22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, ես երբեմն կոպտում եմ ավագներին: Հասկանում եմ, որ ինձ վատ եմ պահում և խոստովանում եմ այդ մեղքը:
- Եթե հասկանում ես և խոստովանում, ապա կամաց-կամաց կգարշես քեզանից բառի դրական իմաստով, և կխոնարհվես: Այդ ժամանակ Աստծո շնորհը կգա, և դու կազատվես այդ վատ սովորությունից:
- Իսկ ես, Հա՛յր, երբեմն կատակում եմ քույրերի հետ և սիրելով ծաղրում նրանց: Սակայն վախենում եմ անպարկեշտ վարվեցողության հասնել:
- Այդպես չի լինի, ախր դու կրտսերն ես: Ընտանիքում սովորաբար մեծահասակներն են կատակում և խաղում երեխաների հետ, այլ ոչ թե հակառակը: Այդպես և՛ երեխաներն են ուրախանում և՛ մեծահասակները: Սակայն պատշաճ չէ, որ փոքրիկը տատիկին կամ պապիկին ծաղրի: Պատկերացնո՞ւմ եք, որ երեխան հանկարծ հայրիկի մոտ վազի, բռնի նրա օձիքից ու սկսի խուտուտ տալ: Բայց երբ մեծահասակն է փոքրիկին կսմթում, դա արդեն բոլորովին այլ բան է: Այդ դեպքում, բառի լավ իմաստով, երեխան իրեն ազատ է պահում, մեծահասակը երեխա է դառնում և թե՛ մեկն է ուրախանում, թե՛ մյուսը:
- Հա՛յր, պատահում է, որ միտքն ինձ ասում է, որ մի բան ճիշտ չի կատարվում, ես իմ կարծիքն եմ հայտնում ավագներին, իսկ նրանք դա չեն ընդունում: Ես պիտի համաձայնե՞մ դրա հետ:
- Ո՛չ, չարի հետ մի՛ համաձայնիր: Բարին ու ճիշտն ասա, բայց ճիշտ ու բարի ձևով. «Միգուցե ավելի լավ է այսպե՞ս անենք: Ես դա ուղղակի եմ ասում, որպես միտք»: Կամ էլ ասա. «Մի այսպիսի միտք ունեմ»: Այդ կերպ դու մագնիս ես դառնում և Աստծո շնորհը դեպի քեզ ես ձգում: Որոշ մարդիկ սովորության համաձայն են ազատորեն խոսում, այլ ոչ թե ձգտում են իրենց կարծիքն արտահայտել: Համենայն դեպս կրտսերը պետք է հարգանք ունենա ավագի նկատմամբ: Բայց ավագն ինքն էլ, եթե կարելի է այդպես ասել, կարիք ունի, որ իրեն հարգեն: Եվ եթե նույնիսկ նա թերություններ ունի, ապա միևնույն է որևէ բարի բան էլ ունի՝ ինչ-որ փորձ և նման որևէ բան: Երբ քեզ հարցնում են, խոնարհությամբ և հարգանքով քո միտքը արտահայտիր, բայց միևնույն ժամանակ չպետք է քո մեջ վստահ լինես, որ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես դու ես պատկերացնում: Չէ՞ որ ուրիշ մեկը կարող է իմանալ այն, ինչ դու չգիտես կամ այն, ինչի մասին չես մտածել: Եթե մարդը լսի, որ մի թեմա է քննարկվում և մի միտք ծագի նրա գլխում դրա կապակցությամբ, որ իր կարծիքով ավելի ճիշտ է, ապա հարկ է, որ ասի. «Մի միտք ծագեց», եթե իր հասակակցի հետ է խոսում: Իսկ եթե իրենից տարիքով մեծի հետ է խոսում, ապա պետք է ասի. «Մի հայհոյական (նախատական) միտք ծագեց գլխումս»: Որովհետև անամոթություն է ուրիշների գործերին խառնվելը, եթե նույնիսկ արտահայտած կարծիքը ճիշտ է:
- Իսկ «ավագի հանդեպ հարգանք» ասելով, Դուք տարիքով ավագների՞ն նկատի ունեք, թե՞ հոգևոր տարիքով:
- Հիմնականում՝ տարիքով: Քանի որ տե՛ս՝ մարդը, որ հոգևոր առումով առաջադիմում է, հարգանքով, մեծարանքով է վերաբերվում իրենից ավագին:
- Հա՛յր, իսկ բնակա՞ն է տարիքով կրտսեր, բայց հոգևոր առումով առաջադիմող մարդուն ավելի հարգել, քան այն մարդուն, ով տարիքով մեծ է, բայց հոգևոր առումով պակաս է աճել:
- Ո՛չ, դա ճիշտ հարցադրում չէ: Ինչ վիճակում էլ, որ տարիքով մեծը լինի, տարիքի համար պետք է հարգանքով վերաբերվես նրան: Մարդկանց պատվով վերաբերվիր. տարիքով ավագին՝ իր տարիքի համար, կրտսերին՝ իր ակնածանքի համար: Եթե հարգանք կա, ապա կրտսերը պատվում է ավագին, իսկ ավագը՝ կրտսերին: Հարգանքի մեջ սեր կա: «Արդ, հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. 13:7),- ասում է Պողոս առաքյալը:
- Իսկ եթե կրտսերներն ավագներին նկատողություն են անում, վա՞տ է:
- Դա նոր սերնդի կանոնադրությունն է: Բայց Սուրբ Գրքում գրված է. «Հանդիմանիր եղբորդ» (Մտթ. 18:15): «Հորդ հանդիմանիր» այնտեղ գրված չէ: Այժմյան երիտասարդությունը վիճում է, ապստամբում, ինքն էլ դա չհասկանալով: Նրանք իրենց պահվածքը բնական են համարում: Նրանք անամոթաբար են խոսում, իսկ հետո ասում են. «Ես դա ուղղակի ասացի»: Երիտասարդությունը ընկել է այս աշխարհի ոգու ազդեցության տակ՝ անհավասարակշիռ, խուլիգանական ոգու, որը ոչինչ չի պատվում և հարգում: Կրտսերներն իրենց անհարգալից են պահում ավագների նկատմամբ և չեն հասկանում, թե դա որքան վատ է: Ի՞նչ լավ բան կարելի է սպասել այն բանից, եթե երիտասարդը, իբրև թե վառ անհատականություն լինելու համար, ասում է, որ ավագների հանդեպ հարգանքն իր դարն ապրել է: Մեծ ուշադրություն է անհրաժեշտ: Ժամանակակից աշխարհիկ ոգին երիտասարդությանը ներշնչում է. «Մի՛ լսեք ծնողներին, ուսուցիչներին»: Այդ պատճառով էլ հիմա երեխաները ամենափոքր հասակից ավելի ու ավելի վատն են դառնում: Իսկ ամենաշատը այն երեխաներն են փչանում, որոնց ծնողները չգիտակցելով այն չարիքը, որ նրանց են պատճառում, հիանում են իրենց երեխաներով և նրանց «վունդերկինդներ» համարում, երբ վերջիններս անամոթությամբ են խոսում: Մի անգամ իմ խուց մի հայր եկավ՝ ութ-ինը տարեկան իր որդու և նույն տարիքի զարմիկի հետ: Տղաներից մեկին իմ աջ կողմում նստեցրի, մյուսին՝ ձախ: Իսկ դրանից ոչ շատ առաջ իմ ծանոթ նկարիչն էր եկել, մի շատ լավ մարդ և իր գործի վարպետ՝ մեկ րոպեում կարող է դիմանկար անել բնորդից: «Դիոնիսիո՛ս,- խնդրեցի նրան,- հապա մի երեխաներին նկարիր այնպես, ինչպես հիմա միասին նստած ենք»: «Հիմա կփորձեմ,- պատասխանեց նա,- բայց չգիտեմ կհաջողվի՞ արդյոք, որովհետև նրանք պտտվում են»: Նա հազիվ էր թուղթը վերցրել և սկսել նկարել, երբ երեխաներից մեկը վեր թռավ տեղից և «հարգեց» նրան. «Հիմա կտեսնենք, ա՛յ հիմար, թե ինչ ես նկարում»: Իսկ չորս կողմը լիքը ժողովուրդ է: Բայց երիտասարդն ամենևին չշփոթվեց: «Այսպիսին են այժմյան երեխաները, Հա՛յր»,- ասաց նա ինձ և շարունակեց նկարել: Բայց արյունը գլխիս խփեց: Իսկ երեխայի հայրն իրեն այնպես էր պահում, ասես ոչինչ էլ չէր եղել: Երեխաներդ այդպես գռեհիկ են իրենց պահում երեսնամյա մարդու հետ, որը նրանց դեռ նկարում էլ է: Որքա՜ն անամոթություն կա դրանում և հարգանքի բացակայություն: Եվ էլ ինչե՜ր ասես, դրանից բացի: Ի՜նչ սարսափելի է: Եվ այժմ պատկերացրու, որ այդ երեխաներից մեկը ցանկանա վանական դառնալ: Շատ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի նման երեխան իսկական վանական դառնա: Մայրերն իրենց զավակներին չհետևելով՝ կործանում են նրանց: Ողջ հիմքը մոր մեջ է: Եթե Ռուսաստանում ինչ-որ բան էլ փոխվել է, ապա միայն այն պատճառով, որ մայրերը գաղտնի պահել են հավատքը, երկյուղածությունը և օգնել իրենց երեխաներին: Բարեբախտաբար, քրիստոնեական ընտանիքներում մի փոքր թթխմոր պահպանվել է: Այլապես կկործանվեինք:
- Հա՛յր, իսկ այդ կերպ մեծացող երեխաները կկարողանա՞ն փոխվել կամ վանական դառնալ, եթե ցանկանան:
- Եթե նրանք գիտակցում են, որ իրենց լավ չեն պահել, ապա Քրիստոս կօգնի նրանց: Այսինքն, եթե մարդու մեջ բարի անհանգստություն մտնի, ապա հարցը կարելի է փակված համարել: Սակայն ինչպե՞ս ուղղվեն նման երեխաները, եթե վանականներ դառնալով՝ իրենց իրավացի են համարում նախկինի պես և վանահոր կամ մայրապետի մասին ասում են. «Այս ի՞նչ բռնապետ է: Ո՞վ է տեսել, որ մեր դարաշրջանում նման բան կատարվի»: Նույնիսկ որոշ կուսակրոններ են ինձ նման հիմարություններ ասում:
Կամաց-կամաց հարգանքը բոլորովին կորում է: Իմ խուց երիտասարդներ են գալիս, և մեծամասնությունը ոտքը ոտքին գցած նստում է, իսկ ծերերին նստելու տեղ չի մնում: Իսկ այլոք էլ ծուլանում են երկու քայլ անել, որպեսզի քիչ հեռվում գտնվող ազատ կոճղերը մոտ բերեն ու նստեն: Ես ինքս պետք է այդ կոճղերը գլորեմ բերեմ նրանց համար: Եվ նույնիսկ չեն մոտենում, որ դրանք վերցնեն ձեռքիցս, երբ տեսնում են, թե ինչպես եմ բերում: Ուզում են ջուր խմել, սակայն չեն ուզում մի քանի մետր անցնել, որպեսզի խմեն: Ես պետք է նրանց համար բերեմ և դեռ երկրորդ բաժակն էլ: Չէ, ես իսկապես ապշում եմ՝ առողջ երիտասարդների երեսուն հոգանոց խմբեր են գալիս, նայում են, թե ինչպես եմ ոտքերս քարշ տալով գնում ու լոխումի մեծ տուփը, ջրի թիթեղամանը, բաժակները բերում, որպեսզի հենց իրենց հյուրասիրեմ, սակայն նրանցից և ոչ մեկը տեղից չի շարժվում ինձ օգնելու համար: Իսկ նրանց կողքին նստած վառոդի հոտը շնչած գեներալ-մայորը վեր է կենում և շտապում ինձ օգնության: Երիտասարդությունը կարծում է, թե Աթոսի խցում էլ մատուցողը կմոտենա իրենց և կսպասարկի, ինչպես ռեստորանում կամ հյուրանոցում է լինում: Հինգ-վեց անգամ նույնիսկ այսպիսի բան եմ արել՝ դժվարությամբ ոտքերս քարշ տալով, գնացել եմ թիթեղամանի հետևից, նրանց համար ջուր եմ բերել և հենց նրանց քթի առաջ թափել եմ գետնին: «Ես կարող եմ ձեզ համար ջուր բերել, տղանե՛ր,- ասել եմ նրանց,- սակայն դա ի օգուտ ձեզ չի լինի»:
Քաղաքային տրանսպորտում տեսնում ես, որ երեխաները նստած են, իսկ տարիքն առած մարդիկ՝ կանգնած: Երիտասարդները ոտքը ոտքին գցած նստած են, իսկ հասուն մարդիկ վեր են կենում, որպեսզի իրենց տեղը ծերերին զիջեն: Երիտասարդներն իրենց տեղը չեն զիջում: «Ես վճարել եմ այս տեղի համար»,- ասում են: Նստում են և ոչ ոքի ուշադրություն չեն դարձնում: Իսկ ինչպիսի՜ ոգի կար հնում: Նեղլիկ փողոցների երկու կողմերում նստած կանայք վեր էին կենում, երբ նրանց մոտով հոգևորական կամ տարեց մարդ էր անցնում: Եվ իրենց երեխաներին էլ էին սովորեցնում:
Որքա՜ն հաճախ եմ վրդովվում: Տեսնում ես տարեց, պատկառելի, հարգարժան մարդիկ զրուցում են, իսկ երիտասարդ անպատկառներն անամոթաբար խառնվում են խոսակցությանը, ընդհատում, ինչ հիմարություն ասես, որ դուրս չեն տալիս և դա էլ դեռ նվաճում են համարում: Նշանացի հասկացնում եմ, որպեսզի վերջ տան, սակայն նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Դադարեցնելու համար ստիպված ես լինում ծաղրել նրանց, այլապես իրենցը կշարունակեն: Հայրաբանական ոչ մի գրքում գրված չէ, որ երիտասարդներն այդ կերպ խոսեն ավագների հետ: Հայրաբանության մեջ գրված է. «Ծերն ասաց», այլ ոչ թե՝ «երիտասարդն ասաց»: Հնում կրտսերները լռում էին ավագների ներկայությամբ և ուրախանում էին, որ լռում էին: Նրանք նույնիսկ չէին նստում այնտեղ, որտեղ ավագներ էին նստում: Այն ժամանակաշրջանի երիտասարդներն առանձնանում էին իրենց ամոթխածությամբ, համեստությամբ, երկյուղածությամբ և կարմրում էին ավագների հետ խոսելիս: Իսկ եթե հանկարծ այն ժամանակվա երեխաներից մեկն իր ծնողներին կոպտեր, ապա ամոթից նույնիսկ շուկայում չէր համարձակվի հայտնվել: Իսկ Սուրբ լեռան վրա վանականը տոնական երգչախմբին չէր մասնակցում, եթե մորուքը դեռ ալեխառն չէր: Իսկ այժմ տեսնում ես, թե ինչպես են երգչախմբում հավաքվում և՛ միաբանները, և՛ միաբանի թեկնածուները… Դե լավ, ինչ արած, բայց գոնե թող սովորեն հարգանքով և ակնածանքով վերաբերվել ավագներին:
Նաև այսպիսի բան կարելի է լսել՝ Աֆոնիադայի սանը ռեկտորին, ով արքեպիսկոպոսի աստիճան է կրում, հայտարարում է. «Սրբազա՛ն, մենք կխոսենք որպես հավասարը հավասարի»: Այո՛-այո՛, բանը նույնիսկ դրան է հասնում: Եվ վատն այն է, որ այդ պատանյակը չի հասկանում, թե ինչ վատ բան կա այդտեղ և համառում է. «Ի՞նչ եմ ասել, որ: Չեմ հասկանում»: Փոխարենը խնդրի սրբազանին. «Ներեցեք, օրհնեցեք մի միտք արտահայտել, սակայն միգուցե այն, ինչ կասեմ՝ հիմարություն է», դեռահասը հանգիստ հայտարարում է. «Դու քո կարծիքն ունես, ես՝ իմը»: Հասկանալի՞ է: Ցավոք, այդ ոգին և՛ հոգևոր կյանք է ներթափանցել, և՛ վանականության մեջ: Լսո՞ւմ ես, թե միաբաններն ինչպես են բողոքում. «Ես այդ մասին ասացի ծերին, սակայն նա ինձ չի հասկանում, չնայած որ բազմիցս հիշեցրել եմ նրան»: «Լսի՛ր,- ասում եմ,- լեզուդ ինչպե՞ս է պտտվում «բազմիցս» ասել»: Քանի որ դրանով կարծես ասում ես. «Ծերն այդպես էլ չուղղվեց»: «Իսկ ինչ է, չե՞մ կարող կարծիքս արտահայտել»,- պատասխանում է: Ուղղակի պայթում ես, երբ նման բան ես լսում: Դեռ վերջում էլ քեզ հարցնում է. «Ի՞նչ է, տխրեցի՞ր: Դե, ներիր ինձ»: Այսինքն ես պետք է նրան ներեմ ոչ թե նրա համար՝ ինչ ասաց, այլ նրա՝ որ արյունը գլխիս զարկեց:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի