3 Դեկտեմբեր, Գշ
5 Փետրվար, Բշ Սուրբ Մարկոս եպիսկոպոսի, Պիոն քահանայի, Կյուրեղ և Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր
Մարկոս Արիթուսայի եպիսկոպոս
Չորրորդ դարի կեսերին, Սիրիայի Արիթուսա քաղաքի եպիսկոպոսն էր նա: Ներկա է եղել զանազան տեղական ժողովների, որտեղ, իբրև բարեկամ կիսաարիոսականների, ձգտել է նրանց ուղղափառության բերել: Նրան է վերագրվում «Որդին ամեն ինչով նման է Հորը» բանաձևը, որը կարող է ընդունելի լինել թե՛ ուղղափառների և թե՛ կիսաարիոսականների համար:
Իր եպիսկոպոսության ժամանակ հեթանոսական տաճար է քանդում, որը վերակառուցելու հրաման է տալիս Հուլիանոս Ուրացող կայսրը: Այս հրամանը չկատարելու համար Մարկոս եպիսկոպոսը թաքնվում է: Չգտնելով եպիսկոպոսին՝ կայսրը սկսում է հալածել հավատացյալներին: Իր ժողովրդի հալածանքների պատճառ չլինելու համար նա վերադառնում է և ներկայանում կայսրին: Ծանրագույն չարչարանքներին հրաշալի համբերությամբ տոկալով՝ ի վերջո հեռավոր վայրեր աքսորվեց, որտեղ նույպես նվիրվեց հեթանոսներին քրիստոնյա դարձնելու սրբազան գործին: Աքսորի մեջ էլ վախճանվեց:
Պիոն քահանա
Թորգոմ պատրիարք Գուշակյանը համառոտ տեղեկություններ է տալիս Պիոն քահանայի մասին. «Քահանա և վկա էր Զմյուռնիա քաղաքից, որը բազում հեթանոսներ քրիստոնյա դարձրեց և բազում քրիստոնյաների, որոնք հալածանքների ընթացքում սասանվել էին, ամրացրեց իրենց հավատքի մեջ: Երբ քննության համար ատյան է տարվում, այնտեղ էլ քրիստոնեություն ընդունելու համար սրտագին հորդորներ է ուղղում հեթանոսներին և հրեաներին: Զանազան տանջանքներից հետո ողջ-ողջ այրվեց»:
Կյուրեղ սարկավագ
Լիբանանի Հելիոպոլիս քաղաքի սարկավագն էր, որտեղ Կոստանդիանոս կայսեր օրոք մի քանի կռատներ էր կործանել: Այս մեղքը քավելու համար տարվեց Հուլիանոս Ուրացող կայսեր մոտ, որը վերահաստատել էր կռապաշտությունը: 362 թ.-ին վրեժխնդրության համար քուրմերի ձեռքը հանձնվեց, որոնք չարաչար տանջեցին նրան և ըստ Հայսմավուրքների, հանեցին նրա լյարդը և ուտելով մեռան:
Բենիամին սարկավագ
Ապրել և գործել է Թեոդորոս Բ. Կայսեր (408-450) և Պարսից Հազկերտ Ա-ի (399-420) օրերին: Ձերբակալվեց Պարսից թագավորի հրամանով և բանտարկվեց քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով: Երկու տարի մնաց բանտում: Թեոդորոս կայսրը միջնորդեց նրան ազատ արձակելու համար, բայց պարսից թագավորը խոստացավ ազատ արձակել, եթե նա դադարի քրիստոնեություն քարոզել: Սարկավագը մերժեց այս պայմանն ասելով. «Անհնար է մարդկանց մեջ արգելել Աստծո շնորհը»: Սակայն ի վերջո ազատվում է բանտից և շարունակում իր ավետարանչությունը և նորադարձներին մկրտելը: Փիլիպոս սարկավագի նման, կրկին ձերբակալվեց և ահավոր չարչարանքներից հետո, Աստծուն գոհություն տալով, հոգին ավանդեց 418թ.-ին:
Աբդլմսեհ
Ծագումով հրեա էր, ապրում էր Պարսկաստանում: Աշխարհիկ անունը եղել է Ասեր, մկրտության ժամանակ ընկերները իրեն նոր անուն են դնում՝ Աբդլմսեհ կամ Աբդուլ-Մեսիհ, որը նշանակում է Քրիստոսի Ծառա: Ծնողները մեծահարուստ հրեաներ են եղել և բազում զավակներ են ունեցել որոնցից կրտսերը՝ Ասերը, Դավթի պես, արածեցնում էր հոր ոչխարներին և արջառներին: Իր հոտին ջուր տալու համար գալիս էր մի ջրհորի մոտ, որտեղ մյուս հովիվներն էլ էին գալիս: Քրիստոնյա տղաները մի խումբ էին կազմում, պարսիկ կրոնին հետևորդները՝ մեկ այլ, իսկ Ասերը մենակ էր մնում, քանզի ինքն էր միակ հրեա հովիվը: Ինքը ցանկանում էր քրիստոյնա խմբին միանալ, ուստի մի օր մոտեցավ քրիստոնյաներին: Նրանք ասացին, որ մինչև քրիստոնյա չդառնա չի կարող միանալ իրենց: Ասերը համաձայնվեց քրիստոնյա դառնալ և քանի որ շրջակայքում քահանա չկար Ասերը խնդրում է, որ նրանցից մեկը մկրտի իրեն: «Եթե ճշմարիտ է ձեր ասածը, որ Քրիստոս մարդասեր է,-ասաց Ասերը,-ուրեմն Նա պիտի ընդունի իմ հոժարակամությունը և ձեր ձեռքով Ինքը պիտի մկրտի ինձ»: Տղաները, տեսնելով նրա սիրահոժար փափագը և հավատը, մտցնում են ջրհորի մոտ եղող լճակի մեջ և իրենց բարբառով՝ Աբդլ-Մսեհ, այսինքն Ծառան Քրիստոսի մկրտվում է հանուն Հոր և Որդու և Ս. Հոգու» ասելով մկրտեցին նրան և այդ պահից նրան անվանեցին Աբդլմսեհ: Որախությամբ նոր մկրտվածի հետ ողջագուրվեցին և եղբայրացան տղաները և միասին կերան իրենց կերակուրը:
Բայս քրիստոնյա ընկերները մտահոգված էին, թե ինչ անեն, որ Աբդլմսեհը նորից հրեության չվերադառնա: Ի վերջո որոշեցին նրա հրեությունից հրաժարվելու և Քրիստոսին ծառայելու հիշատակի համար, ծակեն նոր մկրտվածի ականջը և գինդ կախեն, որին Աբդլմսեհն էլ համաձայն էր: Երբ այս վիճակով Աբդլմսեհը տուն վերադարձավ, իր օրվա անցուդարձը պատմեց ծնողներին: Իմաստուն մայրն այնպես արեց, որ հայրը չիմանա եղելությունը: Գիշերը, երբ Աբդլմսեհը երազի մեջ խոսում էր, մայրը արթնացնելով նրան հարցրեց, թե ո՞ւմ հետ է խոսում, Աբդլմսեհը պատասխանեց, որ Քրիստոսին է տեսել երազում, Որն իրեն խավար գբից հանելով խառնում էր մատաղահաս պատանիների խմբին, որոնք փառքով պսակված օրհնում էին Աստծուն երջանկությամբ և մեծ ուրախությամբ: Եվ մորը սկսեց պատմել Քրիստոսի մասին իր իմացածը և մանավանդ նկարագրել այն անպատմելի փառքը և երջանկությունը, որը երկնքում վայելում էին Քրիստոսի հետևորդները, ուստի պատանին եզրակացրեց. «Դու էլ, մայր իմ, հավատա Նրան ում ես հավատացի, որպեսզի հավիտյան միասին լինենք»: Աստծո Լույսը այս բարի կնոջ սրտում էլ ծագեց և ինքն էլ ճշմարիտ հավատքի դարճավ:
Հրեական մի տոնի ժամանակ հայրը, մարդ ուղղարկելով, Ասերին էլ է կանչում: Երբ վերջինս ականջին գինդով եկավ, հայրն իր զավակի ականջին ծառայության գինդը տեսնելով զարմացավ և զայրացավ. «Մի՛ խռովվիր հայր իմ,-ասաց տղան,- ես ինձ Քրիստոսի ծառա դարձրի և այժմ քրիստոնյա եմ»: Կատաղեց հայրը, ապտակներ տեղաց և հասարակության առջև գետին գցելով ոտնակոխ արեց նրան: Ի վերջո, երբ անկարելի եղավ տղային դարձի բերել, հայրը, մոռանալով իր հայրական սերը, հանեց դաշույնը և որդու սիրտը մխրճելով՝ նրան խառնեց այն պսակավոր և երջանիկ երեխաների խմբին, որոնց տեսել էր Աբդլմսեհը երազի մեջ:
Որմզդան
Մի պարսիկ քրիստոնյա նախարար էր, պարսկական արքունիկում Հազկերտ Ա-ի օրոք: Կարծիք կա, որ անվան պարսկական տարբերակը Որմիզդ կամ Հյուրմյուզն է: Երբ քրիստոնեությունից հրաժարվելը մերժեց, պաշտոնանկ եղավ և զրկվելով իր դիրքի բոլոր պատիվներից ուղարկվեց արքունի ուղտերին արածեցնելու: Որոշ ժամանակ հետո, երբ Որմիզդն աղքատության և թշվառության մեջ տվայտվում էր, թագավորը ազնվականի շապիկ է ուղղարկում նրան ասելով. «Հիշի՛ր նախկին ազնվական լինելդ և վերադարձիր մեր կրոնին»: Որմիզդը շապիկը կտոր-կտոր անելով ուղղարկում է թագավորին, ասել ցանկանալով, որ իր համար ավելի փառավոր պատմուճան է վերապահված երկնքի արքայությունում: Այս արարքի համար թագավորը հրամայում է գլխատել նրան:
Սային
Սա էլ ազգությամբ պարսիկ քրիստոնյա էր և բարձրաստիճան պաշտոնյա: Շատ անգամներ ստիպեցին և բռնություններ գործադրեցին նրա վրա, վերստին կրակապաշտ դառնալու համար, ինչը Սայինը խստիվ մերժեց: Նա ուներ ավելի քան հազար ծառաներ: Նույն Հազկերտ Ա թագավորը հրամայեց պատվազրկել նրան, իր դիրքը և պաշտոնը, ինչպես նաև իր կինը և ծառաներն իր ծառաներից ամենաանարգին տվեցին և հրամայեցին, որ ինքը նրան ծառայի: Աստծո ծառան սիրով հանձնառավ այս նվաստացումները, հիշելով իր Տիրոջը, որը ծառայի կողմից ապտակ էր ստացել: Ի վերջո ինքն էլ սրով ստացավ նահատակության պսակը 418 թ.-ին:
Վերոնշյալ սուրբերի տոնը հիշատակում ենք ենք Ս. Ծննդյան երրորդ երկուշաբթի օրը:
«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյան