30 Նոյեմբեր, Շբ
12 Մարտ, Քառասնորդական պահքի Դ կիրակի Տնտեսի կիրակի
Մեծ պահքի չորրորդ կիրակին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հիշատակում է անիրավ տնտեսի մասին ավետարանական առակը (Ղուկաս 16:1-8), որի խորհրդով էլ կիրակին կոչվում է «Տնտեսի կիրակի»:
Անիրավ տնտեսի առակում պատմվում է, թե մի մեծահարուստ տանուտեր կար, ով իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Վերջինիս մասին մի օր ամբաստանություն է լսում, թե հավատարիմ չէ իր տիրոջ ունեցվածքի հանդեպ: Տանուտերն այս որ լսում է, կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսն անակնկալի է գալիս, բայց չի շփոթվում, մտածում է թե ինչ պիտի անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ բարեհաճ գտնվեն իր հանդեպ: Հնարամիտ տնտեսը կանչում է իր տիրոջ պարտապաններին և որոշակի տոկոսային հարաբերությամբ թեթևացնում նրանց պարտքերը: Տնտեսը փորձում է իր տիրոջ ունեցվածքով բարեկամներ շահել: Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասում է. «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եվ սա ասում է. «Հարյուր տակառիկ ձեթ» և տնտեսը նրան ասում է. «Առ քո մուրհակը և նստիր ու անմիջապես գրիր՝ հիսուն»: Ապա դարձյալ մյուսին ասում է. «Դու ինչքա՞ն պարտք ունես» և սա ասում է.«Հարյուր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասում է. «Առ քո մուրհակը և նստիր ու գրիր՝ ութսուն»: Թեև տնտեսն անիրավ էր, սակայն իր ունեցվածքից բաշխելով՝ դրանով բարեկամներ շահեց: Մուրհակները նրանց ձեռքը տվեց և հրամայեց պարտքը նվազեցնել, որպեսզի նրանք բարեկամանան իր հետ և իրեն ընդունեն իրենց տանը: Մեծահարուստը, փոխանակ բարկությամբ զայրանալու, հիանում է տնտեսի հնարագիտության վրա և գովասանքի արժանացնում: Այս առակի ամբողջ իմաստը այս վերջին արտահայտության մեջ է. «Գովեաց տէրն զտնտեսն անիրաւութեան»: Այստեղ գովերգվում է ոչ թե տնտեսի սխալ անելը, այլ գործելակերպը:
Եվ վերջում առակի բանալին 8-րդ համարում է, որտեղ ասվում է. «…որովհետև այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկաս 16:8): Լույսի որդիները հրեշտակներն են, քանի որ լույսից արարվեցին, աշխարհի որդիները՝ մարդիկ: Մարդկանց ավելի իմաստուն է ասում, քան հրեշտակներին, որովհետև մարդիկ փառքից զրկվելուց և Աստծուց օտարանալուց հետո հնար գտան ապաշխարությամբ փնտրելու Աստծուն ու Նրան մոտենալու, իսկ հրեշտակների դասերից շեղվածները՝ է՛լ ավելի չարացան և չիմացան, որ Նա, Ով հանցանքների պատճառով իրենց բարձունքից վայր է գցել, զորություն ունի նաև դատելու:
Առակի բուն խորհուրդը Քրիստոս տալիս է առակը պատմելու վերջում. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9): Մամոնա բառն ասորերեն կամ արամերեն արմատից է և նշանակում է ունեցվածք, հարստություն:
Այստեղ մամոնային անիրավ է ասում ոչ թե նրա համար, որ բնությամբ չար է, այլ որ ունեցվածքի տերն այն անիրավությամբ է ժողովել: Նաև երբ մեկն իր տիրոջ ունեցվածքն է տալիս աղքատին, դարձյալ անիրավությամբ է դա անում, սակայն քանի որ աղքատին է տալիս, գովության է արժանանում: Սրա համար Տերը գովեց անիրավ տնտեսին, որ կորստյան մատնված արծաթով աղքատներից իրեն բարեկամներ շահեց, նրանց միջոցով էլ՝ Քրիստոսին:
Սակայն անիրավ մամոնա ասելով պետք չէ հասկանալ միայն այն գումարը, որ գողացվել, կամ խարդախ ճանապարհներով է ձեռք բերվել: Մամոնան անիրավ է համարվում Ավետարանում նաև այն պատճառով, որ շատ անգամ մեղքերի պատճառ է դառնում, այսինքն՝ որևէ մեկը կարող է արդար քրտինքով հարստություն դիզել և կուտակել, բայց հնարավորությունը շատ մեծ է գայթակղվելու, մեղքի մեջ ընկնելու դրամի պատճառով: Այս կիրակին հորդորում է հեռու մնալ ագահությունից: Առակի ավարտին էլ Քրիստոս ասում է. «Ով հավատարիմ է փոքր ծառայության մեջ, մեծի մեջ էլ հավատարիմ է, իսկ ով փոքր ծառայության մեջ անհավատարիմ է, մեծի մեջ էլ անհավատարիմ է» (Ղուկաս 16:10):
Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի մեկնության՝ տանուտերն Աստվածն է, իսկ տնտեսը՝ մարդը: Մեր կյանքը մերը չէ, Աստծունն է, Նա է այն մեզ պարգևել մեր: Տնտեսը չունի իր սեփականությունը, այլ ամեն ինչ տիրոջ կողմից է նրան վստահվել: Տնտեսի նման՝ մարդն էլ ոչինչ չունի և ամեն ինչ Աստծուց է ստացել: Ուստի անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինենք մեր կյանքը՝ գիտակցելով, որ մի օր հաշիվ պիտի տանք Աստծուն: Օգտվելով Աստծո տված շնորհներից՝ միևնույն ժամանակ պարտավոր ենք դրանից բաժին հանել մյուսներին: Ամեն ոք, ով Աստծուց շնորհ է ստանում, այդ շնորհի տնտեսն է և պարտավոր է տնտեսին վայել գործել, հակառակ դեպքում կզրկվի ունեցվածքից: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մեղավորներին, ովքեր ներում են իրենց պարտապանների պարտքերը և աղքատներին առատապես բաշխում իրենց հարստությունն ու ունեցվածքը:
Մեր եկեղեցու հայրերը Տիրոջ նկատմամբ հավատքի դրսևորում են համարում բարեգործություն անելն ու կարիքավորներին օգնելը:
«Տնտեսի առակը» ներկայացնում է հոգևոր արթնության խորհուրդը. ամենայն ժամ պատրաստ լինել Տիրոջ անսպասելի այցին, չհետաձգել բարի գործերը և կամովի չհակվել դեպի մեղքը՝ հուսալով, թե կարելի է հետագայում ապաշխարել, քանի որ պատասխանատվության պահը կարող է գալ ամեն ակնթարթ: Այսպիսի գիտակցություն ունեցողին Տերն անվանում է «հավատարիմ և իմաստուն տնտես» (Ղուկաս 12:42):
Այս կիրակին հուշում է պահքին միավորել ողորմածությունն ու աղքատասիրությունը՝ որպես հոգևոր տնտեսության կարևորագույն մասեր, քանի որ «անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել», մինչդեռ «ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13):
Կազմեց Կարինե Սուգիկյանը