26 Փետրվար, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Եսայի 36.22-37.11

36.22 Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապտն էր, գրագիր Սոմնասը, որը հրովարտակներ էր գրում, Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մօտ եւ նրան հաղորդեցին Ռափսակի խօսքերը:

37.1 Եզեկիա արքան, լսելով այս խօսքերը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ մտաւ Տիրոջ տունը: 2 Այնուհետեւ Եղիակիմ հազարապետին, գրագիր Սոմնասին եւ ծեր քահանաներին, որոնք քուրձ էին հագել, ուղարկեց Ամոսի որդու՝ Եսայի մարգարէի մօտ, 3 որ ասեն նրան. «Այսպէս է ասում Եզեկիան. “Այսօր նեղութեան ու նախատինքի, կշտամբանքի ու բարկութեան օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել: 4 Թող քո Տէր Աստուածը լսի Ռափսակի խօսքերը, որին ուղարկեց իր տէրը՝ Ասորեստանի արքան, որպէսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խօսքերով, որոնք լսեց քո Տէր Աստուածը: Արդ, աղերսի՛ր քո Տէր Աստծուն մնացածներիս համար”»: 5 Եզեկիա արքայի պաշտօնեաները ներկայացան Եսայուն: 6 Եւ Եսային ասաց նրանց. «Այս բանը կհաղորդէք ձեր տիրոջը: Այսպէս է ասում Տէրը. “Չվախենաս այն խօսքերից, որ լսեցիր, եւ որոնցով նախատեցին ինձ Ասորեստանի արքայի պատգամաւորները: 7 Ահա ես արքայի մէջ խռովութեան ոգի կսերմանեմ. լուր առնելով՝ նա կվերադառնայ իր աշխարհը եւ իր երկրում սրի բաժին կդառնայ”»: 8 Ռափսակը իմանալով, որ Ասորեստանի արքան հեռացել է Լաքիսից, քանի որ պաշարել է Լոբնան, վերադարձաւ ու հասաւ Ասորեստանի արքայի մօտ: 9 Եւ երբ եթովպացիների Թարակ արքան դուրս եկաւ սրան պաշարելու, նա յետ եկաւ այնտեղից եւ պատգամաւորներ յղեց Եզեկիայի մօտ՝ յայտնելով. 10 «Այսպէ՛ս ասացէք Հրէաստանի Եզեկիա արքային. “Թող քեզ չմոլորեցնի Աստուած, որին դու ապաւինել ես՝ ասելով, թէ Երուսաղէմը չի մատնուի Ասորեստանի արքայի ձեռքը: 11 Բայց մի՞թէ դու չես լսել, թէ Ասորեստանի թագաւորներն ինչ օրը գցեցին բոլոր երկրներին, ինչպէս կործանեցին նրանց: Իսկ ինչ է, դու փրկուելո՞ւ ես:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․