28 Նոյեմբեր, Եշ
«Եվ Ես պիտի աղաչեմ Իմ Հորը, որ մի ուրիշ Մխիթարիչ տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի: Դա Սուրբ Հոգին է, որ ճշմարտությունն է հայտնում: Աշխարհը չի կարող նրան ընդունել, որովհետև ո՛չ տեսնում է նրան և ո՛չ էլ ճանաչում: Բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեր մեջ պիտի մնա և ձեզ հետ պիտի լինի» (Հովհաննես 14:16-17):
Իր խոստման համաձայն՝ Քրիստոս առաքյալներին ուղարկեց խոստացված Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին: Հոգեգալստյան տոնին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ այցելեցին Երևանի N 1 տուն-ինտերնատ:
Երիտասարդաց միության նախաձեռնությանը միացել էր նաև համայնքը և միատեղ ջանքերով N 1 տուն-ինտերնատի հիվանդանոցի թվով վաթսուն ծերերի բաժանվեց սննդի և հագուստի փաթեթներ: Ուրախ սրտով, մեծ սիրով և քաղցր խոսքով տրված նվերները ոգևորել էր հիվանդներին:
Հոգեգալստյան տոնի կապակցությամբ Տեր Հայրն ու երիտասարդները հիվանդներին մաղթեցին ուժ, կարողություն, առողջություն, խաղաղություն, համբերություն: Տեր Զգոնը բոլոր հիվանդների համար բժշկության աղոթք կարդաց: Հիվանդասենյակներում երիտասարդները, ծանոթանալով հիվանդների հետ, անցել էին անմիջական զրույցի՝ խոսելով աղոթքի, հավատքի և Աստծո անսպառ սիրո մասին, որ բաշխվում է ամենքին:
«Երիտասարդաց միությունը հիմնականում հաճախում է մանկատուն և այս տոնի օրը որոշեցինք այցելել նաև ծերանոց՝ նպատակ ունենալով երիտասարդներին ծանոթացնել մեր կյանքի այս անբաժան մասին, փորձելով նաև մեր հոգատարությունը բազմակողմանիորեն իրագործել: Նման այցելությունները կնպաստեն երիտասարդների հոգիներում մարդկային բարոյական չափանիշների ձևավորմանը և զարգացմանը»,- ասաց Տեր Զգոնը:
Երիտասարդաց միության անդամ Հրաչյան ասաց. «Այսօր մենք փորձեցինք քաջալերել, սփոփել և մխիթարել բոլոր հիվանդներին, մեզ համար օրինակ ունենալով Քրիստոսի այն խոսքերը, որ ասում է, թե`Իմ այս փոքր եղբայրներին արեցիք այդ, Ի՛նձ արած եղաք (Մատթեոս 25:40):
Հոգեպես սփոփվելով, մխիթարվելով և ուրախություն ապրելով՝ ծերերն իրենց շնորհակությունը հայտնեցին «Զորավոր» երիտասարդաց միությանը:
Սբ. Ներսես Շնորհալին, հիշեցնելով Պողոս առաքյալի խոսքերը, խրատում է. «Պատվեցե՛ք ծերերին և հո՛գ տարեք նրանց մասին (Ա Թեսաղ. 5:12) և խնամե՛ք տկարներին՝ ձեր կարողության չափով հսկելով և նրանց պետքերը հոգալով: Գիտենք, որ այսպիսի բարեկարգությունների խափանման պատճառը ժամանակիս աղքատությունն է, բայց Աստված մեզանից ավելին չէ, որ պահանջում է, այլ՝ կամքի հոժարությունն ու հնարավորը»:
Կարինե Սուգիկյան