26 Նոյեմբեր, Գշ
Ես` մեղավոր և հետին կրոնավորս, հասնելով երիտասարդ տարիքի և հմտանալով աստվածային պատվիրաններում, բազում անգամ եմ շտապել սուրբ Ստեփանոսի տաճարը: Եվ տեսնում էի, որ սրբի նահատակության օրը չեն տոնում, այլ նրանը կատարում են սուրբ Նախավկայի հիշատակի հետ: Բազմիցս հարցրել եմ գիտակներին և սուրբ վարդապետներին, թե գո՛ւցե մի տեղ կա սրբերի պատմությունը, որից կարելի է իմանալ նրանց նահատակության օրը, թե երբ վախճանվեցին, որ ձեռնամուխ լինեմ և գրեմ սրբերի պատմությունը, որպեսզի տարեցտարի տոնենք նրանց հիշատակը, սակայն ոչ մեկից պատասխան չստացա: Միայն մեկը ծանուցեց ինձ, թե հույներն ունեն նրանց պատմությունը, և ես շուտ գնացի Կլա կոչված վանքը և փնտրելով հարցրեցի նրանց պատմության մասին, իսկ նրանք ասացին ինձ. «Մեր մոտ չկա, եթե լինի` սուրբ Սիմեոնի վանքում»: Եվ ես ճանապարհ ընկնելով [Սիմեոնի] վանքը գնացի և հարցրեցի նրանց: Իսկ նրանք անտեղյակ էին և ասացին ինձ. «Մեր մոտ չկա, եթե լինի` Կոստանդնուպոլսում»: Եվ ես հույժ տրտմեցի, որովհետև հեռու ճանապարհ էր: Սակայն երկու տարի անց ինձ վիճակվեց Կոստանդնուպոլիս գնալ: Եվ երբ խաղաղությամբ հասա այդ քաղաքը, սկսեցի հետաքրքրվել, թե քաղաքում կա՞ մի հավաստին [գիտեցող] մարդ, որի միջոցով հնարավոր լինի պարզել ճշմարտությունը: Եվ հանդիպեց նիկիական ուղղափառ հավատով մի քահանա, որի անունը Կոլոյժան էր: Եվ ասաց ինձ. «Ո՜վ մարդ, ինչո՞ւ ես հավաստին գիտեցողի փնտրում, և կամ ինչո՞ւ ես եկել այստեղ»: Բացատրեցի նրան: Եվ վերցնելով` տարավ իր տան սենյակներից մեկը: [Հարցրեց]. «Անունդ ի՞նչ է»: Ասացի` Գրիգոր: Նա ասաց. «Պատմի՛ր ինձ, թե ի՞նչ ես փնտրում»: Եվ ես պատմեցի նրան բոլոր հանգամանքները: Իսկ նա ասաց. «Մոտս կհանգրվանես, մինչև որ սրբերի աղոթքով Տեր Աստված ցույց տա մեր փնտրածը»: Եվ այնտեղ մնացի վեց ամիս, և նա հանձն առավ ու մեծ ջանքեր գործադրեց, և հետո սրբերի աղոթքներով գտավ նրանց պատմությունը, և շատ ուրախացանք: Եվ սկսեց կարգով թարգմանել ու պատմել ինձ, որովհետև հմուտ էր գրքերին:
Իսկ այժմ, եղբայրնե՛ր, որ հավաքվել եք սուրբ Ստեփանոսի և նրա ընկերների տոնը կատարելու. բոլորդ ունկնդրեք սրբերի պատմությունն ու չարչարանքները, որպեսզի նրանց բարեխոսությամբ մեր Տեր Աստված ողորմի բոլոր հավատացյալներին:
* * *
Անօրեն Հուլիանոսի ժամանակներում քրիստոնյաներին խիստ հալածում էին: Եվ աստվածապաշտներից ում բռնում էին, կամ հարկադրում էին կուռքերին զոհ մատուցել, և կամ վիճակվում էր մեռնել Տիրոջ անվան համար: Եվ Անտիոք քաղաքում Ղազարոս անունով մի մարդ կար` պատվական և մեծազգի, որ երիտասարդության տարիքին էր հասել և թաքուն պահում էր իր հավատն առ Քրիստոս: Եվ անօրենների ահից փախավ Կոկիսոն մեծ քաղաքը, որովհետև քրիստոնեական հավատքի համար կամենում էին նրան բռնել և սպանել: Եվ բարեհաջող մնաց երեք տարի, ծառայության անցավ, ամուսնացավ: Եվ նրան քրիստոնյա կին հանդիպեց, որի անունը Մարիամ էր: Եվ միասին ապրում էին բարի վարքով, սակայն զավակ չէին ունենում: Եվ երկուսով խնդրեցին Աստծուց, որ իրենց մի զավակ պարգևի: Եվ աղոթքների և պահքի շնորհիվ Տեր Աստված տվեց նրանց ուզածը, կինը հղացավ և որդի ծնեց: Եվ ութերորդ օրը նրան տարան Կոստանդին քահանայի մոտ, որ սուրբ Աստվածածնի տաճարում ամենօրյա պատարագն էր մատուցում: Եվ մանկանն ու քրիստոնյաներին հաղորդեց Տիրոջ մարմնին և արյանը: Եվ մանուկ Ստեփանոսը` իմաստությամբ լի, աճում և զորանում էր: Եվ նրան ուսման տվեցին, և նա աճեց Սուրբ Հոգու շնորհներով: Եվ երբ տասնհինգ տարեկան դարձավ, կրթում էր աստվածային պատվիրաններով, հորդորում սուրբ Գրքերի հետևող լինել, իսկ քրիստոնյաներին` ամեն օր երկրպագել Աստծուն:
Եվ մի օր Կոստանդին քահանան հիվանդացավ և իր մոտ կանչեց Աստծու ծառա Ստեփանոսին ու ասաց նրան. «Որդյա՛կ, պինդ կաց հավատքիդ մեջ և քաջալերի՛ր քո սակավ հոտը, որ չհեռանան հավատից, մինչև Աստված տեսուչ տա ժողովրդիդ»: Եվ ձեռքը դնելով նրա վրա ասաց. «Տերը [թո՛ղ] քո և հավատացյալ հոտիդ հետ լինի, Աստծո՛ւ ծառա: Որդյա՛կ, քիչ օրեր անց դու սակավ մարդկանց հետ փախչելու ես լեռները, սակայն կարճ ժամանակ կմնաս այնտեղ, և ձեզ կմատնեն անօրեններին, և դրանից հետո կնահատակվեք: Ձեր նահատակության վայրում ամեն տեսակի հիվանդություններ կբժշկվեն, և քո անունը կտարածվի ողջ աշխարհով մեկ, և քեզնով կփառավորվի Աստված»: Այս ասելով` ավանդեց հոգին: Եվ սուրբ Ստեփանոսը, մի խումբ քրիստոնյաների հետ, ամփոփեց քահանայի մարմինը, օծեց յուղերով և խունկ ծխեցրեց, և գերեզման դրեցին: Եվ քահանայի մահվան համար ժողովուրդը խիստ տրտմեց, սակայն մխիթարվում էին Աստծու ծառա Ստեփանոսի կողմից և նրա միջոցով ավելի էին ամրանում և զորանում հավատքի մեջ:
Քիչ ժամանակ անց, Հուլիանոսի Կեսարիա ժամանելու օրերին, երբ սուրբ հայրապետ Բարսիղիոսը քաղաքում էր, Կոկիսոնի կողմերում հալածանքներ սկսվեցին քրիստոնյաների դեմ: Եվ [Հուլիանոսն] սպառնալով Բարսիղիոսին և ժողովրդին ասաց. «Եթե վերադառնամ, և համաձայնած չլինեք իմ կամքին, կմահանաք չարաչար մահվամբ»: Եվ ուղարկեց զորքը մեծամեծների հետ մեկտեղ, որպեսզի որոնեն իշխանության տակ եղած քրիստոնյաներին և անխնա կոտորեն բոլորին, որ Քրիստոսին [Աստված] են խոստովանում: «Եթե համաձայնեն, ուրանան Խաչյալին և երկրպագեն աստվածներին, պատվի արժանացրեք, իսկ եթե չհամաձայնեն` սրի ճարակ դարձրեք»: Եվ ինքն ուղևորվեց Պարսկաստան:
Մեծ Հայքի Կոկիսոն քաղաքը եկավ Սոկրատես բդեշխը: Եվ քաղաքը մտնելով` առյուծի պես մռնչաց, և երեսի գույնը սևացավ խիստ, իսկ հավատացյալներն սկսեցին անօրենի ահից դողալ: Եվ սուրբ Ստեփանոսը, իմանալով բդեշխի ահից քրիստոնյաների վախն ու սարսափը, հավաքեց նրանց մի տեղ և ասաց. «Եղբայրնե՛ր, մի՛ վախեցեք և մի՛ երկնչեք անօրեն դատավորից, որովհետև Աստված նրա ձեռքից կփրկի մեզ, ինչպես փրկեց առաջիններին, որ նահատակվեցին և պսակ ստացան Քրիստոսից: Այժմ, ով կամենում է ընթանալ Քրիստոսի ետևից, ելե՛ք և հեռացե՛ք քաղաքից, որովհետև ոչ բոլորդ եք կատարյալ. կան այնպիսիները, որ կրտսեր են, և որպես առաջիններից [ոմանց] հետ եղավ, գուցե [բռնակալը] կկարողանա սուտ խոսքերով խաբել և պառակտել ընտիր հոտը»: Եվ նրանք ասացին. «Տերն է մեր հույսը, ումի՞ց պիտի վախենանք: Թո՛ղ մեր Տիրոջ կամքը լինի»: Այնժամ սուրբ Ստեփանոսը վերցրեց նրանց, տարավ սուրբ Աստվածածնի տաճարը, և ձեռքերը երկինք պարզելով` ասաց[ին]. «Մեր Տե՛ր և Աստված, Դու ես մեր արարիչը, Քեզ ճանաչեցինք սուրբ առաքյալների միջոցով, որովհետև Քեզնից բացի չկա ուրիշ Աստված: [Դու], առաջին ընտրյալներին անօրենների ձեռքից փրկեցիր և կանգնեցրիր որպես Քո հավատքի ամուր աշտարակ և պարիսպ, որ և մենք, նրանց նայելով, ամրացանք Քո հավատքի մեջ: Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ և սուրբ քահանայի աղոթքներով` ընդունի՛ր հավատով Քեզ դիմող ծառաներիդ աղաչանքները: Մեզ ուղղորդի՛ր Քո հրեշտակի միջոցով, որ տանելով` նավահանգիստ հասցնի մեզ և աներկյուղ պահի թշնամի և անօրեն դատավորից, որ բանսարկուի կողմից շեղվելով` դուրս չգանք Քո հոտից: Մեր Տեր Աստված, ողորմի՛ր մեզ և փրկի՛ր մեզ, որ փառավորենք Քեզ` Երրորդությունը սուրբ, հավիտյանս հավիտենից. ամեն»:
Սուրբը վերցրեց իր հետ գնացածներին` երեսուներեք հոգու, և գիշերով հեռացան քաղաքից: Եվ երբ բավականաչափ հեռու էին քաղաքից, վախճանվեց [սուրբ] հայր Ղազարիոսը1, որ անբիծ վարքով և ճշմարիտ առաքինությամբ հասել էր ծերության տարիքի, [բոլորել էր] հիսունհինգ տարին: Եվ Աստծու ծառաները գիշերով ամփոփեցին սուրբ Ղազարի մարմինը, աղոթեցին գերեզմանի վրա և կնքեցին սուրբ Խաչի նշանով: Իսկ իրենք շտապեցին դեպի լեռը և հասան մի քարանձավի, ուր սուրբ Բարսեղ հայրապետը եկեղեցի էր հիմնել, օրհնել էր խաչն ու եկեղեցին անվանել սուրբ Աստվածածին: Այնտեղ քաղցրահամ ջրի աղբյուր էր բխել, որ կա մինչ օրս, որը Կեսարիայից տեսել էր սուրբ հայրապետը` հրի սյան պես ցոլալիս, և հրաման էր ստացել Տիրոջից, որ գնա և հիմնի այդ եկեղեցին: Եվ հասան այն տեղը, որի մասին ասացինք, որովհետև Աստծու հրեշտակն էր նրանց այնտեղ առաջնորդում: Եվ սկսեցին անդադար աղոթել գիշեր ու ցերեկ, սաղմոսներով ու հոգևոր երգերով օրհնել Աստծուն: Եվ զովանում էին Սուրբ Հոգու շնորհներով և կերակրվում լեռան կանկարով: Եվ այնտեղ մնացին մոտ երեք ամիս: Եվ մի օր սուրբ Սոմնասը եղբայրներին սպասավորելու համար լեռան ետևի հովիտն իջավ` կանկար հավաքելու: Եվ մի հովիվ հոտն էր արածեցնում լեռան մոտ: Եվ տեսնելով սուրբ Սոմնասին` շուտ եկավ նրա մոտ և հարցրեց. «Ո՞րտեղից ես, ո՛վ մարդ»: Եվ սուրբն ասաց. «Աստծու ծառան եմ: Եկել եմ բանջար հավաքելու իմ եղբայրների և քույրերի համար»: Հովիվն ասաց. «Եվ ո՞րտեղ եք բնակվում»: Սուրբն ասաց. «Մյուս կողմում` մի քարանձավում ենք բնակվում և Խաչյալին ենք Աստված երկրպագում»: Եվ հովիվը, բարկությամբ լցված, կամեցավ բռնել նրան և սպանել: Իսկ սուրբ Սոմնասը փախչելով` անմիջապես գնաց ընկերների մոտ և նրանց պատմեց հովվի և նրա հետ [իր] զրույցի մասին: Իսկ հովիվը հոտը տվեց ընկերներին և ինքն շտապով գնաց դատավորի մոտ և նմանվելով մատնիչ Հուդային` մատնեց նրանց, թե` «Մեր դիմացը` մի քարայրում են նրանք, որ փախել էին քաղաքից»: Իսկ դատավորը, լսելով այս խոսքերը, հրամայեց երկաթե կապանքների մեջ դնել անօրեն հովվին և ասաց նրան. «Թերևս դու ես նրանց փախցրել իմ քաղաքից. այժմ շտապով իմ զինվորներին տար նրանց քարայրը, որ մոտս բերեն, իսկ եթե ոչ` սրով կսպանեմ քեզ»: Պատասխանեց դատավորին. «Ես կտանեմ քո զինվորներին նրանց մոտ»:
Սուրբ Ստեփանոսը վերցրեց բոլոր եղբայրներին և յոթ կույսերին և միասին ծնկի իջան սուրբ Նշանի առջև և ասացին. «Օրհնյա՜լ ես ճշմարի՛տ Աստված, որ կարող ես ազատել մեզ անօրենների ձեռքից, բայց արժանի արեցիր նրանց ձեռքով նահատակվելու: Եվ մենք, որ մոռանալով Քո պատվիրանը, փախանք-եկանք այստեղ, [այժմ] պատրաստ ենք մեռնելու Քո անվան համար: Մի՛ լքիր, Տե՛ր, մեզ` Քո արյամբ գնվածներիս, որ փառավորում ենք ամենասուրբ Երրորդությունդ` այժմ և հավիտյանս. ամեն»: Եվ երբ ավարտեցին աղոթքը, տրտմությունից փոքր-ինչ ննջեցին: Եվ Տերն իր հրեշտակին առաքեց նրանց մոտ, որ ասաց նրանց. «Մի՛ երկնչեք, որովհետև Տերն ինձ առաքեց ձեզ օգնության, և թշնամին չի կարող հաղթել ձեզ: Ձեր ոսկորների նշխարներով բժշկություն կլինի այս երկրին, իսկ ձեր քաջությունը կտարածվի ամբողջ աշխարհով մեկ»: Եվ իրենց քաջալերող հրեշտակի հանկարծահաս տեսիլքից զարթնեցին և շատ ուրախացան և կրկին սկսեցին աղոթել:
Իսկ անօրեն հովիվը, ձեռքերը ետևում կապված, առաջնորդելով բերեց-հասցրեց զինվորներին: Եվ երբ եկավ-հասավ նրանց մոտ, դևերը հանկարծակի բռնեցին հովվին և այնտեղ սատկեց: Եվ երբ զինվորները տեսան այս, մեծ ահ ընկավ նրանց մեջ, և սարսափահար եղան, իսկ սուրբ Ստեփանոսն ու մյուս սրբերը տեսնելով` փառավորեցին Աստծուն: Սուրբ Ստեփանոսն ասաց զինվորներին. «Ի՞նչ եք փնտրում, կամ ինչի՞ համար եք եկել այստեղ»: Զինվորները պատասխանեցին. «Սոկրատես իշխանն առաքեց մեզ այստեղ, որ ձեզ իր մոտ տանենք, որովհետև հովիվը եկավ մատնեց ձեզ: Արդ, եթե կամենաք` գնանք նրա մոտ, այլապես մեզ կսպանի դատավորը»: Սուրբ Ստեփանոսն ասաց. «Չենք վախենում ձեր իշխանի մոտ գնալուց, որովհետև, ահա, մեր Տերն ամոթով թողեց մեր թշնամիներին, և մենք պատրաստ ենք Տիրոջ անվան համար մեռնելու»: Ապա սուրբ Ստեփանոսն ասաց եղբայրներին. «Եղբայրնե՛ր, եկե՛ք գնանք, որովհետև հասել է մեր նահատակության ժամը. և ինչպես կյանքում էինք միաբան, նույն կերպ և մեր նահատակության ժամանակ միաբան մնանք, որպեսզի բանսարկուն մեզանից [որևէ մեկին] չկորցնի և չծիծաղի մեզ վրա»: Եվ ծնկի իջան սուրբ Աստվածածնի առջև և սկսեցին միաբան երգել ԻԲ. սաղմոսը. «Տերն իմ հովիվն է»: Եվ սաղմոսն ավարտելով` սուրբ Ստեփանոսն ասաց. «Տե՛ր, առաջնորդի՛ր և պահի՛ր մեզ, որովհետև Քեզ ենք ապավինում»:
Եվ եղբայրները զինվորների հետ ճանապարհ ընկան և հասան դղյակ-ամրոցը, որ այժմ Կանշի է կոչվում: Իսկ դատավորը, որ նախապես դղյակ էր եկել, առյուծի պես մռնչաց, երբ տեսավ սրբերին, և հրամայեց իր մոտ բերել նրանց: Երբ բերեցին, դատավորն ասաց. «Փախչելով` կամենում էիք ազատվել ձեռքիցս»: Սուրբ Ստեփանոսը պատասխանեց և ասաց. «Անօրե՛ն և արյունարբու գազան, քեզ տեսնելը մենք ամոթ և նախատինք ենք համարում, որովհետև Արարչի ծառաներն ենք և չենք կամենում շփվել անօրենների հետ, ուստի և քեզնից հեռու գնացինք»: Դատավորն ասաց. «Համառությունդ վանի՛ր քեզնից և համաձայնի՛ր իմ խոսքերին. երդվի՛ր իմ աստվածներին, որ մեծ պատվի արժանացնեմ քեզ և հետիդ մարդկանց, և քեզ իմ զորքին առաջնորդ կարգեմ»: Սուրբ Ստեփանոսն ասաց. «Թո՛ղ քո պարգևները քեզ հետ կորչեն. չենք կամենում ընդունել քո կամքը: Եվ ինչ կամենում ես, արա՛ անմիջապես, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար պատրաստ ենք կապանքների, բանտի և մահվան»: Դատավորն ասաց. «Քո կախարդությամբ համոզել ես հետիններիդ. այժմ կկործանեմ քո կախարդության ուժը»:
Եվ դատավորը հրամայեց նրանց ձեռքերը ետևներից կապել և արջառաջիլերով հարվածել որովայններին: Եվ եկան զինվորներն ու կապեցին սրբերի ձեռքերը, իսկ կույսերին և Ստեփանոսի մորը չկապեցին, այլ նրանց բանտ նետեցին: Եվ օրվա վեցերորդ ժամից մինչև տասներորդ ժամը ծեծեցին սրբերին: Իսկ սուրբ Ստեփանոսն ընկերների հետ մեկտեղ աչքերը երկինք հառեցին և ասացին` «Որ բնակվում ես…», և` «Աստվա՛ծ, մեզ օգնության հասի՛ր և Տե՛ր, փութա՛ ընկերակցել մեզ» (Սաղմ. ԿԹ. 2) և` «Մեր նեղությունները մեր թշնամիների դեմ դարձրու և Քո ճշմարտությամբ կործանի՛ր նրանց (Սաղմ. ԾԳ. 7), որովհետև Դու, Տեր, մեզ հետ ես, և մեզ չի հաղթի մեր թշնամին» սաղմոսները: Եվ բազում ժամեր սաղմոսելով` աղոթում էին: Իսկ զինվորները զարհուրում էին, որովհետև [սրբերն] արհամարհում էին տանջանքների նեղությունը: Եվ երբ առավոտը բացվեց, պահապանները գնացին դատավորի մոտ և ասացին. «Իրենց բաժին ընկած տանջանքներն արհամարհում են»: Եվ դատավորը հրամայեց իր առջև բերել նրանց: Երբ բերեցին, ասաց նրանց. «Ա՛յ չարեր և աստվածների թշնամիներ, մինչև ե՞րբ ներեմ ձեզ: Այժմ ևեթ ենթարկվեցեք կամքիս և զոհ մատուցեք աստվածներին, որպեսզի չար տանջանքներով չկործանեմ ձեզ»: Ասես միաբերան` սրբերն ասացին. «Մենք չենք երկրպագի քո աստվածներին և չենք ենթարկվի քո կամքին, որովհետև Տերն է մեր օգնականը, և չենք երկնչում քո սպառնալիքներից: Իշխանություն ունես մեր մարմինների վրա. [կարող ես] անհապաղ անել ինչ կամենում ես»:
Այնժամ անօրենը հրամայեց սրբերին կախել և քերել երկաթե քերիչներով: Եվ այնքան քերեցին, մինչև արյունը, թրջելով նրանց մարմինները, գետին էր հոսում: Եվ սուրբ Ստեփանոսը տեսավ, որ եղբայրներից մեկը, որ դեռ մանուկ էր, նեղվում է տանջանքներից` գրեթե հոգին ավանդելու չափ: Եվ ասաց տղային. «Որդյա՛կ, գնա՛ մեր Տիրոջ մոտ: Ինչպես տան տերը որդիներին հաց տալիս նախ պատվական կերակուրն է մատուցում, այնպես և դու իբրև պատվական, անբիծ և անարատ գառ` խաղաղությամբ գնում ես մեր Տիրոջ մոտ»: Եվ երբ դահիճները տեսան տղայի մահը, գնացին և պատմեցին դատավորին: Եվ դատավորը, բարկությամբ լցված, հրամայեց իջեցնել սրբերին, իսկ մահացածին նետել շների մոտ: Եվ երբ իջեցրին նրանց, երկու զինվոր սկսեցին զբաղվել մեռած տղայով: Եվ երբ կամենում էին նրան քարշ տալ ու նետել գազանների մոտ, նրանց ձեռքերն անշարժացան, իսկ իրենք կարկամեցին ու պապանձվեցին և չէին կարողանում խոսել: Իսկ [մյուս] զինվորները, որ տեսան այս, վախեցան և պատմեցին դատավորին: Եվ նրա իշխաններից մեկն ասաց. «Եթե չսպանես կախարդներին, կկործանեն մեր զորքը. հովվին սպանեցին, իսկ այժմ այս երկու պատվական զինվորներին կիսամեռ դարձրին»:
Եվ դատավորը, բարկությամբ լցվելով, հրամայեց նրանց իր առջև բերել: Եվ երբ եկան, ասաց նրանց լի ցասմամբ. «Ձեր կախարդությունը հիմարացրեց ձեզ. իմ հովվին սպանեցիք, և անպատասխան թողեցի, որ համաձայնության գաք, իսկ այժմ երկու պատվական զինվորներին կիսամեռ դարձրիք: Երդվում եմ իմ աստված Ասկղեպիոսով, որ եթե իմ կամքին չենթարկվեք և չմոռանաք ձեր համառությունը, չարաչար մահվամբ կսատկեցնեմ ձեզ, իսկ եթե ենթարկվեք` կմոռանամ ձեր արածները, միայն ասացեք, որ հավատում եք մեծ աստված Ասկղեպիոսին, որովհետև նրանով կանք` մենք և երկիրը»: Առաջ գալով` սուրբ Ստեփանոսն ասաց. «Սատանայի՛ որդի, քո հովվին դևերն սպանեցին, որովհետև Ասկղեպիս [անունը] դևերի բնակություն է թարգմանվում: [Իմացի՛ր, որ] մենք անխոս և անմիտ դևերին չենք երկրպագում, իսկ մեր ընկերը, որին մեռած ես կարծում, մահից դեպի կյանք փոխադրվեց, որ և Պողոս [առաքյալն] ասում է. «Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք» (Ա. Կորնթ. 19), և դարձյալ. «Նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդյոք» (Ա. Կորնթ. 18): Մինչդեռ մեր եղբայրը մեզ հորդորեց դեպի Քրիստոսի սերը և գնաց մեզ տեղ պատրաստեց»: Սոկրատեսն ասաց. «Խելագարությունդ չի թողնում, որ իմանաս, թե ինչ ես խոսում»: Ստեփանոսը պատասխանեց. «Խելագարը դու ես, որ աստված ես անվանում մարդկանց ձեռքով ստեղծվածներին` քանդակված փայտերն ու հղկված քարերը, որ չեն կարող քեզ փրկել հավիտենական հրից, քանի որ հոգուդ աչքերը կուրացել են և մարմնիդ կարիքներով ես առաջնորդվում»: Սոկրատեսն ասաց. «Ձեզնից առաջ շատերը պաշտեցին Խաչյալին և մեռան թագավորների ձեռքով»: Ստեփանոսը պատասխանեց. «Թշնամի՛, նրանք մահից դեպի կյանք տեղափոխվեցին և անթառամ պսակների արժանացան»: Սոկրատեսն ասաց. «Ես քեզ անթառամ պսակներ կմատուցեմ»,- և հրամայեց նրա գլխին հարվածներ տեղալ դալար ճիպոտներով, այնքան, որ [իրար փոխարինող] տասը զինվորները տկարացան: Իսկ սուրբ Ստեփանոսը և ընկերները, ձեռքերը երկինք պարզելով, ասում էին. «Մեր նեղությունների մեջ օգնի՛ր մեզ, Տե՛ր Աստված, որովհետև ծաղրի ենթարկելով Քո անվան համար` հարվածում են մեր գլուխներին, վիրավորական խոսքեր հնչեցնելով անվանը Քո, որ Քո ծառաներս Քեզ ճանաչեցինք սուրբ առաքյալների միջոցով, որովհետև Քեզնից բացի Աստված չկա, Տե՛ր: Արդ, մի՛ թող, որ անօրեններն անարգեն Քո անունը, այլ ցույց տո՛ւր Քո սքանչելիքները, որպեսզի միայն Քեզ ճանաչեն ճշմարիտ Աստված և հավատացյալները փառավորեն Քո սուրբ անունը»:
Եվ երբ ավարտեցին աղոթքը, հանկարծ մի հզոր լույս փայլեց, այնքան [պայծառ], որ արեգակն սկսեց չերևալ, և նրանց մոտ իջավ Տերն ու ասաց. «Խաղաղություն ձեզ, ի՛մ սիրելիներ, ձեզ հետ եմ հավիտյան»: Եվ նույն պահին բժշկեց սրբերին և Ինքը երկինք բարձրացավ, իսկ երանելիները, տեսնելով սքանչելիքն ու իրենց բժշկվելը` շատ ուրախացան, դատավորն ու իշխանները սարսափահար եղան ու ապշեցին, իսկ այնտեղ կանգնածները, որ [ուժեղ լույսից] կուրացել էին, հարյուր հիսունհինգ հոգի, հավատացին Տիրոջը և բարձրաձայնում էին. «Մենք ևս պաշտում ենք Ստեփանոսի Աստծուն»: Եվ սուրբ Ստեփանոսը ձեռքերը դրեց նրանց վրա և բժշկեց, իսկ դատավորը, տեսնելով այս ամենը, խիստ տրտմեց: Նրա իշխաններից մեկն ասաց. «Ասում էի, որ անմիջապես սատկեցնես դրանց, որ իրենց կախարդությամբ չսպանեն մեզ: Այժմ արա՛ ինչ ասում եմ. նախ հրամայի՛ր բերել կույսերին և սպանել, իսկ հետո` այս մարդկանց»:
Եվ [դատավորը] հրամայեց իր մոտ բերել կույսերին: Երբ բերեցին, դատավորն ասաց. «Ափսոսում եմ ձեր գեղեցկությունը և չեմ տանջում ձեր ընկերների պես: Այժմ ենթարկվեցե՛ք իմ կամքին և զո՛հ մատուցեցեք աստվածներին, և ես երդվում եմ, որ ձեզ մեր իշխաններին կնության կտամ և մեծ պատվի կարժանացնեմ, իսկ եթե ոչ` կհրամայեմ սրով սպանել»: Եվ Ստեփանոսի մայրը` Մարիամը, ասաց. «Կույսերն իրենց անձերը չեն նվիրի երկրավոր մեծությունների կամ մարդկանց, այլ թագավոր Քրիստոսին: Այժմ սուտ խոսքեր մի՛ բարբաջիր և խաբեությամբ մարդ մի՛ որսա. մենք Տիրոջն ենք հուսացել և չենք երկնչի քո սպառնալիքներից: Իմ որդու, մեր ընկերների և եղբայրների աղոթքներով Տերը կօգնի մեզ և կփրկի քո ձեռքից»: Այնժամ դատավորը դահիճներին հրամայեց նրանց վերցնել-տանել մի բացօթյա վայր և այնտեղ սպանել` «Որ նրանց մարմինները,-ասաց,- գազանների կերակուր դառնան»: Եվ առավոտյան վաղ դահիճները վերցրեցին սուրբ կույսերին ու Մարիամին և տարան նրանց նահատակության վայրը:
Եվ Մարիամը, տեսնելով, որ իրենց նահատակության են տանում եղբայրներից և իր որդուց առաջ, սկսեց արտասվել, և որովհետև սրբերից հեռու էր, բարձր ձայնով ասաց. «Որդյա՛կ իմ Ստեփանոս, գիտե՛ս, թե ինչպես ուղղորդեցի քեզ դեպի աստվածպաշտություն. այժմ ամո՛ւր մնա հավատքիդ մեջ և քաջալերի՛ր եղբայրներիդ, որպեսզի որևէ մեկը չզարհուրի տանջանքներից, չվախենա, չերկմտի, չերկնչի դատավորի սպառնալիքներից, որովհետև դեռ փոքր են: Իսկ մեզ ձեզանից առաջ են տանում նահատակության, և մենք սրբությամբ գնում ենք Տիրոջ մոտ: Որդյա՛կ իմ Ստեփանոս, աղոթի՛ր իմ և դուստրերիս համար, որ խաղաղությամբ ելնենք խավար իշխանությունից` զերծ մնալով խավարի օդային դևերից»: Սուրբ Ստեփանոսն ասաց. «Մա՛յր իմ Մարիամ, գնա՛ խաղաղությամբ: Տերը քեզ հետ և իմ քույրերի»: Եվ շարունակեց հունարեն. «Մա՛յր իմ, մա՜յր. Նախ թո՛ղ կույսերն ըմպեն մահվան բաժակից և նոր դու. փոքր են, սուրը տեսնելով` չերկնչեն: Իսկ ես և եղբայրներս այսօր ևեթ կգանք ձեզ մոտ»:
Եվ դահիճները, վերցնելով կույսերին և Մարիամին, տարան նրանց նահատակության տեղը` լեռան ստորոտի մերձակա ձորակներից մեկի դիմաց, և ձեռքերը մեջքերին կապելով` սկսեցին անխնա սպանել նրանց: Եվ կույսերը մեկ առ մեկ առաջ էին գալիս դահիճների մոտ` ողջակիզվելու: Իսկ Մարիամը կանգնած էր կույսերի դիմաց և [շարժումներով ու] նշաններով քաջալերում էր սրբերին, որ ամուր մնան հավատքի մեջ և Քրիստոսին տեսնեն: Եվ անխնա կոտորելով կույսերին, մերկացած [և արյունոտ] սուսերներով դահիճները հասան Մարիամին: Եվ որովհետև ձեռքերը կապած չէին, նա երկինք էր կարկառել և մենակ կանգնած աղոթում էր և ասում. «Օրհնյա՜լ ես, անմահ Թագավոր, որ զավակներիս արժանի արեցիր ըմպելու մահվան անարատ բաժակը»: Եվ երբ ավարտեց աղոթքը, դահիճներից մեկը սուրը խփեց նրա կրծքին, և սուրբ Մարիամն անմիջապես ավանդեց հոգին` բարի խոստովանությամբ ի Հայր, Որդի և Սուրբ Հոգի, օգոստոս ամսի տասնմեկին, ուրբաթ օրվա տասներորդ ժամին:
Եվ նրանց ու ավելի վաղ վկայած Բագրատունու մարմիններն անթաղ էին: Իսկ հետո նոր հավատացածները գիշերով թաքուն վերցրեցին սուրբ Բագրատունու նշխարներն ու տարան սուրբ կույսերի նշխարների հետ ամփոփեցին միևնույն վայրում և որոշ ժամանակ գաղտնի պահեցին նրանց հանգստարանը:
Եվ սուրբ [կույսերի] նահատակությունից հետո դահիճները գնացին դատավորի մոտ և պատմեցին իրենց արածները: Դատավորը հրամայեց կրկին իր մոտ բերել սրբերին: Երբ բերեցին, դատավորն ասաց. «Ինչքա՞ն համբերեմ և ներեմ ձեր արարքները, որ կախարդությամբ ժողովրդիս ձեր կողմն եք դարձնում»: Սրբերը պատասխանեցին. «Աստված պաշտության դարձնելը կախարդությո՞ւն ես համարում»: Սոկրատեսն ասաց. «Հրաման եմ ստացել թագավորներից մեղավորներիցդ երեք-չորս հոգու ազատելու: Արդ համաձայնեցե՛ք և զո՛հ մատուցեք աստվածներին, որ կրկին չենթարկվեք չար տանջանքների և ձեր Աստված չկարողանա փրկել ձեզ իմ ձեռքից»: Սուրբ Ստեփանոսն ասաց. «Ո՛վ դատավոր, ինչո՞ւ ես ջանում փորձության ենթարկել Աստծու ծառաներիս. պատրաստ ենք տանջանքներին, որոնց ենթարկելու ես: Իշխանություն ունես մեր մարմինների վրա. ինչ կամենում ես գործել` արա՛ անմիջապես»: Այնժամ թագավորը հրամայեց թեժ կրակ վառել և նրանց գցել հրի մեջ: Եվ զինվորները կատարեցին հրամայվածը, վառեցին բորբոք կրակն ու սրբերին վերցնելով` տանում էին կրակի մոտ, իսկ Աստծու ծառաները ճանապարհն անցնելիս սկսեցին երգել Երից մանկանց օրհնությունը: Երբ հասան հնոցի մոտ, զինվորները [սրբերի] ձեռքերը կապեցին հետևները և նետեցին կրակի մեջ: Իսկ սրբերը հնոցի մեջ կանգնել էին որպես մի զով վայրում, որովհետև հուրը խորանի պես եղավ նրանց վրա: Եվ սուրբ Ստեփանոսը բոլորի հետ սկսեց ասել. «Օրհնյա՜լ ես, անմահ Թագավոր, որ այսօր մեզանում ցույց տվեցիր սքանչելիքներդ: Գովում ենք Քեզ, սքանչելի Աստված, փառավորում ենք անունդ հնոցում»: Իսկ զինվորները, տեսնելով սքանչելիքները, երկյուղեցին ու խիստ վախեցան և սրբերին հնոցում թողնելով` փութով գնացին իրենց իշխանի մոտ և պատմեցին` ինչ տեսել էին: Դատավորն ասաց. «Եվ դեռևս ո՞ղջ են կրակի մեջ»: Զինվորները պատասխանեցին. «Խնդության մեջ են և փառավորում են իրենց Աստծուն»: Եվ առյուծի պես գազազելով դատավորն ասաց դահիճներին. «Անմիջապես նրանց հեղեղատը տարե՛ք և սպանեցե՛ք, որ նրանց կախարդության նոր հավատացյալներ երևան չգան և սպանեն ինձ, որովհետև զորքը մոտս չէ»:
Եվ դահիճները գնացին և գաղտնի հանեցին նրանց հնոցից, որովհետև Աստծու կարողությամբ Տիրոջ հրեշտակը պահում էր նրանց, որ անգամ մի մազ նրանց գլուխներից չէր խանձվել: Եվ դահիճները տեսնելով` զարմացան, բայց դատավորի խոսքերից խիստ երկնչում էին և շտապում էին սրբերին տանել նրանց մարտիրոսության վայրը` դատավորի հրամանը կատարելու: Եվ դահիճներից մեկն արձակեց նրանց կապանքները, և սրբերը ճանապարհն անցնում էին մեծ խնդությամբ, սաղմոսում էին և ասում. «Մեր նեղության մեջ Տիրոջը ձայն տվեցինք, Տերը փրկեց մեզ նենգ շրթունքներից ու չար լեզուներից» (Սաղմ. ՃԺԹ. 1-2): Եվ ավարտելով աղոթքը` հասան վկայության վայրը` կույսերի վախճանի տեղին հանդիպակաց մի խոր ձորակի: Եվ դահիճներն շտապեցնում էին սրբերին, որ սպանեն: Եվ երանելիները, բոլորով ծնկի իջնելով, միաբան ասացին. «Տե՛ր, մեր հույս, ապավեն և փրկիչ, ճշմարիտ Աստված. փառավորում ենք Քո մարդասիրությունը, որ մեզ փրկեցիր դատավորի ձեռքից և միասնական պահեցիր, որ մեզանից ոչ ոք չերկմտեց դատավորի տանջանքներից: Բարերա՛ր Տեր, ընդունի՛ր Քո ծառաներիս աղաչանքները: Մարդասե՛ր Տեր, Քո մոր` սուրբ Աստվածածնի և կույսի բարեխոսությամբ ընդունիր Քո ծառաներիս հոգիները, որ Քո անունը փառավորվի հավիտյան»: Եվ երկնքից ձայն լսվեց, որ ասաց. «Եկե՛ք, Աստծո՛ւ ծառաներ, և բազմեցե՛ք մյուս նահատակների հետ»: Եվ դահիճները, սրբերի վրա հարձակվելով, սկսեցին կոտորել: Իսկ սուրբ Ստեփանոսը մեկուսի էր կանգնած և ձեռքերը երկինք պարզած աղոթում էր: Եվ երբ տեսավ, որ դահիճներն անխնա կոտորում են եղբայրներին, ասաց. «Նախ տարիքով փոքրերին կոտորեցե՛ք»: Իսկ դահիճները, հակառակվելով սրբի խոսքերին, նախ ծերերին կոտորեցին: Եվ Աստծու ծառա Ստեփանոսը սիրտ էր տալիս կրտսերներին, [հորդորում] մի փոքր դիմանալ և հասնել ընկերներին: Եվ ասում էր. «Հիմա կգնանք հանգստարանը, որ Տերը պատրաստեց Իր ծառաների համար»:
Եվ բոլորին կոտորեցին, ու միայն Ստեփանոսը մնաց: Եվ վկայեցին սրբերը, որոնց անուններն այս են` սուրբ Բագրատ և Վեղարիոս, Բասիլիոս, Սիմեոն Կեսարացի: Գրիգորիս, որ Կոկիսոն քաղաքում առաջինն էր հավատացել Աստծուն, և նրա երկու որդիները` Սմբատ և Հովհաննես, նաև պատվական ծերը` Ղևոնտեոսը երեք որդիների` Դավթի, Ստեփանոսի և Թադեոսի հետ: Նաև պատվական ծերը Անտիոքից` չորս որդիների հետ, ինչպես և ուրիշները, որոնց անունները գրված են կյանքի գրքում:
Սուրբ Ստեփանոսն արտասվալից աղոթում էր, և երբ դահիճները մոտեցան իրեն, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք հապաղում, ինչո՞ւ եք անօրինությամբ արբած ապշել: Սատանան ի՞նչպես կուրացրեց ձեր սրտերի աչքերը, որ [չտեսաք], որ նրանք, ում մեռած եք կարծում, մահից կյանք փոխադրվեցին և անանց հանգստի մեջ են»: Ութ դահիճներն ասացին. «Մենք գիտենք և իմացել ենք մեր իշխանից քո և սպանվածների կախարդության մասին: Այժմ կամենում ես, որ դատավորը մեզ ևս սպանի»: Սուրբն ասաց. «Այսպես է գրված. «[Նա], որ չուզեց Աստծու օրհնությունը, թող այն հեռու լինի նրանից» (Սաղմ. ՃԸ. 18): Եվ շարունակեց. «Մի քիչ ժամանակ տվե՛ք, որ աղոթեմ»,- և երեսնիվայր ընկնելով` ասաց. «Սո՛ւրբ Եր րորդություն, որ Քեզ օրհնում են հրեշտակների դասերն անլռելի ձայնով, և երկրպագվում ես Քեզ խոստովանող բոլոր արարածների կողմից, որ մշտապես օրհնում են Քո իշխանությունը` փառավորելով անունդ: [Դու], որ իբրև ամուր պարիսպ հավատացյալներին տվեցիր Քո սուրբ Խաչի նշանը, որով անձերը կնքելով` ամոթով են թողնում հակառակորդին, որ չի կարողանում հաղթել հավատացյալներին: Քո սուրբ Խաչի նշանին ապավինելով` Քո սուրբ անվան համար մեր անձերը մահվան մատնեցինք, իսկ այժմ, Տե՛ր, գոհանում ենք Քեզնից, որ մեզ աներկբա հավատով պահեցիր և [արժանի արեցիր] Քո անվան համար մեռնելու: Տե՛ր, այժմ ընդունի՛ր բանավոր պատարագը, որ մատուցեցին Քեզ, և Քո սրբերի կարգը դասի՛ր նաև այս ծառաներիդ անուններն ու դրոշմիր կյանքի գրքում: Մարդասե՛ր Տեր, նաև ինձ ընդունի՛ր և խավարային իշխանության միջով խաղաղությամբ անցկացրու, որպեսզի չար և պիղծ դևը չհամարձակվի ինձ մոտենալ: Աղաչում եմ սուրբ անվանդ, սուրբ Երրորդություն, ընդունի՛ր աղաչանքներս և մեր նահատակության վայրը քրիստոնյաների բնակություն արա՛ և օրհնի՛ր հավատացյալ նոր հոտն ու օրըստօրե աճեցրո՛ւ նրանց, որ շատանան և օրհնեն Քո անունը: Նաև սատկեցրու թշնամի դատավորին, ինչպես նրա թագավորին սատկեցրիր Մեռկուրիոս վկայի միջոցով, երբ լսեցիր սուրբ Բարսեղ հայրապետի աղոթքներն ու կատարեցիր նրա խնդրածները` ապրեցնելով Քո սուրբ անվանը հավատացողներին: Այժմ դարձյալ խնդրում ենք Քեզ, մարդասե՛ր Տեր, օրհնի՛ր Քո անվանը հավատացողներին և մեր նահատակության վայրում հիվանդների բժշկություններ արա՛, եկող և մեր անվամբ աղաչողներին օգնի՛ր, թե՛ հիվանդությամբ, թե՛ ցավով տառապողներին բժշկի՛ր և ապրեցրու, որ փառավորեն Քո սուրբ անունը: [Տե՛ր], ինձ ևս արժանի արա՛ ուրախությամբ ըմպելու մահվան բաժակը, որ Քեզ փառք մատուցեմ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` հավիտյանս հավիտենից. ամեն»:
Ձայն հնչեց երկնքից, որ ասաց. «Ե՛կ, Քրիստոսի վկա և զբաղեցրո՛ւ տեղդ արդարների ուրախության մեջ: Եվ ինչ խնդրում էիր Տիրոջից, թե ով որ գա ձեր նահատակության տեղը և ինչ որ խնդրի` ձեր բարեխոսությամբ կտրվի Տիրոջ կողմից»: Եվ վկան ցնծաց Սուրբ Հոգով, և նրա երեսին լույս փայլեց: Եվ դահիճներին, որ հեռվում խմբվել էին և չգիտեին, թե ինչ անեն, սուրբն ասաց. «Եկե՛ք, կատարեցե՛ք ձեր հայր սատանայի կամքը»: Եվ դահիճներից մեկը, որ անօրեն էր խիստ, եկավ սուրբ վկայի մոտ, և նա խոնարհեց պարանոցը և աղոթում էր մտքում: Եվ դահիճը, սուրը մերկացնելով, հատեց նրա պարանոցը: Եվ դահճի թևը, սուրը ձեռքին, քարացած մնաց, և արյունախառն լյարդը բերանով դուրս թափվեց, և սատկեց: Իսկ նրա ընկերները փախչելով շտապ գնացին իրենց իշխանի մոտ, պատմեցին իրենց արածն ու իրենց ընկերոջ սատկելը:
Այնժամ դատավորը կանչեց իր խորհրդակիցներին և ասաց. «Ճշմարիտ եմ ասում, որ այն կախարդներն սպանվեցին: Այժմ մեծ բերկրանքով կուրախանանք, կգնանք մեր քաղաքից, իսկ հետո, երբ քիչ օրեր անց վերադառնանք, կկործանենք կախարդների համախոհներին»: Իսկ նրա իշխաններն ասացին. «Եկե՛ք վաղը զոհեր մատուցենք աստվածներին, որ մեզ փրկեցին կախարդներից»: Եվ անօրեն դատավորին այս խոսքերը հաճո թվացին: Եվ երբ առավոտը բացվեց, և իշխանը կամենում էր ելնել գահույքից, հանկարծ մի մեծ վեմ ընկավ նրա վրա և սատկեցրեց նրան, և անհայտ էր, թե ո՛րտեղից ընկավ վեմը: Իսկ նրա զինվորները, դևերից հարված, տառապում էին: Նրա իշխաններից մեկը, զղջալով և խելքի գալով, ասում էր. «Այս բոլոր տառապանքները, որ բաժին ընկան մեր զորքին, Աստծու ծառաների համար եղան, որոնց կոտորեցին անխնա»: Եվ իշխանը, որի անունը Կավստե էր, վերցրեց դիվահար զինվորներին, և գնացին սուրբ վկաների նահատակության վայրը, բոլորով ծնկի իջան և ասացին. «Ո՛վ սուրբ վկաներ, հավատում ենք ձեր Աստծուն, որին երկրպագում եք դուք. բարեխոսեցե՛ք Տիրոջը, որ ների մեր մեղքերը, և ցասումը, որ եկավ մեզ վրա, թո՛ղ վերանա, որովհետև ապաշխարում ենք և ուղղվում ենք դեպի Տերը»: Եվ երբ իշխանն այս ասաց, դիվահարներն սկսեցին բժշկվել և միաբան օրհնել Աստծուն:
Մինչդեռ սուրբ վկաների մարմիններն անթաղ էին: Եվ բժշկված զինվորները` իշխանի հետ մեկտեղ իննսունհինգ հոգի, անմիջապես հավաքեցին սրբերի նշխարներն ու հողը, որի վրա հեղվել էր վկաների արյունը, և ամփոփեցին: Իսկ ավելի վաղ հավատացած քրիստոնյաները, երբ եկան Կավստե իշխանի մոտ, և տեսան սուրբ վկաների միջոցով Քրիստոսի ժողովուրդ դարձած և բժշկված զինվորներին, սկսեցին օրհնել Աստծուն: Եվ ասացին իշխանին. «Եկե՛ք սուրբ վկաների համար տաճար կառուցենք և այնտեղ կդնենք նրանց նշխարները»: Եվ հավատացյալներն սկսեցին կառուցել տաճարը և սուրբ վկաների մարմինները դրեցին խորանում, իսկ սուրբ Ստեփանոսի նշխարները` աղբյուրի դիմաց, որ կա մինչ օրս, որ և բխել էր այնտեղ բնակվողների կարիքների և հիվանդների բժշկության համար: Իսկ իշխանը զինվորների հետ գնաց սուրբ կույսերի նահատակության վայրը և սկսեցին այնտեղ տաճար կառուցել, ուր ամփոփեցին սրբերի նշխարները և եկեղեցին անվանեցին սուրբ Կաթուղիկե: Նաև այլ հավատացյալներ սուրբ վկաների տաճար կառուցեցին և անվանեցին սուրբ Ստեփանոս, և քրիստոնյաներից մեկը սպասավորում էր տաճարում: Իսկ իշխանը, տեր դառնալով այդ տեղերին, օժանդակում և քաջալերում էր հավատացյալներին, և օր ըստ օրե աճում և բազմանում էին և տարեցտարի նշում [սուրբ վկաների] նահատակության օրն ու փառավորում Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից:
1 Բն.` Ստեփանոսը. փխ. ըստ շարադրանքի:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.