Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. եւ ամէն ոք, ով սիրում է ծնունդ տուողին, սիրում է նաեւ նրանից ծնուածին։ 2Սրանո՛վ ենք ճանաչում, թէ սիրում ենք Աստծու Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատուիրանները.3քանզի ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները։ 4Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին։ Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը։ 5Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծու Որդին։ 6Սա է, որ եկաւ ջրով, Հոգով եւ արեամբ՝ Յիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլեւ արեամբ եւ ջրով։ 7Եւ Հոգին է, որ վկայում է, որովհետեւ հէնց Հոգին է ճշմարտութիւնը։ 8Սրանք երեքը միասին են վկայում՝ Հոգին, ջուրը եւ արիւնը. եւ երեքը վկայութեան մէջ մէ՛կ են։ 9Եթէ ընդունում ենք մարդկանց վկայութիւնը, Աստծու վկայութիւնն, ինչ խօսք, աւելի մեծ է։ Ա՛յս է Աստծու վկայութիւնը. այն, որ նա վկայեց իր Որդու համար։ 10Ով հաւատում է Աստծու Որդուն, նա իր մէ՛ջ իսկ ունի այս վկայութիւնը. ով չի հաւատում Աստծու Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հաւատում ա՛յն վկայութեանը, որն Աստուած վկայեց իր Որդու համար։ 11Եւ ա՛յս իսկ է վկայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ՝ այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է։ 12Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը. եւ ով չի ընդունում Աստծու Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը։