Գրքեր

Եբրայեցիներ 6:9-7:10

9Սիրելինե՛ր, թէպէտեւ այսպէս եմ խօսում, բայց վստահ եմ ձեր վրայ, որ լաւագոյն ուղու վրայ էք, մանաւանդ որ այն առաջնորդում է փրկութեանը։ 10Անարդար չէ Աստուած, որ մոռանայ ձեր գործերը եւ սէրը, որ ցոյց տուեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին եւ ծառայում էք մինչեւ այժմ։11Եւ մենք ցանկանում ենք, որ ձեզնից իւրաքանչիւրը նոյն փութաջանութիւնը ցուցաբերի, որպէսզի հաստատ մնայ ձեր յոյսը մինչեւ վերջ։ 12Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանուէք նրանց, որ հաւատով եւ համբերութեամբ ժառանգեցին խոստումները։ 13Երբ Աստուած Աբրահամին իր խոստումը տուեց, - քանի որ չկար աւելի մեծ մէկը, որ նրանով երդուէր, - 14նա ինքն իր վրայ երդուեց եւ ասաց. 15Եւ այսպէս, համբերատար լինելով, Աբրահամը հասաւ խոստմանը։16Արդարեւ, մարդիկ երդւում են նրանով, ով մեծ է իրենցից. եւ նրանց մէջ եղած ամէն հակառակութեան վերջնական վճիռը երդումն է։ 17Ահա թէ ինչու Աստուած, կամենալով առաւել եւս ցոյց տալ իր նպատակի անփոփոխ լինելը խոստման ժառանգորդներին, օգտագործեց երդումը,18որպէսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցոյց են տալիս, թէ անհնար է, որ Աստուած սուտ խօսած լինի, մենք հաստատուն մխիթարութիւն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու հանդերձեալ յոյսից, 19որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար. յոյս, որ թափանցում է վարագոյրից այն կողմ, 20ուր մեր նախակարապետը՝ Յիսուս, մտաւ մեզ համար՝ լինելով յաւիտենական Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։ 
7 Քանզի այս Մելքիսեդեկը թագաւոր էր Սաղեմի, բարձրեալ Աստծու քահանայ, որ Աբրահամին ընդառաջ ելաւ, երբ նա վերադառնում էր թագաւորների կոտորածից, եւ օրհնեց նրան. 2եւ Աբրահամը ամէն ինչից տասանորդներ տուեց նրան. «Մելքիսեդեկ» նախ թարգմանւում է՝ արդարութեան թագաւոր, ապա՝ թագաւոր Սաղեմի, այսինքն՝ թագաւոր խաղաղութեան։ 3Նա անհայր, անմայր էր, առանց ազգատոհմի. ո՛չ օրերի սկիզբ ունէր եւ ո՛չ կեանքի վախճան. նմանուելով Աստծու Որդուն՝ նա կայ ու մնում է մշտնջենապէս քահանայ։ 4Արդ, տեսէ՛ք, թէ ինչպիսի մէկն էր սա, որին Աբրահամ նահապետն էլ տասանորդներ տուեց աւարից։ 5Եւ Ղեւիի զաւակներից նրանք, որ քահանայութիւն են ստանում, իրաւունք ունեն, ըստ օրէնքի, տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թէկուզ եւ վերջիններս Աբրահամի զաւակներ լինեն։ 6Իսկ նրանց ազգատոհմից չհամարուածը տասանորդ վերցրեց Աբրահամից եւ օրհնեց նրան, ով ընդունել էր խոստումը։ 7Արդ, ամէն հակաճառութիւնից վեր է այն, որ օրհնողն աւելի բարձր է, քան օրհնուողը։ 8Եւ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդներ առնում, բայց այնտեղ՝ նա, ով վկայում է, թէ կենդանի է։9Եւ ինչպէս խօսքի կարգ է ասել, Ղեւին իսկ, որ տասանորդներ էր առնում, Աբրահամի միջոցով տասանորդ տալու ենթարկուեց,10որովհետեւ նա դեռ իր հօր կողում էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելաւ։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․