Ավ. ըստ Մարկոսի 9.13-28

13 Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ: 14 Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ ընդառաջ վազելով՝ ողջոյն էր տալիս նրան: 15 Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»: 16 Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. 17 եւ ուր պատահում է, նրան գետնին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում-մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»: 18 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»: 19 Եւ նրան բերեցին իր մօտ: Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետնին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում: 20 Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից: 21 Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»: 22 Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»: 23 Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատո՛ւմ եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: 24 Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդն իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, համր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ. դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնե՛ս դրա մէջ»: 25 Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ՝ այն աստիճան, որ շատերն ասացին, թէ մեռաւ: 26 Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց: 27 Եւ երբ Յիսուս տուն մտաւ, աշակերտները առանձին հարցրին նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք հանել դրան»: 28 Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ՝ ծոմապահութեամբ ու աղօթքով»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․