30 Նոյեմբեր, Շբ
6 Ապրիլ, Եշ, Պահք Ավագ Հինգշաբթի
Ավագ շաբաթվա օրերից իր խորհրդավորությամբ առանձնահատուկ տեղ է գրավում Ավագ Հինգշաբթին:
Ավագ Հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին:
Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):
Ավագ Հինգշաբթի մատուցվում է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից Սբ. Հաղորդության խորհրդի հաստատման:
Զատկից առաջ՝ Բաղարջակերաց տոնին, Հիսուս առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը: Դա Հիսուսի Վերջին ընթրիքն էր խաչելությունից առաջ և հայտնի է Խորհրդավոր ընթրիք անունով: Հին Ուխտում Զատիկի տոնը հաստատվել էր ի հիշատակ եգիպտական գերությունից հրեա ժողովրդի ելնելու: Այս տոնին ամեն ընտանիք ամբողջական գառ էր ճաշակում: Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս վերցնում է հացը, օրհնում և կիսելով տալիս աշակերտներին՝ ասելով. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը»: Այնուհետև գինու բաժակն է տալիս՝ ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար»: Հիսուս կենդանի գառան զոհաբերությունը փոխարինում է բանական զոհաբերությամբ՝ Պատարագով, այդպիսով հաստատելով Հաղորդության խորհուրդը: Եթե Հին Զատիկը խորհրդանշում էր եգիպտական գերությունից ելնելը, ապա Նոր Զատիկը մատուցվող հարության Պատարագով դարձավ մահվան գերությունից ելնելու և մահվան վրա կյանքի հաղթանակի խորհրդանիշ:
Սբ. Պատարագի ժամանակ, ինչպես Խորհրդավոր ընթրիքին, հացն ու գինին սրբագործվում և վերածվում են Տիրոջ Մարմնի և Արյան: Հաղորդությունը Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդ դառնալու խորհուրդն ունի: Հաղորդվել նշանակում է միանալ, միավորվել Աստծո հետ: Հաղորդություն ստանալու համար պետք է անպայման մկրտված լինել, զղջալ և ապաշխարել գործած մեղքերի համար:
Ներսես Լամբրոնացին գրում է, որ Հաղորդությամբ բազմությունը գալիս է դեպի մեկ անձնավորություն, դեպի Քրիստոս:
Հաղորդության համար Հիսուս ընտրեց հացն ու գինին, որովհետև, ինչպես Սբ. Գրիգոր Տաթևացին է ասում, հացը ցորենի բազում հատիկներից է ժողովվում, և գինին խաղողի բազմաթիվ պտուղներից է հավաքվում: Սա մատնանշում է Սուրբ Եկեղեցին, որը Քրիստոսի խորհրդանշական Մարմինն է և բազմաթիվ հավատացյալներից է համախմբվել:
Ավագ Հինգշաբթի օրը առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Այնուհետև մատուցվում է Սբ. Պատարագ, որի ժամանակ մարդիկ հաղորդվում են:
Այսպես Քրիստոսի կողմից հաստատվեց Հաղորդության Սբ. Խորհուրդը, որը մինչև օրս կատարվում է եկեղեցում հավատացյալների մասնակցությամբ: Ուստի եկեղեցում մատուցվող Սբ. Պատարագը ունի Աստվածադիր ծագում. իր սկզբնական հաստատումը ստացել է Հիսուս Քրիստոսի կողմից, որ իբրև պատվիրան թողեց մարդուն. «Այս արեք Իմ հիշատակի համար» (Մատթեոս 26:26-29, Մարկոս 14:22-24, Ղուկաս 22:17-20, Հովհաննես 6:54-59, Ա Կորնթացիներ 11:23-25):
Ավագ Հինգշաբթի Հաղորդության խորհրդից առաջ բոլորը ունկնդիր են լինում Սբ. Բարսեղի խոսքին. «Ահա բացվում է երկինքը, և Քրիստոս իջնելով բազմում է Սուրբ Սեղանի վրա, և երկնքի ողջ զորքերն աներևութապես երկրի վրա են ծավալվում` սպասավորելու Աստծո Որդուն, և բոլորվում են սեղանի շուրջ, և Սուրբ Հոգին առատապես շնորհներ է բաշխում սրբությամբ մերձեցողներին:
Արդ, դուք, իմ եղբայրներ, բազում զգուշությամբ ու երկյուղով ձեր սրտերում դրեք հետևյալը` չնկատել միայն տեսանելի հացն ու գինին, այլ այն մեծ խորհուրդը, որ ծածկված է մարմնավոր աչքի տեսությունից, որ միայն հոգու աչքով է երևում նրանց, ովքեր սրբությամբ փնտրում են այն, որից ճաշակելով ուրախանում են աստվածային ցնծությամբ: Որևէ մեկը Սբ. Հաղորդությանն արհամարհանքով, սովորական ընդունելությամբ թող չմերձենա որպես մի ինչ-որ կերակրի, որովհետև մեղավորներին այրող ու սպառող կիզիչ հուր է, ուստի նախ ապաշխարության միջոցով պետք է սրբվել մեղքերից, որպեսզի մեղքերի բազմությամբ չկիզվենք հրի մեջ, որովհետև սպառվում են հոգիները նրանց, ովքեր նախապես չեն բաժանվում մեղքերից, այլ բևեռված են մնում նրանց վրա» (հատված Սբ. Բարսեղի խոսքից):
Կազմեց Կարինե Սուգիկյանը