելով: Հետո վերցրեց թղթերս ու մի շարժումով իր զգեստի մեջ դրեց: Ինչպիսի՜ շարժում էր: Հետո ասաց. «Դժվարին ժամանակներ կգան»,- և բացատրեց, թե ինչ պետք է անեմ (1): Հետո մի գրքում տեսա Աստվածածնի «Երուսաղեմյան» սրբապատկերն ու ճանաչեցի նրան:
- Հա՛յր, մի մարդ մեզ հարցրեց. «Եթե մեր փրկությունն Աստծու ձեռքում է, ապա ինչո՞ւ ենք Աստվածածնին աղոթում. «Սո՛ւրբ Աստվածածին, փրկիր մեզ»»:
- Ենթադրենք՝ մի կնոջ հարևանուհին նախարարի մայր է, և կինը հարևանուհուն խնդրում է, որպեսզի օգնի իր զավակին՝ աշխատանքի տեղավորվելու: Հարևանուհին պատրաստ է օգնելու, բայց ինքը ոչինչ անել չի կարող, այլ պետք է նախարար որդուն խնդրի, որը պաշտոնի բերումով իսկապես կարող է օգնել և կօգնի, որովհետև իր մայրն է խնդրում: Այդպես էլ մենք ենք Աստվածամորը խնդրում մեր փրկության համար, իսկ նա էլ իր Որդուն է խնդրում, Որը կարող է փրկել: Եվ նա կատարում է մոր խնդրանքը, որովհետև շատ է սիրում նրան:
- Հա՛յր, Աստվածածին աղոթելն ինձ համար ավելի հեշտ է, քան Տիրոջը: Միգուցե դա այնքա՞ն էլ բարեպաշտ չէ:
- Ես էլ եմ նույնը զգում: Անչափ պաշտում եմ Քրիստոսին, ուստի և Աստվածամորը դիմելիս մեծ թեթևություն եմ զգում. ինչպես երեխաները, նույնիսկ երիտասարդները մորն ավելի համարձակորեն են դիմում, քան հորը, որովհետև խիստ ակնածանք են տածում նրա հանդեպ:
Ճշմարիտ բարեպաշտ և Քրիստոսին իրապես պաշտող մարդիկ դողում են Նրա առջև, իսկ Աստվածամորն ավելի համարձակորեն են դիմում, որովհետև նա մարդկային ցեղին է պատկանում:
- Երբեմն երկրպագություն անելիս Աստվածածնի կանոնն եմ երգում: Միգուցե պետք է միայն աղո՞թք ասել:
- Ոչ, արա այնպես, ինչպես քեզ հաճելի է, որովհետև Աստվածածինը մեր բոլոր խնդրանքները փոխանցում է Քրիստոսին, բայց և իր հոգատարությունից ու քնքշությունից ելնելով՝ մեր հոգիները Քրիստոսի հանդեպ սիրով է լցնում: Ես խնդրում եմ Աստվածածնին, որ սիրտս վերցնի, մաքրի, այնուհետև չորս մասի բաժանի՝ երեքը Սուրբ Երրորդությանը տա, մեկն էլ իրեն վերցնի:
- Հա՛յր, երբ աղոթում եմ, երբեմն բավականին ժամանակ է անցնում, իսկ ես Սուրբ Աստվածածնի համար անգամ մեկ տերողորմյա էլ չեմ անում, որովհետև չեմ կարողանում թողնել Քրիստոսի անունը:
- Ի՞նչ է, վախենում ես՝ Աստվածածինը քեզ սխալ հասկանա՞: Թանկագի՛նս, մի՞թե չենք խոսել այն մասին, որ Սուրբ Աստվածածնին և սրբերին նվիրված մեր բոլոր աղոթքներն արդյունքում Քրիստոսին են ուղղված: Արա այնպես, ինչպես զգում ես: Ե՛վ Աստվածամայրը, և՛ սրբերն ամեն ինչ ճիշտ կհասկանան:
- Հա՛յր, երբ խցում հսկման կարգ եմ կատարում ի պատիվ սուրբ Աստվածածնի, ի՞նչ պետք է անեմ:
- Նախ սուրբ Աստվածածնի մասին մտածիր: Դրանում քեզ կօգնեն սուրբ Ասվածածնին նվիրված կանոնի տարբեր շարականները: Հետո աղոթիր ու կարդա այն, ինչ սրտիդ «վանահայրը կկամենա» (2), այսինքն՝ «սրտիդ կանոնները»:
- Հա՛յր, սուրբ Աստվածածնի օրհներգը փառաբանությո՞ւն է:
- Այո: Երբ խնդրանքներիցդ որևէ մեկն իրականանա, այն կարող ես կարդալ որպես Աստվածածնին երախտագիտություն,: Չէ՞ որ չենք կարող միայն անդադար խնդրել Աստվածածնին, պետք է նաև երախտագիտություն հայտնել…
1. Հայր Պաիսիոսը դա պատմել է 1984թ.-ին և այլևս չի պարզաբանել:
2. Վանական կանոններից վերցված արտահայտություն է, որ նշանակում է՝ կանոնադրության մեջ որոշ փոփոխություններ մնում են վանահոր հայեցողությանը: Այդպես ասելով՝ հայր Պաիսիոսը նկատի ունի. «Գործիր սրտիդ հայեցողությամբ»:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը