30 Նոյեմբեր, Շբ
37 Յաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, Յիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմութիւն: 38 Եւ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց եւ ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետեւ իմ մինուճարն է. 39 ահա չար ոգին դէսուդէն է զարնւում նրա մէջ եւ յանկարծ գոչում է. եւ նրան սաստիկ ցնցում է, թաւալեցնում, փրփրեցնում եւ խորտակելով նրան՝ հազիւ է հեռանում նրանից: 40 Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»: 41 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»: 42 Եւ մինչդեռ նա մօտենում էր, դեւը գետնին խփեց նրան ու ցնցեց: 43 Յիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը եւ տուեց նրան նրա հօրը: 44 Եւ ամէնքը զարմանում էին Աստծոյ մեծագործութիւնների վրայ: Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամէնի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը, որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»: 45 Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ այն ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան: 46 Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ով է մեծ: 47 Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ 48 եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ Ուղարկողին. որովհետեւ ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա է մեծ»: 49 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որ քո անունով դեւեր էր հանում, եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում»: 50 Յիսուս ասաց նրանց. «Մի՛ արգելէք նրան, որովհետեւ ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»: