30 Նոյեմբեր, Շբ
11.27 Այն օրերին Երուսաղէմից մարգարէներ իջան Անտիոք: 28 Նրանցից մէկը, որի անունը Ագաբոս էր, վեր կենալով, Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը եւ եղաւ Կղօդէոս կայսեր օրով: 29 Եւ Անտիոքի աշակերտները որոշեցին, որ աշակերտների կողմից, այնքան, որքան նրանցից իւրաքանչիւրը կարող է, նպաստ ուղարկեն Հրէաստանում բնակուող եղբայրների համար, 30 ինչ որ արդարեւ արեցին՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երէցներին:
12.1 Այդ ժամանակներում Հերովդէս թագաւորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին 2 եւ Յովհաննէսի եղբօրը՝ Յակոբոսին, սրով սպանեց: 3 Երբ տեսաւ, որ այդ հաճելի է հրեաներին, աւելի առաջ գնաց եւ Պետրոսին էլ բռնեց: Բաղարջակերաց օրերն էին. 4 երբ նրան բռնեց, բանտ դրեց եւ իւրաքանչիւրը չորս զինուորից բաղկացած չորս խմբի յանձնեց, որ նրան պահեն. եւ ուզում էր Զատկից յետոյ նրան դուրս հանել՝ դատելու ժողովրդի առջեւ: 5 Պետրոսը բանտում մնում էր հսկողութեան ներքոյ. իսկ եկեղեցում նրա համար անդադար աղօթքներ էին արւում առ Աստուած: 6 Եւ երբ Հերովդէսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին: 7 Եւ ահա Տիրոջ հրեշտակը եկաւ կանգնեց մօտը, եւ մի լոյս ծագեց այդ տեղի վրայ: Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»: Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից: 8 Եւ հրեշտակը նրան ասաց. «Գօտիդ կապի՛ր եւ հողաթափերը ոտքե՛րդ գցիր»: Եւ նա այդպէս արեց: Ապա նրան ասաց. «Զգեստներդ վրա՛դ գցիր եւ արի՛ իմ յետեւից»: 9 Եւ նա ելնելով գնում էր նրա յետեւից ու չէր իմանում, որ հրեշտակի միջոցով պատահածը իրական է, որովհետեւ կարծում էր, թէ տեսիլք է տեսնում: 10 Եւ երբ նրանք անցան առաջին պահականոցից եւ ապա երկրորդից, եկան մինչեւ երկաթեայ դուռը, որը հանում էր քաղաք: Դուռն իրեն-իրեն բացուեց նրանց առջեւ. ու մի փողոց մտնելով՝ անցան նրա միջով. ապա հրեշտակն իսկոյն նրանից հեռացաւ: 11 Երբ Պետրոսն ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողովրդի ամէն ակնկալութիւնից»: 12 Եւ ուշքի եկած լինելով՝ եկաւ Մարիամի՝ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր տունը. այնտեղ հաւաքուել էին շատերը եւ աղօթք էին անում: 13 Տան դուռը բախելիս Ռոդէ անունով մի աղախին մօտեցաւ եւ ականջ էր դնում: 14 Եւ ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախութիւնից դուռը չբացեց, այլ ներս վազելով՝ պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է: 15 Նրանք ասացին նրան՝ գժուել ես: Իսկ աղախինն առաւել եւս պնդում էր, թէ այդպէս է: Ապա նրանք ասացին՝ նրա հրեշտակն է: 16 Իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը: Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան: 17 Եւ նա ձեռքով նրանց նշան էր անում, որ լռեն. եւ պատմեց, թէ ինչպէս Տէրը իրեն հանեց բանտից: Ապա ասաց. «Այս բաները պատմեցէք Յակոբոսին եւ եղբայրներին»: Եւ ինքը ելաւ գնաց այլ տեղ: 18 Եւ երբ առաւօտ եղաւ, զինուորների մէջ մեծ խռովութիւն ընկաւ, թէ արդեօք Պետրոսն ինչ եղաւ: 19 Իսկ Հերովդէսը, երբ նրան փնտրեց ու չգտաւ, պահակներին հարցաքննելուց յետոյ հրամայեց սպանել նրանց: Ապա Պետրոսը Հրէաստանից Կեսարիա իջաւ եւ այնտեղ էր մնում: 20 Եւ Հերովդէսը ցասումով էր լցուած տիւրոսցիների եւ սիդոնացիների դէմ: Նրանք միաբանուած՝ եկան նրա մօտ եւ համոզելով Բղաստոսին՝ թագաւորի սենեկապետին, խաղաղութիւն խնդրեցին, քանի որ իրենց երկիրը նրա երկրից էր կերակրւում: 21 Եւ որոշուած օրը Հերովդէսը թագաւորական զգեստ էր հագել եւ ատեան էր նստել ու հրապարակաւ խօսում էր նրանց հետ: 22 Իսկ ամբոխն աղաղակում էր. «Աստուած է, որ խօսում է, եւ ոչ թէ՝ մարդ»: 23 Եւ անմիջապէս հրեշտակը հարուածեց նրան, որովհետեւ Աստծուն փառք չտուեց. եւ որդերի կեր դառնալով՝ մեռաւ: 24 Իսկ Աստծոյ խօսքը աճում եւ բազմանում էր: