Աստվածտեսության երանության ճանապարհին

Աստված ամենուր է, բայց շատ հաճախ մարդիկ չեն նկատում Նրան, և Քրիստոսահիմն եկեղեցին օգնում է, որ մարդն իր հոգու աչքերով տեսնի և այցելի Քրիստոսին: Ամեն անգամ Քրիստոսին տեսնելու երանությունն է վայելում նա, ով փնտրելով գտնում է այն վայրը, ուր կան կարիքի մեջ հայտնված մարդիկ: Ինքը Տերը մարդկանց կարիքների, հիվանդությունների կամ խնդիրների միջոցով կանչում է մարդուն դեպի Իրեն: Այս կերպ Քրիստոս այն մեծագույն պարգևն ու հնարավորությունն է տալիս մարդուն, ըստ որի, մարդ արարածն անձամբ է այցելում, խնամում, կերակրում և հոգ տանում Նրան՝ Տիրոջը: Քանի որ Քրիստոս ասաց՝ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ի՛նձ արած եղաք (Մատթեոս 25:40):

Եվ աստվածտեսության այդ երանությանն է ամեն անգամ արժանանում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը և այն անձինք, ովքեր, իրենց մասնակցությամբ իրականություն են դարձնում եկեղեցու սոցիալական ծրագրերը: Հունիսի 2-ին համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ այցելեց Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան 24 հասցեում բնակվող կարիքավոր ընտանիքին: Երկու սենյակներից բաղկացած բնակարանը ժամանակավոր կացարան է Թորոյան ընտանիքի համար: Երեք զավակներից մեկը հաճախում է գիշերօթիկ դպրոց: Ընտանիքի մայրը՝ Մուրադյան Արմինեն (35 տ.), չորս ամիս է, ինչ անկողնային հիվանդ է, չի կարողանում քայլել ոսկրային և ողնաշարային լուրջ խնդիրների պատճառով, բացի այդ ոտքի վրա էլ ուռուցք ունի: Ընտանիքին իր հնարավորության և կարողության չափով օգնում են Արմինեի ամուսնու՝ Թորոյան Պարույրի (39 տ.) ծնողները, ովքեր նույնպես սուղ պայմաններում ապրելով, վարկեր են վերցրել՝ փորձելով Արմինեի բուժման խնդիրները մասամբ լուծել: Թորոյան Պարույրն իր աշխատավարձով և կնոջ հիվանդության համար հատկացվող թոշակով չի կարողանում հոգալ ոչ ընտանիքի կարիքները, ոչ կնոջ բուժման ծախսերը և ոչ էլ վարկերի տոկոսները վճարել:

Տեր Գրիգորը ընտանիքի հետ զրույց ունեցավ, բժշկության աղոթք կարդաց, ապա նրանց հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնություն, սննդի փաթեթներ, հիգիենայի ու անկողնային պարագաներ՝ մաղթելով ուժ, համբերություն և աստվածային հույսով լեցուն բազում օրեր:

Թորոյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին այն ուշադրության համար, որ ցուցաբերվեց իրենց ընտանիքի հանդեպ:

 

Կարինե Սուգիկյան

02.06.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․